«Փեթակ» առևտրի կենտրոնն առավոտից փակ էր: Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հրդեհային անվտանգության կանոնները չպահպանելու պատճառաբանությամբ դադարեցրել է կենտրոնի գործունեությունը։ Համաձայն չլինելով որոշման հետ՝ առևտրականներն իրենց բողոքի ձայնն են բարձրացրել կառավարության շենքի դիմաց:
Գրիգոր Մովսիսյան (տնտեսվարող) - 2021 թվականի կետերով որոշում են կայացրել, 5000 ԱՁ ու ՍՊԸ փակել են, հարկատու մարդկանց փակել են: Բոլոր աշխատանքները հիմնականում կատարել ենք, մի բան է մնացել:
Տեսչական մարմինը «Փեթակ»-ում հրդեհային անվտանգության մեկ տասնյակից ավելի խախտում է հայտնաբերել:
Ելենա Զոհրաբյան (ՀՀ ՔՏՀԱՏՄ հանրային կապերի բաժնի պետ) - Առևտրի կենտրոնում բացակայել են կրակմարիչները, հրդեհի ազդարարման ինքնաշխատ համակարգը մոնտաժված չի եղել և միացված չի եղել լիազոր մարմնին: Տարհանման ելքերը կահավորված չեն եղել, չի պահպանվել տաղավարների միջև սահմանված հեռավորությունը, բացակայել է հրշեջ հիդրանտը կամ հրշեջ ջրավազանը:
Տեսչական մարմինը խախտումները հայտնաբերել էր դեռ 2021 թվականի հունիսին: Կազմել էին արձանագրություն, և ընկերությանը ենթարկել վարչական պատասխանատվության։ Տրվել էր նաև կարգադրագիր՝ հայտնաբերված խախտումները ողջամիտ ժամկետում վերացնելու վերաբերյալ։ Վերջնաժամկետ էր սահմանվել 2022 թվականի հունիսի 23-ը։
Ելենա Զոհրաբյան - Հետազոտություն է նորից իրականացվել նախորդ տարի տրված կարգադրագրի պահանջների կատարումը պարզելու նպատակով:
Տեսչական մարմինն իրավասու է տնտեսվարողին ստուգել միայն տարին մեկ անգամ: «Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատակիցները վստահեցնում են, այդ ընթացքում բոլոր խախտումները վերացրել են:
Նորիկ Հեբոյան («Փեթակ» առևտրի կենտրոնի փոխտնօրեն) - Աշխատանքները 90 տոկոսով կատարվել են: Հրդեհի ազդարարման ինքնաշխատ համակարգը մոնտաժված է, տեղադրված են տարհանման պլանը, կրակմարիչները:
Մակբետ Միրզոյան («Փեթակ» առևտրի կենտրոնի փոխտնօրեն) - Վթարային լուսանջատումները տեղադրված են լրիվ: 150 մետրի վրա կա հիդրանտ, որ թույլատրելի սահմանում է:
Ըստ արձանագրության` ապահովված չէր նաև մարդկանց անարգել տեղաշարժը: Կենտրոնի փոխտնօրենն ասում է՝ այդ խախտումը ևս վերացված է: Պահպանված է նաև տաղավարների միջև սահմանված հեռավորությունը:
Առևտրի կենտրոնը կեսօրից հետո վերաբացվեց: Ըստ կենտրոնի աշխատակիցների` տեսչական մարմինը խախտումները վերացնելու համար կրկին ժամկետ է սահմանել, վստահեցնում են՝ ավարտել են ծխատար համակարգերի նախագծման աշխատանքները, շուտով կտեղադրեն:
Հեղինակ` Վրույր Մկրտչյան