Դեպի Հայաստան տրանսֆերտների մեծ հոսքը շարունակվում է: Ըստ Գլխավոր դրամատան տվյալի՝ օգոստոսին հայաստանյան բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից փոխանցվել է 472 մլն 283 հազար դոլար: Սա մոտ 2.5 անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը: Գումարի գերակշիռ մասը՝ 327 մլնը, Ռուսաստանից է փոխանցվել, 58 մլնը՝ Միացյալ Նահանգներից, մնացածը՝ այլ երկրներից:
Կառլեն Խաչատրյան (տնտեսագետ) - Օգոստոսի աճը ևս սպասելի էր, որովհետև, մեծ հաշվով, այդ պրոցեսները, որոնք ընկած են տրանսֆերտների աճի հիմքում որևէ կերպ չէին մեղմվում, ու հետևաբար ենթադրելի էր կարծել, որ միտումը շարունակվելու է: Մեծ հաշվով, տրանսֆերտների մեծ հոսքը ազդում է փոխարժեքի վրա, ու մենք տեսնում ենք նաև դոլար-դրամ փոխարժեքի վարքագիծը վերջին 4-5 ամիսների ընթացքում, բնականաբար, դրա մեծ մասը ուղղվում է սպառմանը, հետևաբար էստեղ նաև պետք է որոշակի գնաճային էֆեկտներ ևս դիտարկվեն:
Սա մի կողմից ֆինանսական շուկայում արտարժույթի ներհոսք է, որը հանգեցնում է փոխարժեքի նվազման,- նշում են մասնագետները:
Էդգար Աղաբեկյան («Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ) - Մյուս կողմից էլ հոսքեր են, որոնք մնալու են ինչ-որ չափով բանկային համակարգում՝ ավանդների տեսքով և նաև տնտեսական մակրոմակարդակում դրանք բերելու են որոշակի պահանջարկի՝ ամբողջական պահանջարկի աճի են հանգեցնում, որն էլ գնաճի տեսքով ենք տեսնում:
Հոսքերի ավելացումն իր հերթին ազդում է նաև տնտեսական ցուցանիշների վրա՝ ընդգծում է Աղաբեկյանը, բայց ավելի կարևոր է, որ դրանք որոշակի արժեք ստեղծեն:
Էդգար Աղաբեկյան - Մյուս կողմից էլ Կառավարության քաղաքականությունը պիտի լինի և նաև ԿԲ-ի, ստեղծի պայմաններ, որպեսզի այդ հոսքերը երկրի ներսում մնան և դրական ավելի երկարաժամկետ արդյունք ստեղծեն»:
Կառլեն Խաչատրյան - Արժեքի ստեղծման տեսանկյունից տեսեք էապես հյուրանոցային ծառայությունները, ռեստորանային ու սպասարկման ոլորտը աշխուժանում է, հետևաբար էդ ոլորտով զբաղված մարդկանց ու էդ ոլորտում զբաղվող տնտեսվարող սուբյեկտների եկամուտներն աճում են, նույնը վերաբերում է առևտրի ոլորտին և այլն:
Կառլեն Խաչատրյանը նշում է՝ հիմա Ռուսաստանի տնտեսությունը այդքան էլ լավ վիճակում չէ, և վերջերս հայտարարած մասնակի մոբիլիզացիան էլ իր հերթին է ազդելու դրա վրա, այդ պատճառով ապագայի վերաբերյալ կանխատեսումներ բարդ է անել.
Կառլեն Խաչատրյան - Ու եթե Ռուսաստանի տնտեսությունում իրավիճակը վատթարանում է, ուզենք թե չուզենք, դա շղթայաբար անդրադառնում է նաև մասնավոր տրանսֆերտների ծավալի վրա: Հետևաբար չի բացառվում, որ մասնավոր տրանսֆերտների էդ աճի տեմպը էապես դանդաղի՝ պայմանավորված զուտ Ռուսաստանի տնտեսության ներսում կատարվող մասնավոր գործընթացներով:
Ընդհանուր առմամբ, այս տարվա հունվար-օգոստոսին Հայաստան ֆիզիկական անձանց հաշվին փոխանցվել է 2 մլրդ 910 մլն դոլար:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան