Չեխիայի մայրաքաղաքում այս շաբաթ Հայաստանի համար երկու կարևոր հանդիպում տեղի ունեցավ. ԵՄ ու Ֆրանսիայի մասնակցությամբ քառակողմ ձևաչափով հանդիպեցին Փաշինյանն ու Ալիևը, մյուսը Փաշինյան-Էրդողան հանդիպումն էր, որը կարելի է պատմական որակել. փակ սահմաններով հարևան երկրների ղեկավարները վերջին անգամ 2009-ին էին միմյանց ձեռք սեղմել, իսկ Նիկոլ Փաշինյան-Ռեջեփ Էրդողան հանդիպումն ընդհանրապես առաջինն էր:
Նախ քառակողմ ձևաչափի մասին. Հայաստանը, կարելի է ասել՝ իր ծրագրի մինիմումը կատարեց. ստացավ Բաքվի համաձայնությունը, որ կողմերը փոխադարձաբար ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը: Դրա ժամկետ չի նշվում, սակայն հստակ է, որ Ադրբեջանը չի կարող ճանաչել մի երկրի տարածքային ամբողջականություն ու շարունակել կոպտորեն խախտել այն: Փորձագետները հարցնում են՝ արդյոք կա՞ Հայաստանի օկուպացրած տարածքներից ադրբեջանական զորքը հետ քաշելու պայմանավորվածություն:
Դա դեռ հստակ չէ, սակայն հայտարարության մեկ այլ կետով նախատեսվում է միջազգային դիտորդների տեղակայում հայ-ադրբեջանական սահմանին, ինչը, ըստ էության, կրկին անհնար է, եթե Բաքուն չվերադառնա ելման դիրքեր: Ընդունված հայտարարությունը, սակայն, փորձագետները մեծ հաշվով առաջընթաց են որակում, և ոչ միայն գրավոր պայմանավորվածությունների, այլև Ալիևի բառամթերքի փոփոխության առումով: Միջանցք եզրույթը հանդիպումից հետո Ալիևը չարտաբերեց: Մյուս կողմից՝ չխոսվեց նաև Արցախի հարցի լուծման մասին:
Փաշինյան-Էրդողան հանդիպումից ավելի քիչ տեղեկություն կա: Գլխավորը թերևս Էրդողանի հայտարարությունն էր, որով հայ-թուրքական կարգավորումն այդ երկրի ղեկավարը կապեց հայ-ադրբեջանականի հետ: