Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակվում են, և Պրահայի հանդիպմանը հաջորդած հայտարարությունից հետո այս առումով որևէ զարգացում չկա։ Նոր զարգացումների դեպքում, ինչպես և նախկինում, հանրությանը պատշաճ կերպով տեղյակ կպահենք: Այս մասին «Լուրերին» հայտնել է ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:
Ավելի վաղ թուրքական tvnet հեռուստաալիքին տված հարցազրույցում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն հայտարարել էր, թե, իբր, Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել Ադրբեջանի առաջարկած հինգ սկզբունքների շուրջ: Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ խաղաղության պայմանագրի բացակայության պարագայում «սադրանքները կշարունակվեն»։
Չավուշօղլուն կրկին հայտարարել է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները հնարավոր չէ անկախ դիտարկել Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացից:
«Մենք մշտապես կապի մեջ ենք Ադրբեջանի հետ և չենք կարող առանձին գործել»,- նշել է նա՝ շեշտելով, որ թե՛ նախագահների, թե՛ ԱԳ նախարարների մակարդակով Թուրքիան և Ադրբեջանը սերտ շփումների մեջ են, և այդ համագործակցությունը ոչ թե Հայաստանի դեմ է ուղղված, այլ միտված է նպաստելու խաղաղության օրակարգին: