Հնդկաստանը և ԱՄԷ-ն ուսումնասիրում են ազգային արժույթներով երկկողմ առևտրի իրականացման մեխանիզմի ստեղծումը՝ ասվում է Հնդկաստանի առևտրի նախարարության հայտարարության մեջ:
Տեղական արժույթներով առևտրի վերաբերյալ բանակցությունները սկսվել են, երբ Հնդկաստանի արտաքին առևտրի գլխավոր տնօրինությունը փոփոխել է իր առևտրային քաղաքականությունը՝ թույլ տալով ներմուծողներին և արտահանողներին վճարել և ստանալ հնդկական ռուփի՝ հնդկական ֆինանսական հաստատություններում օտարերկրյա բանկերի բացած հատուկ հաշիվների միջոցով:
Հնդկաստանը և ԱՄԷ-ն նաև պայմանավորվել են շարունակել քննարկումները Հնդկաստանի ակնթարթային միջբանկային վճարային համակարգն ընդհանուր թվային վճարումների հարթակ դարձնելու վերաբերյալ՝ առևտրային վճարումներն ավելի արագ կատարելու և ավելի հարթ դարձնելու նպատակով:
Տեղական արժույթներով առևտուրն աջակցություն է ստացել մի շարք երկրներում՝ նվազեցնելով կախվածությունը այնպիսի արժույթներից, ինչպիսիք են ԱՄՆ դոլարը և եվրոն։ ԱՄԷ-ի և Հնդկաստանի երկկողմ առևտրում շարունակում է գերակշռել նավթը՝ կազմելով ընդհանուր առևտրի արժեքի 62 տոկոսը: Այնուամենայնիվ, երկու կառավարությունները հույս են հայտնել, որ առևտրային գործարքը կփոխի դա առաջիկա տարիներին։
ԱՄԷ-ն Հնդկաստանի երրորդ խոշորագույն առևտրային գործընկերն է. երկկողմ առևտուրն անցյալ ֆինանսական տարում գերազանցել է 73 միլիարդ դոլարը: Երկու երկրները մայիսին ստորագրել են համապարփակ տնտեսական գործընկերության համաձայնագիր (CEPA), որի նպատակն է առաջիկա երկու-երեք տարում ապահովել 100 միլիարդ դոլարի երկկողմ առևտուր:
Հեղինակ՝ Էլինա Իշխանյան