ԹԱԻԼԱՆԴ
ԱՅՏԵՐԻ ՓԻՐՍԻՆԳԻ ՓԱՌԱՏՈՆ
Թաիլանդի Ֆուկետ նահանգում կորոնավիրուսով պայմանավորված դադարից հետո դարձյալ անցկացվել է Այտերի փիրսինգի փառատոնը: Տեղի չինական համայնքի հավատացյալներն իրենց դեմքը ծակում են կամ տեղի սրբավայրերի մերձակայքում քայլում տաք ածուխի վրայով, որպեսզի, ըստ իրենց, մաքրագործվեն:
Այս մարդիկ նաև կարծում են, որ չինական օրացույցի իններորդ լուսնային ամսում առանց մսի, սեքսի և ալկոհոլի ապրելը նույնպես օգնում է լավ առողջության և մտքի խաղաղության հասնել:
Ֆուկետում տոնական երթ է անցկացվել` չինական աստվածների հիշատակին:
Սուր առարկաներով իրենց դեմքերը ծակած մարդիկ ասում են, որ այս փիրսինգի իմաստն այն է, որ այդպիսով ցույց են տալիս իրենց մեղսական լինելը:
Այտերի փիրսինգի փառատոնը սովորաբար տևում է 9 օր: Այն հայտնի է նաև Ինը կայսեր աստվածների փառատոն անվամբ:
ԱՄՆ
ՕԴԱՊԱՐԻԿՆԵՐԻ ՓԱՌԱՏՈՆ
Ամերիկյան Նյու Մեքսիկո նահանգի Ալբուկերկե քաղաքում անցկացվել է օդապարիկների փառատոնը: Միջազգային այս միջոցառումն անցկացվում է 50-րդ անգամ:
Փառատոնը տևում է 9 օր և սովորաբար մեկնարկում է հոկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում:
Ամեն տարի ավելի քան 600 օդապարիկ և 700-ից ավելի օդաչու է մասնակցում այս տոնին: Կարելի է հանդիպել ինչպես ավանդական օդապարիկների, այնպես էլ տարբեր մուլտհերոսների կերպարներով օդապարիկների:
Փառատոնը հիմնադրվել է 1972 թվականին, այն ժամանակ ընդամենը 13 օդապարիկ է մասնակցել միջոցառմանը: Այսօր ամբողջ աշխարհում սա համարվում է օդապարիկներին նվիրված ամենամեծ իրադարձությունը:
ԻՍՊԱՆԻԱ
ԻՍՊԱՆԻԱՅԻ ԱՄԵՆԱՄԵԾ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՇՏԱՐԱԿՆԵՐԸ
Իսպանիան հայտնի է ոչ միայն իր խելահեղ ցլամարտերով: Հենց այն հրապարակներում, որտեղ նաև ցլամարտեր են անցկացվում, տեղի են ունենում ամենամեծ մարդկային աշտարակները կառուցելու մրցույթները: Այս դեպքում նույնպես ադրենալինի պակաս չի լինում:
Այս անգամ մրցույթը դիտելու համար մոտ 11 հազար մարդ է հավաքվել: Կատալոնական մշակույթի մեջ խորապես արմատացած մարդկային աշտարակները կամ «դղյակները» կառուցվում են միմյանց ուսերին կանգնած մարդկանց կողմից: Նրանք մրցում են թիմերով, որոնց նպատակն է կառուցել ամենաբարձր և ամենաբարդ աշտարակը:
Վիլաֆրանկայի թիմը հաղթել է 40 այլ խմբի և գրավել առաջին տեղը: Մրցանակը 16 հազար եվրո է: Այս մրցույթը տեղի է ունենում 2 տարին մեկ անգամ:
Կորոնավիրուսով պայմանավորված դադարից հետո սա տեսակի մեջ առաջին միոցառումն է Իսպանիայում: Սովորաբար թիմի ամենատարեցներն, ամուրներն ու ծանր քաշ ունեցողները կանգնում են որպես աշտարակի հիմք, իսկ ավելի թեթևները, երիտասարդներն ու ճարպիկները վերև են բարձրանում` աստիճանաբար կառուցելով մարդկային աշտարակը: Այս տարվա ամենաբարձր աշտարակը 10 մակարդակից է բաղկացած եղել:
Մարկ Մուլթեյլ (բելգիացի զբոսաշրջիկ) - Ես ֆիզկուլտուրայի ուսուցիչ եմ: Ամբողջ կյանքս սպորտով եմ զբաղվել: Սա թիմային սպորտաձև է, մարդ չի կարող միայնակ սրանով զբաղվել: Որպես մարզիչ՝ շատ լավ հասկանում եմ, թե որքան մեծ աշխատանք, ժամանակ և մարզումներ են հարկավոր նման արդյունքի հասնելու համար: Այստեղ պարտվողներ չկան, բոլոր մասնակիցներն էլ հաղթողներ են:
Իրականում սա այնքան էլ անվտանգ մրցույթ չէ: Միայն այս տարի 71 մարդ բժշկական օգնություն է ստացել, իսկ 13 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, քանի որ նման բարձրությունից ընկնելը կատակ բան չէ:
Մարդկային աշտարակները 2010 թվականին ավելացվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում՝ որպես «կատալոնական մշակութային ինքնության անբաժանելի մաս», որը աշտարակը կառուցող մարդկանց համար ապահովում է «շարունակականության, սոցիալական համախմբվածության և համերաշխության զգացում»:
ԿԱՏԱՐ
ԿԱՏԱՐԸ ՎԵՐԱԲԱՑՈՒՄ Է ԻՍԼԱՄԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆԸ
Իսլամական արվեստի թանգարանն իր դռներն է բացել հանրության առջև՝ 18 ամիս փակ լինելուց հետո: Ժամանակավորապես չի գործել վերագործարկման և վերատեղադրման ծրագրի պատճառով:
Թանգարանում ներկայացված է ավելի քան 11 հազար ցուցանմուշ: Դրանք վերցված են երեք մայրցամաքից և 13 դարի պատկանող առարկաներ են: Ներառում են իսլամական արվեստի հավաքածուներ ամբողջ աշխարհից:
Ջուլիա Գոնելա (Կատարի թանգարանի տնօրեն) - Պետք է ասեմ, որ այս թանգարանը ապշեցուցիչ ճարտարապետություն ունի: Այն կանգնած է հին և նոր Դոհաների միջև՝ կապելով անցյալը ներկայի հետ: Կարծում եմ, որ դա իդեալական վայր է Իսլամական աշխարհը ցուցադրելու այլ տեսանկյունից, քան ջիհադը և նահատակները, պատերազմն ու խնդիրները:
Կատարն ունի 2.8 միլիոն բնակչություն: Նրանցից ընդամենը 380 հազարն են Կատարի քաղաքացիներ: Բոլորովին էլ պատահական չէ թանգարանի վերաբացումը հենց այս ժամանակաշրջանում, քանի որ տարեվերջին Կատարը պատրաստվում է հյուրընկալել ՖԻՖԱ-ի Աշխարհի գավաթի խաղերը: Երկրի իշխանությունների հավաստմամբ, ակնկալվում է, որ այդ միջոցառումը Կատար կբերի ավելի քան մեկ միլիոն երկրպագուի:
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ
ՍՈՒՊԵՐՄԵՆԻ ԿՈՍՏՅՈՒՄԻՑ ՄԻՆՉԵՎ ՍՈՒՊԵՐ ԱՍՏՂԵՐԻ ԿԻԹԱՌՆԵՐ. ԱՃՈՒՐԴ ԼՈՆԴՈՆՈՒՄ
Ֆիլմերից, հեռուստատեսությունից և երաժշտության աշխարհից հայտնի և ծանոթ իրերը կվաճառվեն նոյեմբերին, երբ բրիտանական Propstore հուշանվերների ընկերությունը կանցկացնի իր ամենամյա աճուրդը Լոնդոնում:
Քանի որ երկու տարի կորոնավիրուսի համաճարակի պատճառով աճուրդ չի անցկացվել, այս անգամ ներկայացված տեսականին բավականին մեծ է և բազմազան: Ներկայացված է ավելի քան 1500 լոտ՝ 11 միլիոն ֆունտ ընդհանուր արժեքով:
Սթիվեն Լեյն (Propstore-ի գործադիր տնօրեն) - Այս տարի ավելի մեծ աճուրդ է լինելու, քան նախկինում: Լոտերի քանակն առնվազն 500-ով ավելի է: Ահա թե ինչու աճուրդը մեկ օր ավելի կտևի: Սա բավականին մեծ քայլ է մեզ համար, այն մեր միջոցառումն ավելի հետաքրքիր է դարձնում:
Վաճառքի կարևորագույն լոտերից է Սուպերմենի ամբողջական զգեստը, որը Քրիստոֆեր Ռիվը կրել է 1978-1987 թվականներին «Սուպերմեն» ֆիլմաշարում: Այն գնահատված է 250- 500 հազար ֆունտ ստեռլինգ: Դարտ Վեյդերի սև ձեռնոցները 1977 թվականի «Աստղային պատերազմներ. նոր հույս» ֆիլմից են, գնահատված են 150-250 հազար ֆունտ ստեռլինգ, իսկ Rockhammer Աստվածաշունչը 1994 թվականի արտադրության «Փախուստ Շոուշենկից» ֆիլմից է, գնահատված է 100-150 հազար ֆունտ ստեռլինգ:
Մեծ վաճառքի հանված մյուս իրերից են 2001 թվականին «Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը» ստեղծագործության առաջին հրատարակությունը, որը գնահատված է 100-150 հազար ֆունտ ստեռլինգ, Նելիի օդաչուի սաղավարտը, որը Շոն Քոնորին կրել է 1967 թվականին, «Ջեյմս Բոնդ. դու միայն երկու անգամ ես ապրում» ֆիլմում, արժեքը 60-100 հազար ֆունտ ստեռլինգ է:
Երաժշտասերները նույնպես հնարավորություն կունենան գնելու այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են Դեյվիդ Բոուիի Major Tom տիեզերանավը Ashes to Ashes տեսահոլովակից, որը գնահատված է 60-80 հազար ֆունտ ստեռլինգ, Էլվիս Փրեսլիի ստորագրությամբ՝ զենքի լիցենզիայի դիմումը, որի արժեքը 40-60 ֆունտ ստեռլինգ է, և էլի բազում թանկարժեք լոտեր:
ՀՈՆԿՈՆԳ
ՊԻԿԱՍՈՅԻ ՆԿԱՐԸ ՀԱՆՎԵԼ Է ԱՃՈՒՐԴԻ
Արվեստասերները, հավաքորդներն ու լրատվամիջոցները ականատես են եղել, թե ինչպես է «Սոթբիի» Հոնկոնգյան Աշնանային մեծ վաճառքի շրջանակում աճուրդի հանվել Պիկասոյի մեծ կտավներից մեկը և արվեստի այլ գործեր:
Աճուրդի հանված գլխավոր նմուշը Պիկասոյի երկրորդ կնոջ՝ Ժակլին Ռոկի դիմանկարն է: Այն գնահատված է 7.7-10 միլիոն դոլար: Ավելի քան 50 տարի մասնավոր հավաքածուում լինելուց հետո առաջին անգամ է այս կտավը հանվում մեծ վաճառքի:
Ռիշիկա ասոմուլ («Սոթբի» աճուրդի տան աշխատակից) - Այս կտավը եղել է ընտանեկան հավաքածուում 1960-ականների վերջից, քանի որ այն վերջին անգամ ձեռք է բերվել այդ ժամանակ: Համարվում է ընտանեկան ժառանգություն և ներառված է եղել շվեյցարական մասնավոր հավաքածուում: Առաջին անգամ է հայտնվում աճուրդում: Այն տասնամյակներ շարունակ, ավելի ճիշտ՝ կես դար, հեռու է եղել հասարակության աչքից:
Աճուրդի հանված թանկարժեք լոտերի թվում են նաև գերմանացի նկարիչ Գերհարդ Ռիխտերի կտավներից մեկը և ավելի քան 11 կարատանոց վարդագույն ադամանդով շքեղ մատանին:
ԵԳԻՊՏՈՍ
ԵԳԻՊՏԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՓԱՌԱՏՈՆ ԿԻՆ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Կահիրեում միայն կանանց համար նախատեսված փառատոնն իր դռներն է բացել հանդիսատեսի առաջ՝ նպատակ ունենալով ուշադրություն դարձնել կին արտիստներին և օգնել նրանց՝ ձեռք բերելու ավելի մեծ թվով երկրպագուների:
Փառատոնը, որ կոչվում է She Art, միավորել է արաբ արտիստներին օտարերկրացիների հետ: Նրանք գործակցում են երաժշտության, թատրոնի, ստենդ-ափ կատակերգության և կինոյի ոլորտներում:
Մագդալենա Քլեյն (նվագախմբի դիրիժոր գերմանիայից) - Կարծում եմ՝ այս փառատոնը հրաշալի գաղափար է: Այն կարող է խթանել կանանց դերը արվեստում: Շատերը կան, որոնք հիանալի և տաղանդավոր են, բայց միշտ չէ, որ նրանք այնքան մեծ գնահատականի են արժանանում և հանրահռչակվում, որքան տղամարդիկ:
Փառատոնը նաև օգնում է բացահայտելու նոր աստղերի, որոնք հենց այս միջոցառման շնորհիվ հայտնի են դառնում և հետագայում տարբեր միջոցառումների մասնակցելու հրավերներ են ստանում:
ԱՄՆ
ԴԴՈՒՄ ՓՈՐԱԳՐԵԼՈՒ ՓԱՌԱՏՈՆ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ
Հելոուինի տոնին ընդառաջ Լոս Անջելեսում անցկացվել է Դդումներ փորագրելու փառատոնը: Այս տարի որոշել են փորագրված դդումների վրա պատկերել բոլոր այն հայտնի դեմքերին, որոնք կյանքից հեռացել են 2022 թվականի ընթացքում: Նրանց թվում են Բեթի Ուայթը, Օլիվիա Նյուտոն-Ջոնը և, իհարկե, Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ 2-րդ թագուհին:
Սա մի միջոցառում է, որին մեծ հաճույքով այցելում են ինչպես երեխաները, այնպես էլ նրանց ծնողները: Մարդիկ սիրում են ընտանիքներով գալ այստեղ և հիանալ հասարակ դդումներից պատրաստված գլուխգործոցներով:
Միքայելա Սանչես (Դդումներ փորագրելու փառատոնի այցելու) - Անչափ գեղեցիկ է ամեն ինչ: Իրականում մենք ցերեկն ենք գալիս այստեղ: Սակայն մնում ենք մինչև ուշ երեկո: Գիշերն ամեն ինչ ավելի վառ է ու տպավորիչ: Դուստրերիս հետ այստեղ եմ եկել իմ ծննդյան տարեդարձը նշելու:
Փառատոնի շրջանակում ոչ միայն ցուցադրվում են արդեն պատրաստի աշխատանքներ, այլև այցելուներին հատուկ ստուդիայում ցույց են տալիս, թե ինչպես են փորագրում և պատրաստում դդումից ստեղծված հիասքանչ լապտերները: