ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
Վրաստանը միշտ պատրաստ է հարթակ տրամադրել իր հարավային հարևաններին՝ հանգիստ և խաղաղ երկխոսություն վարելու, տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար` հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Իլիա Դարչիաշվիլին: «Մենք հատուկ վստահություն ենք վայելում մեր հարևանների կողմից և ապագայում միշտ պատրաստ ենք, որ Վրաստանը, Թբիլիսին դառնա մի վայր, որտեղ մեր հարավային հարևանները կկարողանան հանգիստ երկխոսություն վարել՝ բանակցություններում կոնկրետ արդյունքների հասնելու և խաղաղություն ու կայունություն հաստատելու համար։ Վրաստանի գլխավոր դիվանագետը շեշտել է, որ իր երկրի համար թիվ մեկ առաջնահերթությունը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովումն է։
ՊՈՒՏԻՆՆ ՈՒ ԷՐԴՈՂԱՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ
Ռուսասատանի ու Թուրքիայի նախագահները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են հարաբերությունների սերտացումն ու ուկրաինայում տիրող իրավիճակի ավարտը: Ռեջեփ Թայիփ Էրդողանը ևս մեկ անգամ հաստատել է Անկարայի պատրաստակամությունը օգնելու կողմերի միջև խաղաղության հաստատմանը: Էրդողանը ցանկություն է հայտնել հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առաջիկա օրերին՝ քննարկելու Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները։ Ավելի վաղ, Էրդողանը հայտարարել էր՝ ինքը միակ ղեկավարն է, որը կարող է երկխոսել թե' Ուկրաինայի, թե' Ռուսաստանի նախագահների հետ: Երեկ Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը CNN-ի հետ հարցազրույցում նշել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները, ամենայն հավանականությամբ, կվերսկսվեն։
ՂՐԻՄԻ ԿԱՄՐՋԻ ՎՐԱ ԲԵՌՆԱՏԱՐ Է ՊԱՅԹԵԼ
Ղրիմի կամրջի վրա բեռնատար ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով կամրջի երկու հատվածի մասնակի փլուզում է եղել։ Ռուսաստանի Ազգային հակաահաբեկչական կոմիտեի հայտարարության համաձայն՝ կամրջի վրա բեռնատարի պայթյունի հետևանքով գնացքի յոթ բաք վառելանյութ է բռնկվել: Կոմիտեի տվյալով՝ կամրջի նավարկելի հատվածի կամարը չի վնասվել. երթևեկությունը դադարեցվել է: Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ստեղծել կառավարական հանձնաժողով՝ արտակարգ պատահարի պատճառները պարզելու և հետևանքները վերացնելու համար։ Ղրիմի Պետական խորհրդի խոսնակը կամրջի վրա տեղի ունեցած միջադեպի համար մեղադրել է ուկրաինական կողմին: Միջադեպից հետո Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդականը թվիթերի իր էջում գրել է՝ «Ղրիմ, կամուրջ, սկիզբ: Անօրինական ամեն բան պետք է ոչնչացվի, յուրաքանչյուր գողացված բան պետք է վերադարձվի Ուկրաինային»,- ասել է Ալեկսի Արեստովիչը: Ղրիմի կամուրջը Ռուսաստանում ամենաերկար կամուրջն է:
ԶԱԷԿ-Ն ԱՆՋԱՏՎԵԼ Է ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ
Զապորոժիեի ատոմակայանն անջատվել է Ուկրաինայի էներգետիկ համակարգից: Զապորոժիեի շրջանի ռազմաքաղաքացիական վարչակազմի գլխավոր խորհրդի ներկայացուցչի խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերը վնասել են Զապորոժիեի ատոմակայանն Ուկրաինայի էներգետիկ համակարգի հետ կապող վերջին գիծը: Վլադիմիր Ռոգովը հայտարարել է նաև, որ Ուկրաինան միտումնավոր վնասել է էլեկտրահաղորդման վերջին գիծը, որպեսզի կանխի ատոմային էներգաբլոկների գործարկումը։