Երևանի թիվ 5 և 12 պոլիկլինիկաներ այցելող քաղաքացիները հաջորդ տարի կունենան հիմնանորոգված առաջին օղակի բուժհաստատություններ: Երևանի համայնքային բյուջեից Նոր Նորք և Ավան վարչական շրջանների բժշկական հաստատությունների նորոգման համար հատկացվել է շուրջ 600 մլն դրամ:
Գևորգ Սիմոնյան (Երևանի քաղաքապետի տեղակալ) - Այն վարչական շրջաններն են, որտեղ առաջնային օղակի ծառայություն միայն այս կենտրոններն են մատուցում: Այսինքն՝ այս հիմնանորոգումով մի ամբողջ վարչական շրջանի հիմնախնդիր ենք լուծում:
Շինարարությունը մեկնարկել է օրեր առաջ: Ակտիվ ընթացող աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել մեկ տարվա ընթացքում: Հիմնանորոգված պոլիկլինիկաները նաև կհագեցվեն նոր սարքավորումներով:
Ռուբեն Գրիգորյան (միավորված պոլիկլինիկայի տնօրեն) - Թիվ 5 պոլիկլինիկան գտնվում է, այսպես կոչված, մեղմ ասած, ոչ բարվոք վիճակում և երկար տարիներ այստեղ նորոգման աշխատանքներ չեն կատարվել, ու վաղուց անհրաժեշտություն էր առաջացել այստեղ ներդրումներ կատարելու, հիմնանորոգման աշխատանքներ կատարելու:
Պոլիկլինիկաներում փոփոխությունները, ըստ Երևանի քաղաքապետի տեղակալի, անհրաժեշտություն են: Տարիների կուտակված խնդիրներ կան՝ կապված բժշկական կադրեր ներգրավելու, սարքավորումների համալրման և շենքային պայմանների հետ:
Գևորգ Սիմոնյան - Քաղաքականությունն էնպիսին է, որ հնության հետ որևէ ասոցացում, որևէ առնչություն չունենա, մեր սարքավորումները, գույքը, մնացած ամեն ինչը: Այսինքն՝ փորձում ենք անցում կատարել լրիվ նոր, ժամանակակից բժշկական տեխնոլոգիաների:
Եվս տասը պոլիկլինիկայի նախագծա-նախահաշվային աշխատանքներ կիրականացվեն առաջիկա ամիսներին, հաջորդ տարի էլ կմեկնարկի դրանց շինարարությունը, և 2024 թվականին կունենանք ևս տասը՝ ամբողջությամբ հիմնանորոգված առաջնային օղակի կազմակերպություններ:
Հեղինակ՝ Լուսինե Գրիգորյան