Գյումրիում նախատեսվում է կառուցել ջերմամեկուսիչ նյութերի և գիպսաստվարաթղթի գործարան։ Ակնկալվում է շուրջ մեկ տարում ունենալ մինչև 1000 աշխատատեղ։ Օրերս ավագանին միաձայն համաձայնություն տվեց Գյումրու համայնքապետարանի և «ԱՄՍՏԱԼ» ընկերության միջև հուշագիր ստորագրելուն:
Ընկերությունը նպատակ ունի Գյումրիում ստեղծել գործարանային կոմպլեքս, որտեղ արտադրվելու են շինանյութեր։ Դա, ըստ քաղաքի գլխավոր ճարտարագետ Հենրիկ Գասպարյանի, հնարավորություն կստեղծի անհամեմատ մատչելի արժեքներով կառուցել բնակելի տներ, դպրոցներ, մանկապարտեզներ և ցանկացած այլ տեսակի շինություններ, նաև նպաստելով Գյումրիում աշխատատեղերի ստեղծմանը:
Հենրիկ Գասպարյան (Գյումրի համայնքի գլխավոր ճարտարապետ) - Մենք առաջարկել ենք տարածք մսի գործարանի տարածքում, մենք հուշագիր ենք ստորագրելու, հողամասը միանգամից չենք օտարելու, սկզբից վարձակալության հուշագիրը կստորագրենք:
Վարձակալությունը 50 տարի ժամկետով է։ Քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը հայտարարեց՝ ընկերությունը, ըստ հուշագրի, պարտավորվում է իրականացնել 6 մլրդ 150 մլն ՀՀ դրամ արժողությամբ ներդրումային ծրագիր։
Վարդգես Սամսոնյան (Գյումրու քաղաքապետ) - Կոմբինատի տարածք ուղղորդեցինք, որովհետև ուսումնասիրություններով իրենց այդ հատվածը ձեռնտու է. գնացքի գծեր կան, որ հումք տեղափոխեն: Մեծ գործարան է լինելու, պրոֆիլներ կարտադրեն, որ մանկապարտեզ կառուցենք: Մոտ 1000 աշխատատեղը մեր քաղաքի համար կարևոր է։ Կարևոր է նաև, որ էժան հումք կլինի շինարարության համար։
Թույլտվություններն արդեն ունեն, ներդրումային ծրագրի առաջին փուլը՝ գործարանի կառուցումը, նախատեսվում է իրականացնել 3 ամսում:
Վարդգես Սամսոնյան - Իրենք շտապում են, ուզում են երեք ամսվա արագ հավաքվող կոնստրուկցիա, երեք-չորս ամսում կունենանք արտադրամի հատվածը։ Իրենք ունեն փորձ, Ռուսաստանում են արել, իրենք էլ, մենք էլ տրամադրված ենք, որ շատ արագ անենք։
Գործարանի կառուցումից շուրջ 9 ամիս հետո նախատեսվում է ջերմամեկուսիչ նյութերի և գիպսաստվարաթղթի արտադրություն: Գյումրիի քաղաքային իշխանությունը բանակցում է նաև նոր ներդրողների հետ բնակարանշինության և հյուրանոցային բիզնեսի ոլորտներում։