2 տրլն 590 մլրդ դրամ: Հայաստանի 2023 թվականի բյուջեով նախատեսված ծախսերի չափն է: Եկամտային մասը 2 տրլն 301 մլրդ է: Եկող տարվա բյուջեն ևս դեֆիցիտային կլինի 288 մլրդ 855 մլն դրամի չափով: 501 մլրդ 285 մլն դրամ կուղղվի պաշտպանության ապահովմանը, այստեղ ծախսերն ավելացել են 47.2 տոկոսով կամ 160 մլրդ 716 մլն դրամով, 422 մլրդ 304 մլն դրամ կուղղվի կենսաթոշակների վճարմանը, այն ավելացել է շուրջ 9.9 տոկոսով կամ 37 մլրդ 852 մլն դրամով, 272 մլրդ 195 մլնը կուղղվի պետական պարտքի կառավարմանը, ավելացումը 27.2 տոկոս կամ 58 մլրդ 274 մլն դրամ է: 127 մլրդ 274 մլն դրամ կուղղվի հանրակրթության ծրագրին, 117 մլրդ 739 մլն դրամ՝ ճանապարհային ցանցի բարելավմանը, 99 մլրդ 19 մլն դրամ՝ տարածքային զարգացմանը, 74 մլրդ 629 մլն դրամ՝ ոստիկանության ոլորտի քաղաքականության մշակմանը, 72 մլրդ 321 մլն դրամ՝ սոցիալական ապահովությանը, 51 մլրդ 295 մլն էլ կուղղվի ժողովրդագրական վիճակի բարելավմանը և այլն: Բոլոր ուղղություններում այս կամ այն չափով ավելացումներ կան:
Վահե Հովհաննիսյան (ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ) - Կարելի է ասել, որ այս բյուջեն շատ համահունչ է միջնաժամկետ ծախսային ծրագրի նախանշված ուղղությունների հետ, որը նախկինում այդպես չի եղել: Այսինքն՝ երկու իրարից հիմնականում անջատված փաստաթղթեր են եղել, մենք սկսել ենք ավելի լուրջ վերաբերվել միջնաժամկետ ծախսային ծրագրին, որպեսզի պլանավորման ավելի մեծ հեռանկար ունենանք: Իհարկե, սրա հիմքը Կառավարության ծրագիրն է, որը էլի նախկինում՝ նախկին տարիներին Կառավարության ծրագրին էդքան մեծ ուշադրություն չի դարձվել, հիմա մենք՝ մենք և բոլոր մարմինները, Կառավարության ծրագիրը վերցնում ենք որպես հիմք և ամեն ինչ անում ենք՝ էն առաջնահերթությունները և էն նպատակները, որոնք դրված են Կառավարության ծրագրում, իրականացնելու համար:
Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանն ընդգծում է՝ պաշտպանությանը հատկացված բյուջեն պատմականորեն առավելագույնն է:
Գևորգ Պապոյան (ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) - Ստեղծված իրավիճակին շատ համարժեք արձագանքող բյուջե է, շատ պարզ պատճառով, որովհետև այսօր մեր ամենահիմնական խնդիրը մեր արտաքին մարտահրավերներն են, սահմանների անվտանգությունն է, և մեր բյուջեն, ըստ էության, արտահայտում է մեր քաղաքական կամքը՝ ՀՀ սահմանների անձեռնմխելիության ապահովման:
Մասնագետների գնահատմամբ՝ այն թիրախները, որոնք սահմանվել են եկող տարվա բյուջեի համար, բավականին լուրջ անորոշություններ են պարունակում:
Հայկազ Ֆանյան (Acses վերլուծական կենտրոնի ղեկավար) - Իրատեսականության խնդիրը մեծապես պայմանավորված է արտաքին գործոններով, մասնավորապես ռուս-ուկրաինական հակամարտության գոտում առաջացող ռազմական իրավիճակից և, իհարկե, դրանից բխող հնարավոր սանկցիաներից, որոնք կարող են առաջանալ: Ընդ որում, կախված սանկցիաների բնույթից և հակամարտության հետագա զարգացումներից՝ դրանք կարող են և՛ դրականորեն անդրադառնալ Հայաստանի տնտեսության վրա, և՛ բացասականորեն:
Նախատեսվում է, որ այս տարի Կառավարության պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ 53 տոկոսից ցածր կլինի, իսկ 2023-ի ավարտին՝ կհասնի մոտ 50 տոկոսի:
Գևորգ Պապոյան - Կառավարության պարտք / ՀՆԱ հարաբերակցությունը մի պահ 2020 թվականին բարձրացավ 63.7 տոկոս, 64 տոկոսի համարյա հասավ, և սա մտահոգիչ էր, հետագայում մեր ճիշտ քաղաքականության շնորհիվ այն պետք է իջներ, և էդպես էլ տեղի ունեցավ: 21 թվականին իջավ 60.3 տոկոս՝ միջնաժամկետ ծախսային ծրագրով պետք է այս տարի իջներ 58.4 տոկոս, բայց դուք ճիշտ եք՝ փոխարժեքի տատանումը մեզ ըստ էության օգնել է այդ հարցում, և հիմա այն կանխատեսվում է, որ տարվա վերջի դրությամբ կիջնի 50.7 տոկոսի, իսկ հաջորդ տարվա համար էլ ավելի կիջնի՝ 49.7 տոկոսի: Սա նշանակում է, որ մենք փաստացի պարտք վերցնելու խնդիր չունենք:
