Հակակոռուպցիոն դատարանը հոկտեմբերի վերջին կսկսի բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գործի քննությունը: Դատախազությունը բարձրաստիճան նախկին պաշտոնյային պատկանող` ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի ուսումնասիրությունը սկսել է 2020-ի հոկտեմբերին: Հայցագինը 7,2 միլիարդ դրամ է: Տարբեր ընկերություններում մասնակցության արժեքը պարզելուց հետո չի բացառվում, որ թիվը կրկնապատկվի:
Սիրո Ամիրխանյան (ՀՀ ԳԴ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետ) - Ուսումնասիրության ընթացքում կազմվել է նախնական ամփոփում, դրա հիման վրա ձեռնարկվել են հայցի նախնական ապահովման միջոցների կապակցությամբ: Արամ Հարությունյանին պատկանող գույքը արգելադրվել է:
Դատախազությունը պահանջ է ներկայացրել դատարան՝ Արամ Հարությունյանից, նրան փոխկապակցված անձանցից մոտ 7,2 միլիարդ դրամի գույքը բռնագանձել հօգուտ պետության: Բռնագանձման է ենթակա երկու բնակարան և մեկ բնակելի տուն Երևանում, հյուրանոցառեստորանային համալիր, ավտոտնակ, Արագածոտնում և Գեղարքունիքում գտնվող 2 հողամաս: Ըստ դատախազի՝ անհնարինության դեպքում բռնագանձման է ենթակա դրանց միջին շուկայական արժեքը՝ ավելի քան 2 մլրդ 500 միլիոն դրամ:
Սիրո Ամիրխանյան - Բացի դրանից՝ հայցապահանջի առարկա է հանդիսացել Արամ Հարությունյանից բռնագանձել 1 միլիոն 661 հազար ԱՄՆ դոլարի չափով գումար, որը առկա է նրա բանկային հաշվեհամարին:
Պահանջ է ներկայացվել բռնագանձել նաև 3 ընկերությունների բաժնետոմսեր, որոնցից միայն մեկ ընկերության անշարժ գույքի շուկայական արժեքը ավելի քան 8 միլիարդ 166 միլիոն դրամ է, նաև ավելի քան 4 միլիարդ դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, ավելի քան 272 միլիոն դրամ, որը չի հիմնավորվում օրինական եկամուտներով: Արամ Հարությունյանը պետական պաշտոններ է զբաղեցրել 1999 թվականից: Ամենաբարձր աշխատավարձը ստացել է որպես Ազգային ժողովի պատգամավոր՝ մոտ 661 հազար դրամ՝ չհարկված:
Սիրո Ամիրխանյան - Սկսած 1999-ից նրա պաշտոն զբաղեցնելու ավարտը համադրելով ստացած աշխատավարձը գույքային ձեռքբերումների հետ, ակնհայտ է անհամապատասխանությունը:
Հարությունյանը, 1999-2003 թթ. պատգամավոր լինելուց բացի, 2004-07 թթ. ղեկավարել է քաղաքաշինության, 2007-2014 թթ. բնապահպանության նախարարությունները, 2014-2015 թվականներին Կոտայքի մարզպետ է եղել, 2015-2016-ին էլ ղեկավարել է ջրային կոմիտեն: Դատախազությունում Հարությունյանի, փոխկապակցված անձանց՝ կնոջ և քրոջ ամուսնու շահերը ներկայացրել է փաստաբանը, հայտնել դիրքորոշում: Դրանից հետո վերահաշվարկ է կատարվել, և, Սիրո Ամիրխանյանի խոսքով, օրինական եկամուտների և ձեռք բերված գույքի անհամապատասխանությունը կրկին ակնառու է եղել:
Սիրո Ամիրխանյան - Դատարանում ես հանդես կգամ որպես պետության ներկայացուցիչ: Ակնկալիքները մեծ են, որ ունենանք նորաստեղծ դատարան, որ երկար չեն ձգձգվի: Ակտը կկայացվի:
Հարությունյանի գործով շահերի ներկայացուցիչ Արթուր Հովհաննիսյանը հրաժարվեց որևէ մեկնաբանությունից: Արամ Հարությունյանը հետախուզվում է 2018-ից: Նա իրավապահների խոշորացույցի տակ է հայտնվել մոտ 14 միլիոն դոլարի կաշառքի գործով: Քրեական գործը հակակոռուպցիոն կոմիտեի վարույթում է: Այդ գործով մինչև մեղադրյալ ներգրավվելը նա հարցաքննվել է, որի ընթացքում մերժել է առնչությունը նշված հանցագործությանը: Հակակոռուպցիոն կոմիտեում որպես մեղադրյալ ներգրավվելու փաստը դատախազության համար դարձել է հիմք՝ սկսելու ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի ուսումնասիրությունը: