ԱՄՆ-Ը ԲԱՔՎԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԶՈՒ-Ն ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ԵԼՄԱՆ ԴԻՐՔԵՐ
ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարպենտերը մեկնաբանել է Հայաստանի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիան և երկրների միջև բանակցային գործընթացները:
Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել Երևանին և Բաքվին համապարփակ խաղաղության պայմանագրի հարցում և կոչ անում առկա խնդիրները լուծել բանակցային սեղանի շուրջ.
«Առանց հաշտեցման` չի լինի տևական խաղաղություն: Համացանցում հայտնված սարսափելի տեսանյութը, որը ցույց է տալիս՝ ինչպես են ադրբեջանական զինված ուժերը գնդակահարում անզեն հայ գերիներին, պետք է հետաքննվի: Մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Մենք ի գիտություն ենք ընդունում Ադրբեջանի գլխավոր դատախազի սկսած հետաքննությունը և հորդորում կողմերին՝ կատարել իրենց պարտավորությունները՝ արագ վերադարձնել բոլոր ռազմագերիներին, նրանց հետ վարվել միջազգային պարտավորություններին համապատասխան, պարզել անհայտ կորածների ճակատագրերը»։
Նա հավելել է, որ սեպտեմբերի 13-ին և 14-ին, այնուհետև սեպտեմբերի 28-ին հրադադարի ռեժիմի խախտումները լրջորեն մտահոգել են Վաշինգտոնին։
«Կրկնում ենք Ադրբեջանին մեր կոչը՝ զինված ուժերը վերադարձնել ելման դիրքեր»,- շեշտել է Քարպենտերը:
ՀՀ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄԸ ՈՐԵՎԷ ԿԵՐՊ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՐԴԱՐԱՑՎԵԼ
Բունդեսթագի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հայտարարություն է տարածել Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի վերջին հարձակման վերաբերյալ.
«Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը մեծ անհանգստությամբ է հետևել Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության վերջին սրմանը, հայկական տարածքներում քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումներին: Հայաստանի սահմանների խախտումը որևէ կերպ չի կարող արդարացվել։ Զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ քաղաքացիական անձանց շրջանում, ադրբեջանական զինուժի կողմից հայ գերիների նկատմամբ պատերազմական հանցագործություններ և դաժան վերաբերմունք. այս ամենն անընդունելի է։ Պատերազմական հանցագործությունների վերաբերյալ փաստերը պետք է ամբողջությամբ պարզաբանվեն»։
Պատգամավորները ողջունել են հրադադարի շուրջ համաձայնության ձեռքբերումը և բանակցությունների շարունակումը։
ՄԱԿՐՈՆՆ ԷՐԴՈՂԱՆԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼ ՌԴ ԴԵՄ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Թուրքիայի նախագահին կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ և որևէ կերպ չնպաստել եվրոպական պատժամիջոցների շրջանցմանը, հայտնել են Ելիսեյան պալատից։
«Պրահայում Էրդողանի հետ հանդիպումից հետո Մակրոնն ընդգծել է հակառուսական սահմանափակումների կարևորությունը ռուս-ուկրաինական հակամարտության սրումը կանխելու հարցում», - հայտնել են Ֆրանսիայի ղեկավարի գրասենյակի մամուլի ծառայությունից:
Հաղորդագրության համաձայն՝ Մակրոնը նաև մտահոգություն է հայտնել Էգեյան ծովում Հունաստանի և Թուրքիայի միջև լարվածության առիթով և կոչ արել վերսկսել երկխոսությունը և հարգել միջազգային իրավունքը:
ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՐՎԱԾԱՅԻՆ ԱԹՍ-ՆԵՐ Է ՏԵՂԱԿԱՅԵԼ ԿԻՊՐՈՍՈՒՄ
Թուրքիան հարվածային անօդաչու թռչող սարքեր է տեղակայել ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսում՝ ի պատասխան ԱՄՆ կողմից Կիպրոսին զենքի մատակարարման էմբարգոյի չեղարկմանը, հայտարարել է Ռեջեփ Էրդողանը։
«Մենք պետք է չորս կողմից ամբողջությամբ ապահովենք Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության անվտանգությունը: Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները, անհրաժեշտության դեպքում, կարող են ցանկացած պահի ուղարկվել կղզի»,- զգուշացրել է Թուրքիայի նախագահը:
ԳՈՒԼԻԵՎԸ ԻՆՔՆԱՀՐԿԻԶՄԱՆ ՓՈՐՁ Է ԱՐԵԼ
Ադրբեջանցի Շահբազ Գուլիևը, որը 2014 թվականին Արցախի Քարվաճառի շրջանում սպանել էր 17-ամյա Սմբատ Ցականյանին, Ալիևի վարչակազմի շենքի դիմաց ինքնահրկիզման փորձ է կատարել, հայտնում է Ինֆոտեկա 24-ը։ Նա հայտարարել է, որ իշխանությունները խաբել են իրեն: Գուլիևը պահանջել է հաստատել իր հաշմանդամությունը և թոշակ նշանակել։ Ոստիկանները կանխել են նրա ինքնահրկիզման փորձը և տարել անհայտ ուղղությամբ։