«Ստանդարտ ընդ փուրս» միջազգային վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի կառավարության արտարժույթով և ազգային արժույթով պարտավորությունների թողարկման «B+» սուվերեն վարկանիշը՝ «կայուն» հեռանկարով: Չնայած Հայաստանի տնտեսական աճը կտրուկ արագացել է 2022 թվականի առաջին կիսամյակում, սակայն, ըստ կառույցի փորձագետների, տնտեսական աճի հեռանկարի հետ կապված ռիսկերը պահպանվում են՝ պայմանավորված Հայաստանի գլխավոր առևտրային գործընկեր Ռուսաստանում առաջացած խնդիրներով և վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած էսկալացիայով:
Էդուարդ Հակոբյան (ՀՀ ՖՆ մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետ) - Պահպանումը և հատկապես կայուն հեռանկարի նշումը հուշում է այն մասին, որ մեզ մոտ տնտեսական զարգացումների հեռանկարները և տնտեսական աճի հեռանկարները կայուն են, այդ առումով ռիսկեր, որպես այդպիսին, չկան, և մյուս կարևոր հանգամանքը, որ ՀՀ կառավարությունը ավելի բարվոք վիճակում է գտնվում իր ֆիսկալ ցուցանիշների տեսանկյունից:
Բոլոր վարկանիշավորող գործակալությունները զգուշավորություն են ցուցաբերում ներկա իրավիճակում վարկանիշներ շնորհելիս՝ նշում է ֆինանսիստ Կարեն Զաքարյանը:
Կարեն Զաքարյան (ֆինանսիստ) - Ներկա իրավիճակում բնականաբար բոլոր երկրների մոտ ակնկալիքը էնպիսին է, որ լավագույն դեպքում կպահպանեն այն, ինչ ունեն, իսկ հաշվի առնելով ռիսկերը` նաև որոշակի նվազում կունենան: Ի հակադրություն դրան` մեզ մոտ պահպանվում են տեմպերը և նաև ավելանում, կարողացել ենք այնպես անել, որ այս իրավիճակում ռելոկանտների շնորհիվ որոշակի տնտեսական հավելյալ ակտիվություն ենք գրանցել: Այս առումով Հայաստանը կարող է քիչ պետություններից լինի, որոնք այս իրավիճակում պահպանել են և նաև դեպի դրական են փոխել որոշակի ակնկալիքներ:
Ըստ ֆինանսների նախարարության պաշտոնյայի՝ գնահատականը բալանսավորված է, իսկ դրական գործոնները գերակշռում են նշված ռիսկերին: Թե ինչ է պետք անել վարկանիշի բարձրացման համար՝ Էդուարդ Հակոբյանը նշում է.
Էդուարդ Հակոբյան - Տնտեսությունը պետք է շարունակի նույն տեմպերով ըստ էության աճել, այսինքն` կայուն աճի տեմպերը, բարձր աճի տեմպերը պետք է պահպանվեն, Կառավարությունը պետք է շարունակի իր ռեֆորմների քաղաքականությունը, ինչպես նաև պարտքի բեռը կառավարելի և կայուն մակարդակում պահպանի առաջիկա տարիներին:
Գործակալությունը վերանայել է ընթացիկ տարվա համար Հայաստանի տնտեսական աճի իր կանխատեսումը՝ նախկին 1.3-ի փոխարեն դարձնելով 8.6 տոկոս: Կարեն Զաքարյանի խոսքով՝ ներկա գնահատականը մի շարք ազդակներ է տալիս օտարերկրյա ներդրողներին:
Կարեն Զաքարյան - Այն մարդկանց, ովքեր կարդում են միայն վերնագիրը, ինֆորմացիա է տալու, որ Հայաստանում իրերը վատ չեն, և ամեն ինչ կայուն է, բայց այն մարդիկ, ովքեր ավելի մանրամասն են նայելու, այնտեղ դրական շատ բացահայտումներ են տեսնելու իրենց համար, որ Հայաստանի տնտեսությունը իրականում բավականին արագ տեմպերով աճում է, և որ «Ստանդարտ ընդ փուրս»-ը իր գնահատականը փոխել է, այսինքն՝ 1.3 տոկոսից տնտեսական աճի կանխատեսումը դարձրել է 8.6: Սա շատ լուրջ փոփոխություն է, չնայած էդ 8.6-ը ևս հաշվի է առնում հնարավոր ռիսկերը, այսինքն` եթե էդ ռիսկերը ի հայտ չգան, մեր տնտեսական աճն ավելի բարձր կլինի:
Նշենք, որ նախորդ ամիս էլ «Ֆիթչ» գործակալությունն էր Հայաստանի վարկանիշը թողել B+ մակարդակում, դարձյալ կայուն հեռանկարով:
Հեղինակ` Նիկոլայ Ավետիսյան