Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Օլիվիե Վերանը հայտարարարել է, որ Ֆրանսիան և արևմտյան այլ երկրներ օգտագործում են Ռուսաստանի հետ երկխոսության բոլոր ուղիները, որպեսզի կանխեն Ուկրաինայում միջուկային զենքի կիրառման հնարավորությունը:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն կանխարգելիչ միջոցներ պետք է ձեռնարկի Ռուսաստանի դեմ, այլ ոչ թե սպասի Ռուսաստանի միջուկային հարվածներին: Զելենսկու կոչը ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը «ՌԻԱ Նովոստիի» հետ հարցազրույցի ընթացքում որակել է համաշխարհային պատերազմի կոչ՝ նշելով, որ դրա պատասխանատվությունը պետք է կրեն ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան, որոնք ուղղորդում են այդ գործողությունները: Պեսկովը հավելել է, որ բոլոր երկրները պետք է ուշադրություն դարձնեն Զելենսկու նմանօրինակ խոսքերին:
Օլիվիե Վերանը ֆրանսիական լրավամիջոցներից մեկի հետ հարցազրույցի ժամանակ նշել է, որ Ֆրանսիան և Եվրոպայի արևմտյան երկրները շատ զգոն են այս հարցում, և որ կօգտագործեն հատկապես դիվանագիտական բոլոր հնարավոր միջոցները՝ այդ տեսակ աղետալի սցենարից խուսափելու համար:
Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն նշել էր, որ Արևմուտքը սպառել է ՌԴ-ին վարկաբեկելու իր միջոցները՝ հավելելով, որ ՌԴ-ն երբևէ որևէ մեկին միջուկային զենքով սպառնալու ծրագրեր չի ունեցել, և այն դիտարկվում է միայն ագրեսիայի զսպման և պաշտպանության միջոց:
Հեղինակ՝ Ալբերտ Սաֆարյան