Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները Վարշավայում ԵԱՀԿ պետությունների բարձրաստիճան պատվիրակություններին են ներկայացրել Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների ապացույցները: ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ-ի Մարդկային չափման հարցերի համաժողովի շրջանակում կայացել է «Մարդու իրավունքները և մարդասիրական հիմնախնդիրները 2020 թ․ պատերազմից հետո» քննարկումը, որը կազմակերպել է «Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստանը»՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» կազմակերպության և Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի հետ։
Տաթևիկ Խաչատրյան (Բաց հասարակության հիմնադրամներ), Հայաստանի ծրագրերի համակարգող - Այս տարի աննախադեպ էր կազմակերպվածության և մասշտաբի տեսանկյունից, որովհետև առնվազն 5-6 քաղհասարակության ներկայացուցիչներ տարբեր ֆրոնտներով մասնակցում էին և կոնֆերանսի պլենար նիստերում ելույթ, 56 անդամ պետությունների ներկայացնում էինք 44-օրյա պատերազմի ժամանակ գործած հանցագործությունները, այնպես էլ սեպտեմբերի 13-ի ագրեսիան:
Ադրբեջանի վայրագությունների մասին բարձրաձայնելուց զատ, միջազգային հանրությանն ու տարբեր երկրների դիվանագիտական ներկայացուցչություններին են փոխանցվել Ադրբեջանի նկատմամբ պատասխանատվության միջոցների ձեռնարկման ուղղությամբ պահանջները: Միջազգային քննարկմանը հատուկ անդրադարձ է եղել Հայաստանի սուվերեն տարածք ադրբեջանական ուժերի մուտք գործելուն, սեպտեմբերի 13-ի ագրեսիայի ժամանակ կին զինծառայողների խոշտանգմանն ու հայ ռազմագերիների գնդակահարությանը:
Արփի Հարությունյան (Բաց հասարակության հիմնադրամներ) - Հայաստանի ծրագրերի համակարգող - Արձագանքը բոլորի կողմից շոկային էր, տարբեր դելեգացիաների ներկայացուցիչներ նշում էին, որ նման տեսանյութեր սարսափեցնող, սահմռկեցուցիչ են: Մենք ևս շեշտել ենք, որ միջազգային արձագանքը պետք է լինի պատշաճ, անհանգստանալու փոխարեն միջազգային հանրությունը պետք է դիմի կոնկրետ քայլերի:
Ադրբեջանը շարունակում է էթնիկ զտումներին միտված քաղաքականությունը՝ փորձելով ահաբեկչության, պատերազմական հանցագործության միջոցով ստանալ տարածքային առավելություն, բանակցային գործընթացում ամրապնդել դիրքերը: Վարշավայում հանգամանալից ներկայացվել են պետական մակարդակով իրականացվող ռասիզմի, հայատյացության ադրբեջանական քաղաքականության դրսևորումները: Հատուկ ընդգծվել է հայ բոլոր ռազմագերիների անհապաղ վերադարձի անհրաժեշտությունը։
Տաթևիկ Խաչատրյան - Քաղաքացիական դիտորդական առաքելության հարցը արդեն մեկ տարուց ավելի է՝ բարձրացնում ենք: Սա յուրօրինակ մեխանիզմ չէ, անալոգիան տարբեր երկրներում կիրառվել է: Ուրախ ենք, որ Պրահայի հանդիպման արդյունքով նման մեխանիզմի շուրջ պայմանավորվածություն կա:
Քաղհասարակության ներկայացուցիչները նշել են, որ ադրբեջանական վայրագությունները առանձին հանցագործություն չեն, այլ 30 տարվա հայատյացության հետևանք, և որ ռասիզմի քաղաքականությունը Ադրբեջանը այսօր էլ շարունակում է ամենաբարձր մակարդակով: