ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հոկտեմբերի 6-ին ընդունել է Չեխիայի ԱԳ նախարարության Անվտանգային քաղաքականության վարչության պետ Իվան Պոչուխի գլխավորած պատվիրակությանը։
Ողջունելով հյուրերին՝ Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Չեխիայի հետ բարեկամական հարաբերությունների դինամիկ զարգացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում։
Անդրադառնալով միջխորհրդարանական հարաբերություններին՝ հանձնաժողովի նախագահը կարևորել է երկու խորհրդարանների միջև համագործակցության խորացումը, գոհունակություն հայտնելով խորհրդարանական բարեկամական խմբերի միջև ակտիվ փոխայցերի վերաբերյալ։
Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձման հարցին՝ ակնկալելով միջազգային հանրության՝ այդ թվում Չեխիայի աջակցությունը։ Նա երախտագիտություն է հայտնել Չեխիայի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի կողմից հայ ռազմագերիների վերադարձի վերաբերյալ բանաձևերի ընդունման կապակցությամբ։
Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը շարունակաբար խախտում է հրադադարի ռեժիմը։ Նա տեղեկացրել է, որ 2022թ․ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է գործել հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով և շնորհիվ միջազգային հանրության հասցեական արձագանքի և ջանքերի՝ հնարավոր է եղել հաստատել փխրուն հրադադար։
Չեխիայի ԱԳ նախարարության Անվտանգային քաղաքականության վարչության պետ Իվան Պոչուխը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար։ Նա նույնպես կարևորել է երկկողմ հարաբերությունների հետագա խորացման անհրաժեշտությունը։
Չեխիան, որպես Եվրոպական միության Խորհրդի նախագահությունը ստանձնած երկիր, իր աջակցությունն է հայտնում Հայաստանին, նշել է Իվան Պոչուխը: