Հովհաննես Վարդանյան - Սեփական փորձով ուզում եմ ցույց տալ, թե ինչպես ենք ամեն օր շտապում աշխատանքի և վերադառնում տուն: Նույնիսկ 21-րդ դարում այ այսպես, քաղաքացիներն իրար կպած, գրկած՝ տեղավորվում են, որ հասնեն աշխատանքի և նկատողություն չստանան:
Վերջին մեկ տարում 12 մասնավոր ընկերություն շարժակազմը չփոխելու, նորերով չհամալրելու համար զրկվել է լիցենզիայից: Այդ երթուղիներին փոխարինել են քաղաքապետարանի գնած 100 փոքր և 211 միջին դասի նոր ավտոբուսները, որոնք սպասարկում են 22 երթուղի: Առաջնահերթ փոխվել են «ԳԱԶել»-ներն ու գերծանրաբեռնված ուղղությունների շարժակազմը:
Հրաչյա Սարգսյան (Երևանի քաղաքապետ) - Մենք էլ ակնկալում էինք, որ տրանսպորտի վիճակը պետք է լավանա, բայց էդ արդյունքը չտեսանք: Մենք նույնպես դա ֆիքսում ենք, որ չենք տեսել: Խնդիրը կայանում է նրանում, որ 248 «Հիգեր» մակնիշի ավտոբուսները, որը որ ունենք, մի քանի անգամ մրցույթ ենք հայտարարել պահեստամասերի ձեռք բերման համար, բայց մրցույթը պարբերաբար չի կայացել»:
Քաղաքապետի խոսքով՝ մանուշակագույն ավտոբուսների ամբողջական ծավալով երթուղի դուրս գալու հարցը շուտով կլուծվի: Նոր մրցույթով պահեստամասերը գնել են հենց ավտոբուս արտադրող ընկերությունից, և դրանք մոտ օրերս կլինեն Երևանում: Քաղաքի ավտոպարկը մինչև դեկտեմբեր կհամալրվի 8.6 մետրանոց «Ժոնգ թոնգ» մակնիշի 165 ավտոբուսներով, 2023-ի մայիսին՝ 12 մետրանոց 87 հատ գերմանական «Ման» ավտոբուսներով: Նոր շարժակազմը ձեռք է բերվում Կառավարության աջակցությամբ՝ Վերակառուցման և զարգացման բանկի վարկային և դրամաշնորհային միջոցներով: Մինչև դեկտեմբեր համալրումներ կլինեն նաև Երևանի տրոլեյբուսի պարկում: Վերջին 20 տարում մայրաքաղաքը տրոլեյբուս ընդհանրապես ձեռք չի բերել:
Հրաչյա Սարգսյան - 15 տրոլեյբուս ձեռք է բերվում համայնքի միջոցների հաշվին, և արդեն պայմանավորվածություն կա, որ 15 տրոլեյբուս էլ ձեռք է բերվելու Կառավարության ֆինանսավորմամբ: Այսպիսով, մենք այս պահի դրությամբ ունենք 45 տրոլեյբուս, որոնք որ շահագործվում են մեր երթուղիներում, 45 տրոլեյբուսներից 30-ը կարդիականանան, կունենանք նոր տրոլեյբուսներ: Այդ տրոլեյբուսները նաև այն տրամաբանությամբ են աշխատում, որ կլինեն տեղեր, որտեղ մենք չենք ունենա հաղորդալարեր, առանց հաղորդալարերի կերթևեկեն և մոտակա հաղորդալարերին կմիանան, կշարունակեն իրենց երթևեկությունը:
Երևանի քաղաքապետարանը նաև օրենսդրական փոփոխություն է առաջարկել, որով հնարավոր կլինի ունենալ տրանսպորտի մատակարարներ: Այս դեպքում կապիտալ ծախսերը կարվեն ոչ թե քաղաքապետարանի, այլ մասնավոր ընկերությունների կողմից: Մինչև դեկտեմբեր, եթե Ազգային ժողովը փոփոխությունը հաստատի, քաղաքապետարանն իրավունք կունենա մրցույթ հայտարարել: Այդպիսի փորձ կա նաև Ռուսաստանում, եվրոպական մի շարք երկրներում:
Հրաչյա Սարգսյան - Այսինքն՝ հայտարարելու ենք մրցույթ ինչ-որ ուղեգծի համար, ասելու ենք, որ էս ուղեգիծն այս պարբերականությամբ սպասարկելու համար էս կիլոմետրաժով անհրաժեշտ ա այսքան ավտոբուս՝ 18 մետրանոց. ով է գալիս սպասարկում, և մենք իրենց սպասարկման համար յուրաքանչյուր վարած կիլոմետրի համար գումար ենք տալու:
Երևանը շուտով կունենա նաև տրանսպորտային միջոցների կառավարման կենտրոն: Այն հնարավորություն կտա օնլայն տարբերակով վերահսկել ավտոբուսները: Նախագծանախահաշվային փաստաթղթերը պատրաստ են, մրցույթը հայտարարվել է: Շինարարության համար քաղաքային իշխանությունը հատկացրել է 450 միլիոն դրամ, աշխատանքները շուտով կմեկնարկեն, և, քաղաքապետի վստահեցմամբ՝ 7 ամսվա ընթացքում կենտրոնը պատրաստ կլինի:
Հրաչյա Սարգսյան - Ցանկացած պահի մենք հնարավորություն ենք ունենալու օնլայն դիտել վարորդի վարքագիծը, ինչու ոչ միայն վարորդի վարքագիծը, այլ նաև քաղաքացիների վարքագիծը, որը հնարավորություն կտա պատշաճ վերահսկողություն իրականացնել տրանսպորտային համակարգի նկատմամբ ու ժամանակակից վերահսկողություն՝ թվային:
Դեռ 2021-ին հայտարարվեց, որ ստեղծվելու է վճարումների միասնական տոմսային և քարտային համակարգ: Մրցույթը տեխնիկական խնդիրների պատճառով տեղի չի ունեցել: Շուտով նոր մրցույթ կհայտարարվի, կորոշվի օպերատորը: Քաղաքապետը շեշտում է՝ այս պահին ուղեվարձի թանկացման հարց չի քննարկվում: Սարգսյանը չի բացառում, որ ներդնեն տոմսերի բաժանորդագրության տարբերակը, երբ ուղևորը մեկօրյա, շաբաթական կամ նույնիսկ տարեկան երթևեկության տոմս է գնում:
Հրաչյա Սարգսյան - Մենք ցանկանում ենք, որպեսզի վարորդները գումարի հետ ընդհանրապես գործ չունենան, և դա էր պատճառը, որ մինչև միասնական տոմսային համակարգի ներդրումը մենք մետաղ ընդունող սարքերը տեղադրեցինք ավտոբուսների մեջ և տեղադրեցինք էն ավտոբուսների մեջ, որոնք որ նոր ավտոբուսներն էին, վարորդներն արդեն ստանում էին բարձր աշխատավարձ:
Քաղաքապետի խոսքով՝ այստեղ բազմաթիվ խնդիրներ են արձանագրել: 100 դրամանոց մետաղադրամ չունեցողներն ուղեվարձը վճարում են վարորդին, գումարն ամբողջությամբ մուտք չի արվում մետաղ ընդունող սարքեր:
Հրաչյա Սարգսյան - 45 վարորդ ունենք, որոնց էդ պատճառով մենք ազատել ենք աշխատանքից: 45 վարորդ՝ վերջին 2.5 ամսվա ընթացքում: Որը որ չենք նկատել, ու պայմանական էդ գումարը գրպանել են, դրանց մասին չեմ կարող այս պահին ինչու գնահատական տամ, բայց որը որ մենք նկատել ենք, էդ նկատած գումարն ամբողջությամբ վերադարձվել է մեր կազմակերպության բյուջե:
Մասնավոր-համայնք գործակցությամբ շուտով տրանսպորտային միջոցները պատշաճ սպասարկելու համար Ասիական զարգացման բանկի վարկային միջոցներով Ջրվեժի ավտոբուսների հավաքակայանը կարդիականացվի: Քաղաքային ավտոբուսների համար տեղում կկառուցվի նաև առանձին գազալցակայան: Երևանի քաղաքապետարանը նախատեսում է փոխել նաև կանգառասրահները: Գործընթացը սկսել են Աջափնյակից, մինչև տարեվերջ նոր կանգառասրահներ կլինեն նաև Դավթաշեն և Նուբարաշեն վարչական շրջաններում:
Հրաչյա Սարգսյան - Կանգառներում մենք ունենք հաշվարկ, թե միավոր ժամանակահատվածում քանի ավտոբուս է իրար հետևից կանգնելու: Կարա լինի ինչ-որ դեպք, որ էդ կանգառում միավոր ժամանակում կանգնի 18 մետրանոց, 12 ու 8.5 մետրանոց, նշանակում ա, որ կանգառը պետք ա բավականին մեծացնենք, որպեսզի չգա, ու խցանում չառաջացնեն:
Քաղաքային իշխանությունը տրանսպորտային բարեփոխումների ծրագիրը նախատեսում է ավարտել երկու տարում: Քաղաքապետարանի պատվերով, միջազգային կազմակերպության ուսումնասիրության համաձայն, քաղաքին անհրաժեշտ է 850 ավտոբուս: Այս պահին Երևանի քաղաքապետարանի շարժակազմի միայն 36 տոկոսն է համապատասխանում ներկայացված չափանիշներին: