Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ հրապարակեց 2015 թվականին ԱԱԾ-ի կողմից վնասազերծված Նորքի զինված խմբի գործով դատավճիռը:
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում է 20 անձ, այդ թվում՝ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, Գյումրու Կաթոլիկ եկեղեցու քահանա Անտոն Դիկրան Թոթոնջյանը: Ըստ մեղադրանքի՝ խմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանի գլխավորած՝ 2015 թվականին Նորք-Մարաշում վնասազերծված 20 հոգանոց զինված խումբը ծրագրել էր բռնությամբ զավթել իշխանությունը, մասնավորապես, թռիչքի պահին խոցել նախագահի օդանավը, հարձակում գործել ՀՀ նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, Կառավարության, Հանրային հեռուստաընկերության և այլ հաստատությունների շենքերի վրա:
Դատարանը Արթուր Վարդանյանին մեղավոր ճանաչեց առաջադրված մեղադրանքում և նրա նկատմամբ պատիժ նշանակեց ազատազրկում 13 տարի ժամկետով՝ պատժում հաշվակցելով նախաքննության և դատաքննության ընթացքում կալանքի տակ գտնվելու 3 տարի 9 ամիս 15 օր ժամկետը՝ վերջնական պատիժ սահմանեց ազատազրկում 9 տարի 2 ամիս ժամկետով։
Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը թողնվեց անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը արդարացվեց Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու և ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու, կրելու հոդվածներով՝ հանցակազմի բացակայության հիմքով։
Շիրխանյանը, սակայն, մեղավոր ճանաչվեց իշխանությունը յուրացնելուն նախապատրաստությանն օժանդակելու համար, և նրա նկատմամբ պատիժ նշանակվեց ազատազրկում 6 տարի ժամկետով, պատժում հաշվակցելով քննության փուլում կալանքի տակ գտնվելու 2 տարի 6 ամիս 6 օր ժամկետը՝ վերջնական պատիժ սահմանվեց ազատազրկում 3 տարի 5 ամիս 24 օր ժամկետով։
Դատավճռով Շիրխանյանը համաներման կիրառմամբ նշանակված պատժից ազատվեց։
Գործով անցնող մյուս ամբաստանյալները ևս մեղավոր ճանաչվեցին և դատապարտվեցին երկարատև՝ տարբեր ժամկետների ազատազրկման։
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան