Ռուսաստանը պատրաստ է դադարեցնելու հետագա ռազմական գործողությունները սեփական պայմաններով, իսկ Ռուսաստանի Դաշնության կազմում ընդգրկված տարածքները չեն կարող Ուկրաինայի հետ բանակցությունների առարկա դառնալ, հայտարարել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։
«Երբ ես խոսեցի բանակցությունների մասին, անշուշտ, դրանց թեման չի կարող լինել չորս նոր սուբյեկտների մուտքը Ռուսաստանի Դաշնություն, դա բացառված է: Դրանք արդեն Ռուսաստանի մաս են: Բայց մենք պատրաստ ենք դադարեցնելու հետագա ռազմական գործողություններն այն պայմաններով, որոնք կառաջարկի Ռուսաստանը»,- լրագրողներին ասել է Մատվիենկոն։
Դաշնության խորհրդի նախագահը այլ սենատորների հետ այժմ գտնվում է Ինդոնեզիայում և մասնակցում է «խորհրդարանական G20»-ի միջոցառումներին։ Ելույթ ունենալով այնտեղ լիագումար նիստում՝ նա ուկրաինական պատվիրակությանը կոչ է արել «հենց այսօր» Ջակարտայում նստել ռուս խորհրդարանականների հետ բանակցությունների սեղանի շուրջ։ Մատվիենկոն նշել է, որ ուկրաինական կողմից արձագանք չի եղել: