ՄԱԿՐՈՆՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Է ԲԱՅԴԵՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատասխանել է ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հայտարարությանը, թե աշխարհը կանգնած է միջուկային պատերազմի վտանգի առջև:
«Ես միշտ հրաժարվել եմ մասնակցել քաղաքական հնարքների և մտացածին երևույթների քննարկումներին, հատկապես իսկ երբ խոսքը վերաբերում է միջուկային զենքին, այս հարցում մենք պետք է շատ զգույշ լինենք»,- նշել է Մակրոնը:
Ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահը նշել էր, որ Ռուսաստանի նախագահը չի կատակում, երբ խոսում է միջուկային, կենսաբանական կամ քիմիական զենքի կիրառման մասին: ԱՄՆ նախագահը օգտագործել է «Արմագեդոն» եզրույթը՝ հավելելով, որ ցածր հզորության միջուկային մարտավարական զենքի օգտագործումը Պուտինի կողմից կարող է արագ դուրս գալ վերահսկողությունից և ոչնչացնել աշխարհը:
ԶԱԷԿ-Ն ԱՐԴԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է. ՌՈԳՈՎ
Զապորոժիեի ատոմակայանը կառավարելու է «Ռոսէներգոատոմը»՝ հայտարարել է Զապորոժիեի շրջանի վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը:
«Զապորոժիեի շրջանը Ռուսաստանի սուբյեկտ է, ուստի ատոմակայանն արդեն Ռուսաստանի սեփականությունն է, և այս կարգավիճակը չի քննարկվում»,- նշել է նա:
Բրյուսելն արձագանքել է որոշմանը: Եվրամիության դիվանագիտության ղեկավարն անօրինական է համարել ատոմակայանի գրավման մասին հրամանագիրը: Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության ղեկավարն էլ այսօր հայտարարել է, որ Զապորոժիեի ատոմակայանի վրա հարձակման հետևանքով շարքից դուրս է եկել կայանի էլեկտրամատակարարման միակ արտաքին աղբյուրը։
Գրոսիի տարածած հայտարարության համաձայն՝ ռեակտորի սառեցման համար անհրաժեշտ էներգիան այժմ կայանին մատակարարվում է միայն վթարային դիզելային գեներատորներով։ Յուրաքանչյուր այդպիսի գեներատոր ունի առնվազն 10 օրվա վառելիք:
ՊԱՅԹՅՈՒՆ ՂՐԻՄԻ ԿԱՄՐՋԻ ՎՐԱ. ԿԱ ԱՌՆՎԱԶՆ ԵՐԵՔ ԶՈՀ
Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 3 զոհ կա: Մոսկվան Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունի համար արդեն մեղադրել է Կիևին: ՌԴ քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։ Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը հայտնել է, որ կամրջի վերականգնման աշխատանքները սկսվել են: Կամրջի ավտոմոբիլային հատվածի երթևեկությունը մասամբ վերականգնվել է: Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ստեղծել կառավարական հանձնաժողով՝ արտակարգ պատահարի պատճառները պարզելու և հետևանքները վերացնելու համար։
Միջադեպից հետո Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդականը Թվիթերի իր էջում գրառում է կատարել:
«Ղրիմ, կամուրջ, սկիզբ: Անօրինական ամեն բան պետք է ոչնչացվի, յուրաքանչյուր գողացված բան պետք է վերադարձվի Ուկրաինային»,- ասել է Միխայիլ Պոդոլյակը:
ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Մոսկվայի դեմ ԵՄ վերջին սահմանափակումները հնարավորություն են տալիս պատժամիջոցներ կիրառել նաև Թուրքիայի դեմ՝ հայտարարել է Հունաստանի վարչապետը: Կիրիակոս Միցոտակիսի խոսքով՝ Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների ութերորդ փաթեթն առաջին անգամ նախատեսում է պատժամիջոցներ սահմանելու հնարավորություն Թուրքիայի ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք խախտում են հակառուսական սահմանափակումները՝ եվրոպական ապրանքներ արտահանելով ՌԴ:
Վարչապետը նշել է, որ եթե Թուրքիան իսկապես ցանկանում է արդյունավետ հարաբերություններ ունենալ Եվրամիության հետ, ապա պետք է փոխի քաղաքականությունը թե՛ Եվրոպայի, թե՛ Հունաստանի նկատմամբ:
ՍՈՒՐՈՎԻԿԻՆԸ՝ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՌԴ ՄԻԱՑՅԱԼ ՈՒԺԵՐԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի որոշմամբ՝ բանակի գեներալ Սերգեյ Սուրովիկինը նշանակվել է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության տարածքում միացյալ ուժերի հրամանատար: Սուրովիկինը 2017 թվականի նոյեմբերից Ռուսաստանի օդատիեզերական ուժերի հրամանատարն է, եղել է նաև Սիրիայում ՌԴ ԶՈՒ զորքերի խմբավորման հրամանատարը, մասնակցել է Տաջիկստանում զինված հակամարտությանը, երկրորդ չեչենական պատերազմին: