Հենց Հայաստանն է այսօր ենթարկվել հարձակման, նրա տարածք ներխուժել են, ոչնչացրել քաղաքացիական ենթակառուցվածքները՝ Եվրախորհրդարանի պաշտպանության հարցերով հանձնաժողովի հանդիպմանը հայտարարել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:
Տոյվո Կլաար (Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ) - Սեպտեմբերի 13-ին և 14-ին լուրջ բախումներ տեղի ունեցան. դա ամենալուրջ էսկալացիան էր 2020 թվականի հրադադարից ի վեր: Այս զարգացումները գրավեցին միջազգային հանրության ուշադրությունը, որը ջանքեր է գործադրում՝ երաշխավորելու, որ ռազմական գործողությունները չվերսկսվեն, հաստատվի կայունություն և շարունակվեն քաղաքական բանակցությունները:
ԿԼԱԱՐԸ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ
Կլաարն անդրադարձել է համացանցում շրջանառվող պատերազմական հանցագործությունների տեսանյութերին, կոչ արել համապարփակ հետաքննություն անցկացնել, միաժամանակ հույս հայտնել, որ Ադրբեջանի իշխանությունները ամենայն լրջությամբ կուսումնասիրեն հայ ռազմագերիների գնդակահարության տեսանյութերը:
Տոյվո Կլաար - Անհնար է անպատիժ մնացած հանցագործությունների վրա խաղաղություն կառուցել: Ավելի վաղ շրջանի այլ տեսանյութեր էլ են ի հայտ եկել, դրանք նույնպես պետք է ուսումնասիրվեն: Հարկ է նշել, որ դեռևս 1990-ականներից հազարավոր մարդիկ՝ թե՛ ադրբեջանցիներ, թե՛ հայեր, անհետ կորել են: Այս հարցն էլ պետք է լուծվի։ Կոչ ենք անում կողմերին շարունակել խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումները, քանի որ այլընտրանք չկա:
ԵՄ-Ն ՊԵՏՔ Է ՕԳՆԻ ՀԱՍՆԵԼ ԱՐԴԱՐ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ. ԿԼԱԱՐ
Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտահոգություն է հայտնել՝ իրավիճակը ծայրահեղ վտանգավոր է։ Նա ընդգծել է, որ ԵՄ-ն պետք է օգնի Հայաստանին և Ադրբեջանին հաղթահարել իրավիճակը և հասնել արդար խաղաղության, որը երկու ժողովուրդները նույնպես կհամարեն արդար:
Տոյվո Կլաար - Դեռ շատ հարցեր պետք է լուծվեն, հեշտ չէ։ ԵՄ-ն պետք է ներգրավված մնա, քանի որ, անկեղծ ասած, այժմ այնքան էլ շատ միջազգային դերակատարներ չկան, որոնք կարող են անել այն, ինչ կարող ենք մենք: Մենք նաև կարևորում ենք Միացյալ Նահանգների հետ ջանքերի համակարգումը: Ինչ վերաբերում է Ռուսաստանին. Մոսկվայի հետ կապի որոշակի խողովակներ կան, սակայն Ուկրաինայում պատերազմը շատ է բարդացրել Ռուսաստանի հետ աշխատանքը։
Ինչ վերաբերում է հաղորդակցությունների ապաշրջափակմանը, Կլաարն ընդգծել է՝ Նախիջևանի և Ադրբեջանի մնացած հատվածի միջև ավտոմոբիլային և երկաթուղային հաղորդակցությունը կարող է հաստատվել միայն երբ բոլորի համար հստակ լինի, որ այդ ճանապարհները Հայաստանի ինքնիշխան տարածքի մաս են: Նրա խոսքով այդ հարցը համաձայնեցվել է Բրյուսելում մայիսի 22-ին:
ԿՈՎԱՉԵՎԸ ԿԱՐԵՎՈՐ Է ՀԱՄԱՐԵԼ ԳԵՐԻՆԵՐԻ ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՄԱՆ ՀԱՐՑԸ
Բացման խոսքից հետո Կլաարին են դիմել Եվրախորհրդարանի մի շարք պատգամավորներ, քննադատել Հայաստանի դեմ Ադրբեջանի գործողությունները: Հայաստանի հարցով հիմնական զեկուցող Անդրեյ Կովաչևը, մասնավորապես, տեղեկացրել է, որ Ադրբեջանի հարցով հիմնական զեկուցող Ժելյանա Զովկոյի հետ համատեղ զեկույց են մշակում տարածաշրջանում իրավիճակի մասին, հավելել, որ մյուս շաբաթ, հնարավոր է, այցելի Հայաստան:
Անդրեյ Կովաչև (Եվրախորհրդարանի պատգամավոր)- Ես այս ամենին հետևում եմ շուրջ 15 տարի. մեծ հույսեր ենք ունեցել, նաև մեծ հիասթափություններ: Դեռևս հավատում եմ Մինսկի խմբին. պետք է փորձենք խաղաղություն հաստատել երկու ժողովուրդների միջև։ Երիտասարդ սերունդը պետք է ապրի այդ տարածաշրջանում, նրանք խաղաղության կարիք ունեն։ Կարևոր է նաև ռազմագերիների հարցը. Նրանք պետք է հայրենադարձվեն:
Կլաարն արձագանքել է Կովաչևի նկատառումներին.
Տոյվո Կլաար - Մինսկի խումբը իրավականորեն շարունակում է իր գոյությունը: Ճիշտ է՝ Ադրբեջանն այս ձևաչափը կենսունակ չի համարում, բայց կարևորն այն է, որ միջազգային հանրությունը Հայաստանին և Ադրբեջանին օգնում է շարժվել դեպի խաղաղություն։
ԵՄ-Ն ՊԵՏՔ Է ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԾՐԱԳԻՐ ՈՒՆԵՆԱ. ԵՎՐԱՊԱՏԳԱՄԱՎՈՐ
Եվրախորհրդարանի մեկ այլ պատգամավոր՝ Քերըն Մելքիորն էլ պնդել է՝ նախորդ 30 տարվա ընթացքում ԵՄ-ը բավականաչափ ջանք չի գործադրել հակամարտությունը կարգավորելու համար:
Քերըն Մելքիոր (Եվրախորհրդարանի պատգամավոր) - Մենք պետք է ավելի երկարաժամկետ ծրագիր ունենանք տարածաշրջանում, ավելի երկարաժամկետ, քան Հայաստան-Ադրբեջան սահմանին 2 ամիս տևողությամբ քաղաքացիական առաքելություն տեղակայելը։ Մենք նաև պետք է տարածաշրջանում ռուսական ուժերի և եվրոպական ջանքերի լիակատար հավասարակշռություն ապահովենք։
ԿԼԱԱՐՆ ԸՆԴԳԾԵԼ Է ԼՂ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
Եվրախորհրդարանի պաշտպանության հարցերով հանձնաժողովի նիստին անդրադարձ է եղել նաև մշակութային և կրոնական ժառանգության պահպանմանը: Տոյվո Կլաարն ընդգծել է պատմական օբյեկտների պահպանման և նոր ավերածությունների կանխման կարևորությունը:
Տոյվո Կլաար - Մենք տեսել ենք՝ ինչպես է ոչնչացվում հայկական մշակութային ժառանգությունը Նախիջևանում: Նման բան չպետք է լիներ, դա չի կարող արդարացվել: Ավերվել են նաև ադրբեջանական գերեզմաններ, բայց դա իրավունք չի տալիս ոչնչացնել հայկական ժառանգությունը։
Կլաարը հատուկ շեշտել է Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման անհրաժեշտությունը, ընդգծել՝ արցախահայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է ապահովվեն:
Տոյվո Կլաար - Լեռնային Ղարաբաղում հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է երաշխավորվեն, ապահովվի ներառականություն ու թափանցիկություն: Ղարաբաղի հայությունը պետք է զգա, որ ձեռք բերված պայմանավորվածություններն ապահովում են տեղում իր անվտանգությունը:
Պաշտպանության հարցերով հանձնաժողովի նիստն ամփոփել է Եվրախորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոն՝ «Սեպտեմբերին Հայաստանի տարածքում տեղի ունեցածը ևս մեկ անգամ ապացուցեց՝ Ադրբեջանում տիրում է ավտորիտար ռեժիմը, Հայաստանում՝ ժողովրդավարությունը»: