Երևանցի Նավասարդյանները Ապագա գյուղում տարածք են ձեռք բերել, կով են պահում: Անասնահապությամբ զբաղվելու գաղափարն առաջացել է գյուղատնտեսության աջակցության զարգացման ծրագրի մասին իմանալուց հետո: Մասնակցել են ծրագրին, շահել ու գործի անցել: Կառուցել են խելացի անասնագոմ և սարքավորումներ ձեռք բերել: Պետության տրամադրած 17 մլն դրամի մի մասը ներդրել են շինարարության մեջ, մնացածով տեխնիկա գնել:
Նարեկ Նավասարդյան (անասնաֆերմայի տնօրեն) - Էրինջներին կերակրեցինք, համակցված կերը խառնելու ենք խոտին, որ դրանով էլ կաթնատու կովերին կերակրենք:
Կերակրումից մինչև կիթ ավտոմատացված է: Օդափոխությունն ու լուսավորությունը ևս ապահովվել են, որ կովերի կաթնատվությունը բարձր լինի: Մեկ տարի առաջ, երբ նոր էին կառուցում խելացի անասնագոմը, անտոկոս վարկով շվեյցարական սիմենտալ տեսակի 42 կով գնեցին: 28-ն արդեն ծնել է, 12-ն էլ պետք է ծնի:
Նարեկ Նավասարդյան - Էս կենդանիներին ավանդական ձևով չենք կարող պահել, սրանց չի կարելի արոտ տանել:
Շվեյցարական սիմենտալները հատուկ խնամք են պահանջում: Մինչև անասնաբույժը չզննի, չախտահանի ու չմշակի, ավտոմատ սարքերը չեն միացնի: Ավտոմատացված է նաև աղբահանությունը: Հատուկ պահվող կովերը օրական 25 լիտր, բարձր յուղայնությամբ կաթ են տալիս:
Նարեկ Նավասարդյան - Կթելը տևում է 12-15 րոպե, շվեդական բարձր որակի կթի ապարատուրա է, կաթը օդի հետ չի շփվում. վակուումով լցվում է սառնարանը, բարձր որակի ֆիլտրացված կաթ ենք ստանում:
Խելացի անասնագոմին կից Նավասարդյանները մի կացարան էլ հորթուկների համար են կառուցում, որոնք այդտեղ կտեղափոխվեն այս տնակներից: Սպիտակ ու ախտահանված տնակներում հորթերն ապրում են 2-3 ամիս՝ ծնվելուց անմիջապես հետո:
Նարեկ Նավասարդյան - Էս հատվածում հորթերի համար նոր կացարան ենք սարքում, որ գոմում ցամաքած կենդանի չմնա. կթու կովերն ու չկթվողները առանձին լինեն:
Նավասարդյանների նորաստեղծ տնտեսությունը շատ արագ է մեծանում: 2-րդ խելացի անասնագոմը կառուցելու անհրաժեշտություն է առաջացել: Ընտանիքը կրկին կդիմի գյուղաջակցության զարգացման ծրագրին: 2-րդ անասնագոմի նախագիծն արդեն պատրաստ է, հաստատվելու դեպքում շենքն արագ կբարձրացնեն: Նորահայտ ֆերմերները նաև կաթի վերամշակման արտադրություն կհիմնեն: Իսկ որպեսզի անասնակերի մշտական պաշար ուենան, հողատարածք են գնել, առվույտ են աճեցնում: