Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների ութերորդ փաթեթն առաջին անգամ նախատեսում է պատժամիջոցներ սահմանելու հնարավորություն Թուրքիայի ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք խախտում են հակառուսական սահմանափակումները՝ եվրոպական ապրանքներ արտահանելով ՌԴ: Այս մասին հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։
«Կարևոր է, որ գոյություն չունենա այս իրողությունը, երբ կա մեծ երկիր, որը փաստացի շրջանցում է պատժամիջոցները՝ ի վնաս Եվրամիության բոլոր երկրների, որոնք սահմանափակումներ են կիրառում»,- կարծիք է հայտնել վարչապետը:
Նրա համոզմամբ՝ Թուրքիան պետք է փոխի վերաբերմունքը նաև Հունաստանի նկատմամբ։
«Սա պատմական երևակայության, հին կայսրությունների վերածնունդն է, սա, ես կասեի, միջազգային իրավունքի նկատմամբ գործնական արհամարհանք է։ Ես հավատում եմ, որ եթե Թուրքիան իսկապես ցանկանում է արդյունավետ հարաբերություններ ունենալ Եվրամիության հետ, ապա պետք է փոխի իր քաղաքականությունը։ Անկարան եվրոպական ընտանիքում իրեն սատարող դաշնակիցներ չի գտնի, քանի դեռ նա շարունակում է գնալ այդ ճանապարհով»,- նշել է Միցոտակիսը։