Բյուջեում դրված թիրախները փոխնախարարը իրատեսական է համարում: Կարծում է՝ կկարողանան կապիտալ ծախսերի մակարդակը ՀՆԱ-ի մեջ 7 տոկոսի հասցնել՝ ներկայիս 3.5-4 տոկոսի փոխարեն: Ինչ վերաբերում է բյուջեով նախանշված 7 տոկոս տնտեսական աճի սպասելիքներին եկող տարվա համար, Հովհաննիսյանի խոսքով՝ այս տարի սպասվող 11-12 տոկոս տնտեսական աճը հիմքեր է տալիս նման ակնկալիքների:
Վահե Հովհաննիսյան - Շատ հաճախ մեզ հորդորում են, որպեսզի մենք ավելի փոքր ամբիցիաներ ունենանք, ավելի փոքր նպատակներ մեր առաջ դնենք, և, օրինակ՝ անցած տարի, երբ որ մենք քննարկում էինք, մեզ ասում էին, որ աճի իրական պոտենցիալը 4 տոկոս է: Եթե մենք մեր պլանները կառուցենք 4 տոկոսի համեմատ, և եթե լինի 11 տոկոս, ապա մենք շատ ավելի դանդաղ կկարողանանք առաջ գնալ, քան եթե մենք պլանավորել էինք 7 տոկոս՝ 7 տոկոսի դեպքում 11 տոկոս ունենալու պարագայում:
Մասնագետների գնահատմամբ՝ եթե զբոսաշրջային առկա հոսքը չպահպանվի, նախանշված թիրախներին հասնել հնարավոր չի լինի: Մինչդեռ, Գևորգ Պապոյանի համոզմամբ, զբոսաշրջային և տրանսֆերտների հոսքը մեծ դերակատարում չունի:
Գևորգ Պապոյան - Մենք մեր հիմնական ուղղությունները, ավանդական ուղղությունների վրա ենք հատկապես ուշադրություն դարձնում՝ ծառայություններ, այդ թվում նաև՝ ՏՏ, առևտուր, գյուղատնտեսություն, շինարարություն և այլն:
Բյուջեի դեֆիցիտը, ըստ մասնագետների՝ շատ երկրներում ընդունված պրակտիկա է, դա անգամ նպաստում է տնտեսական աճին:
Հայկազ Ֆանյան - Այսինքն՝ պետությունը հավելյալ ծախսեր ա իրականացնում՝ թույլ ա տալիս, որպեսզի էդ հավելյալ ծախսերի հաշվին մեր տնտեսությունն աճի: 3.1 տոկոս զուտ էդ մեծությունը, կարծում եմ՝ ինքը բավականին ողջամիտ թիվ է և ինքը իրենով զուտ, եթե մնացած մակրոտնտեսական ենթադրությունները ճիշտ դուրս գան, դա սարսափելի չի:
Եկող տարի նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամից կդառնա 75 հազար դրամ, իսկ պետական ծառայողների բազային աշխատավարձի դրույքաչափը 66140 դրամից կդառնա 83200 դրամ։ Փոխարենը նվազել է պարգևատրումների ֆոնդը:
Վահե Հովհաննիսյան - Բազային աշխատավարձը սահմանված է ըստ օրենքի նվազագույն աշխատավարձի 80-120 տոկոսի միջակայքում: Նախկինում, երբ որ բարձրացվել էր նվազագույն աշխատավարձը մինչև 68 հազար դրամ, բազային աշխատավարձը մնացել էր 70 տոկոսի մակարդակում: Այսինքն՝ օրենքում, բյուջեի օրենքում հատուկ նշում էր արվել, որ թեև նվազագույն աշխատավարձը բարձրանում է, սակայն բազային աշխատավարձը չի բարձրանում: Հիմա մենք ուղղակի բազային աշխատավարձը հասցնելու ենք 80 տոկոսի՝ այսինքն՝ օրենքով սահմանված նվազագույն չափին, որպեսզի նաև մեր հանրային ծառայողների աշխատավարձը, որը բարձրացվել է վերջին անգամ 2014 թվականին, կարողանանք բարձրացնել և ունենանք ավելի մրցունակ հանրային հատված:
Տնտեսագետների գնահատմամբ՝ սրանով պետությունը փորձում է նվազեցնել այդքան քննադատված պարգևավճարները և ավելի կանխատեսելի համակարգ է ստեղծում:
Հայկազ Ֆանյան - Պետք է փորձել հասկանալ առհասարակ մեր պետական համակարգում աշխատանքի վարձատրությունը արդյոք համադրելի՞ ա երկրում այլ ոլորտների աշխատանքի վարձատրության հետ: Կարելի է անհատներին այսպես ասած՝ հորդորով, կոչով որոշ ժամանակ հորդորել, խնդրել, որպեսզի սահմանափակ ֆինանսական ռեսուրսներով աշխատել, բայց եթե մեր պետական ապարատում խնդիր է դրված որակյալ մասնագետներ ներգրավելու, բնականաբար, համապատասխան նաև աշխատանքի վարձատրություն պետք է ապահովել:
Ինչպես 2022-ին, այնպես էլ եկող տարի բյուջեով նախատեսված է Արցախին հատկացնել 144 մլրդ դրամ միջպետական վարկ:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան