ԱՄՆ օրենսդիրները մշակել են մի քանի նախագծերի փաթեթներ, որոնց նպատակն ադրբեջանական վայրագությունների դատապարտումն ու Հայաստանին և Արցախին աջակցություն տրամադրելն է:
Դեռ սեպտեմբերի կեսին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակության՝ Երևան այցի ժամանակ կոնգրեսականները հայտարարեցին, որ այդ ուղղությամբ աշխատանք են տանում: Բանաձևը ենթադրում է 44-օրյա պատերազմի ժամանակ ու դրան հաջորդած ժամանակահատվածում ադրբեջանական ոճրագործությունների արձանագրում, դատապարտում և օգնության ձեռքի մեկնում Հայաստանին ու Արցախին:
Կոնգրեսականների հաջորդ նպատակը Բաքվին Վաշինգտոնի ռազմական աջակցությունից զրկելն է: Նման որոշում Կոնգրեսը դեռ 1992-ի պատերազմի ժամանակ էր ընդունել, սակայն սահմանափակումը մոտ 10 տարի գործեց, ու դրանից հետո ԱՄՆ նախագահին իրավունք վերապահվեց ցանկության դեպքում կասեցնել բանաձևը, և Ադրբեջանը սկսեց պարբերաբար ռազմական օգնություն ստանալ ԱՄՆ-ից: Այդ աջակցությունը թեև ենթադրում է պաշտպանական համակարգերի ուժեղացում, ռազմական կրթության մակարդակի բարձրացում ու չի կարող օգտագործվել հարձակողական նպատակով, Ադրբեջանին դա չի կանգնեցրել ու, խախտելով պայմանավորվածությունները, ամերիկյան օգնությունը կիրառել է ոչ նպատակային՝ ուղղելով Հայաստանի ու Արցախի դեմ:
Կոնգրեսականներն այժմ ցանկանում են նախագահին զրկել ռազմական աջակցության արգելքը կասեցնելու իրավունքից: Մանրամասներ դեռ չբացահայտելով՝ տեղեկացնում են նաև, որ աշխատանք է տարվում ԱՄՆ-Հայաստան ռազմական գործակցության ուղղությամբ: