Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային։ Հանդիպման ընթացքում քննարկվել են 2020թ․ պատերազմից հետո Ճապոնիայի կառավարության կողմից իրականացված սոցիալական աջակցության ծրագրերն ու աշխատանքները, ինչպես նաև 2022թ․ սեպտեմբերի 13-ին հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի հետևանքով առաջացած սոցիալական խնդիրներին տրված արձագանքին վերաբերող մանրամասներ։
«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հետպատերազմյան ժամանակահատվածում իրականացրել է բազմաթիվ ծրագրեր՝ գործընկեր ունենալով նաև Ճապոնիայի դեսպանությանը։ Սոցիալական պաշտպանության տարբեր ոլորտներում ևս ստացել ենք Ձեր աջակցությունը։
Պատրաստակամ ենք համագործակցել, ուսումնասիրել և քննարկել այն արդյունավետ ծրագրերը, որոնց կիրառումը հնարավորություն կտա կարգավորել ոլորտում առկա խնդիրներն ու արձանագրել հաջողություն»,- նշել է նախարար Նարեկ Մկրտչյանը։
Դեսպան Մասանորի Ֆուկուշիման ներկայացրել է վերջերս Գեղարքունիք կատարած այցի մանրամասները և շեշտել, որ պատրաստակամ են աջակցել հաղթահարելու հետպատերազմյան հետևանքները։
«Հայաստանը Ճապոնիայի համար հանդիսանում է ժողովրդավար ու դեմոկրատ երկիր, որն ունի իրավունքի ուժի վրա հիմնված հասարակություն։ Հավաստիացնում ենք, որ Ճապոնիայի կառավարությունը շարունակելու է իրականացնել տարբեր ծրագրեր՝ բարելավելու կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց կարիքները»,- նշել է դեսպանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Ճապոնիայի կողմից տարեցների խնամքի հաստատություններին տրամադրվող աջակցության կարևորությունը, ինչպես նաև խոցելի խմբերի, մասնավորապես՝ հաշմանդամություն ունեցող անձանց և երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում համատեղ իրականացվող ծրագրերի իրականացման հնարավորությունը:
Կողմերն անդրադարձել են ևս մեկ դրամաշնորհային ծրագրի, որի միջոցով կբարեկարգվի Խարբերդի մասնագիտացված մանկատունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկված ծրագրերը կարճ ժամանակում գործնական տիրույթ տեղափոխելու վերաբերյալ։