Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում այսօր նոր՝ Պալիատիվ ծառայության կլինիկայի բացումն էր և կենտրոնի հիմնադրման 75-ամյակին նվիրված միջոցառումը, որին ներկա էին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Վարչապետը առողջապահության նախարարի և կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանի ուղեկցությամբ շրջեց նորաբաց կլինիկայում, ծանոթացավ կատարված աշխատանքներին և ստեղծված պայմաններին։ Պալիատիվ ծառայության կլինիկան ունենալու է 26 հիվանդասենյակ՝ 30 մահճակալով, առանձին սոցիալ-հոգեբանական ծառայության թիմ, որն աշխատելու է ոչ միայն պացիենտի, այլև հարազատների հետ, աշխատակազմը ներառում է 45 հաստիք: Ընդհանուր կապիտալ ներդրումը կազմում է 306 մլն դրամ, որն իրականացվել է կենտրոնի խնայողությունների հաշվին: Այսպիսի կենտրոն տարածաշրջանում գոյություն չունի՝ նշեց պալիատիվ օգնության կլինիկայի ղեկավար Հրանտ Կարապետյանը, ընդգծեց՝ այն ընդլայնելու անհրաժեշտություն կլինի հետագայում:
Հրանտ Կարապետյան (Պալիատիվ օգնության կլինիկայի ղեկավար) - Հայաստանի կարիքները 150 մահճակալ է, մենք ընդամենը 30 մահճակալ ենք էսօր բացում: Բայց պլաններ ունենք, որ հետագայում ռեգիոնալ կենտրոնները կսարքենք և պահանջները կկարողանանք բավարարել: Բացի դրանից՝ կենտրոնը բացի ստացիոնարից՝ կունենա ամբուլատոր ծառայություն, կունենա մոբիլ ծառայություն, որը տնային պայմաններում սպասարկում կանի:
Պալիատիվ խնամք անհրաժեշտ է տարբեր հիվանդությունների վերջին՝ 4-րդ փուլում, նորաբաց կենտրոնը քաղցկեղով հիվանդների համար է՝ նշեց առողջապահության նախարարի խորհրդատու Հայկուհի Գյոկչյանը:
Հայկուհի Գյոկչյան (ՀՀ առողջապահության նախարարի ուռուցքաբանության գծով խորհրդատու) - Եթե մի 10 տարի առաջ մենք ՀՀ-ում մոտ 50-60 տոկոս դեպքերում հայտնաբերում էինք քաղցկեղը 4-րդ փուլում և այդ դեպքերում իհարկե, պալիատիվ խնամքի կարիքը շատ էինք ունենում, վերջին տարիներին մենք դրական միտում ենք տեսնում՝ այսինքն՝ այդ ցուցանիշը իջել է, դարձել է մոտ 27-30 տոկոս, և, բնականաբար, այն հիվանդները, որոնք հայտնաբերվում են առաջինից երրորդ փուլերում, լիարժեք բուժման շանս ունեն: Իսկ 4-րդ փուլի հիվանդները, եթե կարիք ունեն պալիատիվ թերապիայի, այսինքն՝ արդեն քիմիաթերապիական վիրաբուժություն նրանց ցուցված չէ, այդ դեպքում նրանք գալիս են պալիատիվ թերապիայի:
Առողջապահության նախարարության նպատակն է Հայաստանում ապահովել քաղցկեղով հիվանդների բուժման ամբողջ ցիկլը՝ նշեց Անահիտ Ավանեսյանը: Նախարարն անդրադարձավ նաև քաղաքացիների համար պալիատիվ ծառայության հասանելիությանը:
Անահիտ Ավանեսյան (ՀՀ առողջապահության նախարար) - Կենտրոնը կապիտալ ներդրումներն իրականացնում է իր գործունեության ընթացքում կուտակած ռեսուրսներից իհարկե, և գիտեք, որ վերջին տարիներին պետական պատվերի մասնաբաժինն է մեծացել և ավելի հասանելի է դարձել բժշկական օգնությունը մեր քաղաքացիների համար: Այս բաժանմունքում էլ լինելու են և՛ անվճար բժշկական օգնություն ստացող քաղաքացիներ, և՛ վճարովի հիմունքներով:
Վարչապետ Փաշինյանն այցելեց նաև ուռուցքաբանության ազգային կենտրոնի նոր տեխնոլոգիական մասնաշենքի շինհրապարակ, ծանոթացավ կառուցապատման ընթացքին։ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ բացվեց նաև կենտրոնի պրոֆեսոր Հայրապետ Գալստյանի անվան գիտաուսումնական կոնֆերանս դահլիճը։ Ուռուցք ունենալը դատավճիռ չէ, պետությունը կենտրոնացած է հիվանդությունների կանխման և վաղ հայտնաբերման քաղաքականության վրա՝ իր ելույթում հայտարարեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Մանավանդ ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման այս տեմպի մեջ քաղցկեղը սկսում է դասվել կամ արդեն իսկ դասվել է սովորական հիվանդությունների շարքին, և ես ուրախ եմ, որ մենք կարողանում ենք քայլ-քայլ գնալ մի իրավիճակի երբ այդ ընկալումը ամբողջությամբ կհաստատվի նաև ՀՀ-ում: Եվ իհարկե, մեզ համար ամենակարևորը ամեն ինչ անել, որպեսզի ոչ թե ստիպված լինենք հիվանդություններ բուժել, այլ կարողանանք այնպիսի քաղաքականությունների միջավայր ստեղծել, որ հիվանդությունները նախականխվեն, կանխվեն, վաղ ախտորոշվեն, և այս գործողությունների շղթայի գործարկման պարագայում, իհարկե, բնականոն կամ պոզիտիվ ելքը ավելի հավանական կդառնա:
Երկրի ղեկավարը շնորհակալություն հայտնեց կատարված աշխատանքի համար, ուռուցքաբանության ազգային կենտրոնի կայացման գործում ավանդ ունեցած մի շարք բժիշկների պարգևատրեց մեդալներով և շնորհակալագրերով:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան