ՔԿ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՈՐԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՍԱՆԵԼԻ Է. ՎԱՐՉԱՊԵՏ
Քննչական կոմիտեի աշխատանքի որակի շարունակական փոփոխությունը տեսանելի է, և սա կարևոր գործընթաց է, որ պետք է շարունակական լինի՝ Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին հայտարարել է Հայաստանի վարչապետը: Նախաքննության 90 և ավելի տոկոսն այժմ Քննչական կոմիտեի պատասխանատվության տիրույթում է, իսկ մյուս տարվա հունվարի 1-ից աշխատանքի ծավալն ավելի կմեծանա:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ օրենսդրական փոփոխությունները ոլորտում հսկայական են: Քրեական դատավարության նոր օրենսգիրք է ընդունվել, որը նաև նոր մարտահրավերներ է բերում, քանի որ ցանկացած նոր օրենք պետք է ադապտացվի: Այս առումով կարևոր է նաև, որ պետական համակարգի աշխատողները, Քննչական կոմիտեի աշխատողներն ունենան սոցիալական երաշխիքների ամուր համակարգ:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Սովորաբար լայն հանրության արձագանքը լինում է հետևյալը, որ` էլի, այսպես ասած, փոխանակ սոցիալական անապահով խավի խնդիրները լուծվեն, լուծվում են, այսպես ասած, պայմանական ասած, վերնախավի խնդիրները: Բայց իմ համոզմունքը գնալով խորանում է, որ նման փոփոխություններ մենք անում ենք ոչ թե հենց աշխատավարձի շահառուների, այլ հենց այդ քաղաքացիների համար, մարդկանց համար, որովհետև, ի վերջո, որակյալ կամ անորակ նախաքննությունն իր հետ բերում է քաղաքացիների իրավունքների պաշտպանության ավելի լավ կամ ավելի վատ որակ:
Իսկ ի՞նչ է փոխվել, ինչպիսի՞ն են այդ փոփոխությունները, ինչպիսի՞ն է այդ փոփոխությունների գնահատականը: Վարչապետ Փաշինյանը մի քանի արձանագրում է արել.
Նիկոլ Փաշինյան - Մտածում եմ, որ Հայաստանում, ներողություն այդ բառի, արտահայտության համար, «գործ սարքելու» ինստիտուտը կամ վերացել է, կամ վերացման եզրին է, կամ մենք գնում ենք այդ ճանապարհով, կամ շատ մեծ առաջընթաց ենք արձանագրել այդ ճանապարհին, որպեսզի այդ «ինստիտուտն» ընդհանրապես ՀՀ-ում գոյություն չունենա:
Վարչապետի խոսքով՝ Հայաստանում նախաքննությունը ավելի սկզբունքային է դառնում, սակայն պարզաբանել է՝ սկզբունքային չի նշանակում քառակուսի քննություն, որովհետև երբեմն քննության ընթացքում և արդյունքում նաև փոխզիջումներ են լինում:
Նիկոլ Փաշինյան - Բայց ուզում եմ ընդգծել, որ դրանք կոմպրոմիսներ են, որոնք նախատեսված են օրենքով: Սա շատ կարևոր է, դրանք իրավական են, օրինական են, և այդ կոմպրոմիսների թերևս միակ նպատակը պետության և հանրության շահերի պաշտպանությունն է: Այս առումով նաև ուզում եմ ընդգծել, որ Քննչական կոմիտեի գործունեության, նախաքննության որակի փոփոխության արդյունքում նաև պետությանը և հանրությանը հասցված վնասների վերականգնման ակտիվ գործընթացն է շատ կարևոր:
Վարչապետի կարծիքով՝ կարող է տպավորություն ստեղծվել, թե մեր շուրջ տեղի ունեցող անվտանգային մարտահրավերների պայմաններում այս նպատակադրումներն ու շեշտադրումներն ամենապատեհը չեն, բայց նա հակառակ կարծիքն ունի:
Նիկոլ Փաշինյան - Ես կուզենայի, որ մենք կենտրոնանանք այս ուղղության, Հայաստանի Հարապետությունն ավելի ու ավելի կոնկրետ քաղաքական, պետական, միջազգային ինստիտուտ դարձնելու խնդրի վրա և այս հենքի վրա ապահովենք մեր պետության հարատևությունը:
Վարչապետը հավելել է, որ 44-օրա պատերազմի հետ կապված գործերի քննությունները նոր շերտեր են բացում:
«Այդ գործերը կարևոր են ինքներս մեզ, մեր խնդիրները ճանաչելու, ընդհուպ մեր սոցիալ-հոգեբանական ոլորտի շերտերի մեջ խորամուխ լինելու, մեր պետության հիմունքների և տեսությանն առերեսվելու առումով»,- շեշտել է պետության ղեկավարը:
ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ՝ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՊՔԵՐՈՎ
Կոմիտեում շարունակվում է 2020 թվականի հուլիսի 12-17-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի կողմից Տավուշի մարզի 8 խաղաղ բնակավայրի քաղաքացիական բնակչության նկատմամբ գրոհների, 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի և Հայաստանի դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու, 2021 թվականի մայիսի 12-ին Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի, իսկ նոյեմբերի 14-16-ն ընկած ժամանակահատվածում` Իշխանասարի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ ագրեսիայի ակտ իրականացնելու, այս տարվա սեպտեմբերի 13-15-ը հայ-ադրբեջանական սահմանի մի շարք բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու դեպքերով նախաքննությունը:
Արգիշտի Քյարամյան (ՀՀ քննչական կոմիտեի նախագահ) - Նշված հանցագործությունների դեպքերով վարչությունում նախաձեռնվել են շուրջ 150 քրեական վարույթներ, որոնք հիմնականում միավորվել են հինգ առանձին վարույթներում, որոնցով իրականացվել են 500-ից ավելի դեպքի վայրերի զննություններ, մանրամասն քննության առարկա են դարձվել ագրեսիայի ակտերի հետևանքով զինծառայողների և քաղաքացիական անձանց զոհվելու, գերեվարվելու, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները:
Հայաստանի քաղաքացիների մասնակցությամբ, զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված, ռազմական գործողություններին առնչվող այլ հանցագործությունների դեպքերով զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումներում նախաձեռնվել է շուրջ 1600 քրեական վարույթ՝ շուրջ 12600 անձանց վերաբերյալ
Արգիշտի Քյարամյան - Նշված քրեական վարույթներով որպես մեղադրյալ ներգրավվել են 883 անձինք, այդ թվում՝ 78 սպա, որոնցից 17-ը՝ բարձրաստիճան, 150 պայմանագրային զինծառայողներ, 491 պահեստազորայիններ, 36 պարտադիր ժամկետային զինծառայողներ և 128 քաղաքացիական անձինք: Հիշյալ քրեական վարույթներից 152-ով նախաքննությունն ավարտվել է, այդ թվում՝ 23-ը՝ 29 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:
Արգիշտի Քյարամյանի համոզմամբ՝ կարևոր է համակարգի ծառայողների մասնագիտական պատրաստվածության մակարդակի հետևողական բարելավումը: Կառույցի ղեկավարը հիշեցնում է՝ ներդրվել է նոր մեխանիզմ, համաձայն որի՝ Քննչական կոմիտեում առաջխաղացման համար անհրաժեշտ է մասնագիտական գիտելիքները ստուգող քննություն հանձնել: