Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանն ընդունել է ԵՄ Բնակչության պաշտպանության և հումանիտար աջակցության գլխավոր տնօրինության (DG-ECHO) Բնակչության պաշտպանության միջազգային համագործակցության ղեկավար Տրիստան Սիմոնարտին:
Ընդգծելով ԵՄ կառույցների և անդամ պետությունների հետ ԱԻ նախարարության ակտիվ համագործակցությունը՝ փոխնախարարը նշել է, որ այժմ Եվրամիություն-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը հնարավորություն է տալիս վերանայելու դեռևս 2014 թվականից Եվրոպական միության քաղաքացիական պաշտպանության միասնական մեխանիզմին (UCPM) Հայաստանի անդամակցության հայտը:
Հանդիպման ընթացքում Տրիստան Սիմոնարտն առաջարկել է ՝ կազմակերպել և իրականացնել տեխնիկական մասնագիտական քննարկում ԵՄ Պատվիրակության և ԱԻ ներկայացուցիչների հետ՝ համագործակցության ձևաչափերի հստակեցման և նոր հնարավոր ծրագրերի ներգրավման ուղղությամբ:
Դ. Համբարյանը խիստ կարևորել է այն փաստը, որ Հայաստանի Հանրապետությունը, հաշվի առնելով այս պահին իր կարողությունների ծավալները, քաղաքացիական պաշտպանության ոլորտում ցանկանում է և պատրաստ է հանդես գալ նաև օգնություն և աջակցություն առաջարկողի դերում:
Հանդիպման ավարտին կողմերը ձեռք են բերել պայմանավորվածություն, որի տրամաբանությունն արտացոլում է Հայաստանի՝ ԵՄ UCPM մեխանիզմին միանալու, փորձագիտական և ֆինանսական ներդրում ունենալու պատրաստակամությունը, ինչը կդիտարկվի իբրև կարևորագույն ազդակ Հայաստանի թեկնածությունը դիտարկելու համար: