Ազգային ժողովը արտահերթ նիստում փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին ու 6 անդամներին: 2011 թվականի սեպտեմբերից այս պաշտոնը զբաղեցնում էր Տիգրան Մուկուչյանը: Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» նախագահի պաշտոնում առաջադրել էր պատգամավոր Վահագն Հովակիմյանին: Նա օրենսդիրում զբաղեցնում էր նաև Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը:
Հայկ Կոնջորյան («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար) - Մեզ համար չափազանց կարևոր է ԿԸՀ-ի բնականոն գործունեության շարունակականության ապահովումը, Հայաստանում ժողովրդավարական ընտրությունների և ընդհանրապես ժողովրդավարության ավանդույթի կատարելագործումն ու զարգացումը , և մենք մեզ համարում ենք հենց այդ ժողովրդավարության, այս խորհրդարանը համարում ենք միջնաբերդը:
Ըստ Վահագն Հովակիմյանի՝ ժողովրդավարական զարգացման համար անկյունաքարային նշանակություն ունեն ազատ, արդար, թափանցիկ և մրցակցային ընտրությունները:
Վահագն Հովակիմյան (ՀՀ ԿԸՀ նախագահ) - Կյանքիս վերջին 24 տարիները պայքարել, գործել, իմ բոլոր հնարավորություններն օգտագործել եմ, որպեսզի Հայաստանում ընտրությունները լինեն ազատ, արդար, թափանցիկ և մրցակցային` հենց այն գիտակցությամբ, որ այդպես է հնարավոր միայն ունենալ ժողովրդավարական երկիր:
Խոսելով ընտրական բարեփոխումների մասին` կառույցի նորընտիր նախագահը նկատեց՝ Հայաստանի քաղաքացին պետք է կասկած չունենա` իր քվեն չի կորչելու, այդ բարեփոխումների առանցքում պետք է շարունակի մնալ թափանցիկությունը: Հովակիմյանն ասում է` պետք է շարունակել համակարգի թվայնացման գործընթացը, ընտրական ցուցակներում անճշտությունները հնարավոր է բացառել օրենսդրական բարեփոխումների միջոցով:
Վահագն Հովակիմյան - Ներկայիս օրենսդրությունը հնարավորություն է տվել, և լավագույնս այդ օրենսդրությունը կիրառվել է իրավակիրառների կողմից, որպեսզի մեր ընտրական ցուցակները լինեն այնպես, որ որևէ ընտրող դուրս չմնա ընտրական ցուցակներից: Ներկայիս մեր օրենսդրության տրամաբանությունն այդպիսին է, այսինքն` ՀՀ քաղաքացիները դուրս չեն մնում ցուցակներից, բայց կա մեկ հարց, որը տասնամյակներ շարունակ անընդհատ հնչում է՝ արդյոք մեր ընտրացուցակներում կան ընտրողներ, որոնք հրաժարվել են ՀՀ քաղաքացիությունից, բայց այդ մասին որևէ իրավական արձանագրում տեղի չի ունեցել:
Ըստ սահմանադրության՝ ԿԸՀ անդամները իրենց լիազորություններն իրականացնելիս իրավունք չունեն լինել որևէ քաղաքական ուժի, կուսակցության անդամ, բացի այդ՝ զբաղվել քաղաքական գործունեությամբ և հրապարակային հայտարարություններում պետք է ցուցաբերեն զսպվածություն:
Պատգամավոր Զարուհի Բաթոյանը Հովակիմյանին հարցրեց՝ որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր, նաև վարչության նախկին անդամ` ինչպես է պատկերացնում իր անաչառ գործունեությունը:
Վահագն Հովակիմյան - Ով իմ կենսագրությանը ծանոթ է, բազմաթիվ, ընդհուպ ֆիզիկական հաշվեհարդարի, սպառանելիքների, երբեմն նաև ուղղակի իրականացման ճանապարհին եմ բախվել, եթե ես պիտի լինեմ անձ, ով իր սկզբունքներից, իր արժեհամակարգից վաղուց հրաժարված կլիներ:
ԿԸՀ-ի նոր կազմում կշարունակեն պաշտոնավարել հանձնաժողովի անդամներ Նունե Հովհաննիսյանը, Սիլվա Մարկոսյանը ու քարտուղար Արմեն Սմբատյանը: Նոր անդամներն են Պետական եկամուտների կոմիտեի միջազգային համագործակցության վարչության նախկին խորհրդական Աննա Գրիգորյանը, ոստիկանության փոխգնդապետ Ժիրայր Կարապետյանը, ԱյՓիԷսի «Մատչելիություն և քաղաքական ներառում» ծրագրի պատասխանատու Արուսյակ Տերչանյանը: