Դավիթ Մուրադյանը և Եվրախորհրդարանի պատգամավոր, ԵՄ-Հարավային Կովկաս համագործակցության հանձնաժողովների նախագահ Մարինա Կալյուրանդը քննարկել են Հայաստանի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիան։
Դավիթ Մուրադյան - Ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի գործողությունները Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ:
Մարինա Կալյուրանդ - Երեկ Եվրախորհրդարանի լիագումար նիստում բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ քննարկեցինք Հայաստանի տարածքի վրա վերջին հարձակման, ինչպես նաև հրապարակված նողկալի տեսանյութերի հարցերը։ Պետք է ասեմ, որ դա չափազանց հիասթափեցնող է, հատկապես մի իրավիճակում, երբ ԵՄ-ն վերջերս բավականաչափ միջնորդել է Շառլ Միշելի ջանքերով: Հանդիպումներ են եղել անվտանգության պատասխանատուների, ինչպես նաև վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի միջև: Մեկ ամիս առաջ էլ Բրյուսելում պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ երկու կողմերը շարունակելու են խաղաղ պայմանագրի բանակցությունները՝ կայուն, երկարատև խաղաղության պայմանագրի հասնելու համար: Այնպես որ, վերջին իրադարձությունները չափազանց հիասթափեցնող են, և դա է պատճառը, որ ես հայտարարություն արեցի որպես Հարավային Կովկասի պատվիրակության նախագահ:
Դավիթ Մուրադյան - Ի՞նչ դիրքորոշում ունեք Հայաստանի ինքնիշխան տարածքում ապօրինի կերպով գտնվող Ադրբեջանի զինված ուժերի վերաբերյալ:
Մարինա Կալյուրանդ - Իրավիճակը պետք է լուծվի: Երեկ բարձր ներկայացուցիչ Բորելը մեզ ասաց, որ ԵՄ-ն շարունակելու է իր միջնորդությունը։ Գիտեմ, որ նոր հանդիպում է լինելու Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև, և հույս ունեմ, որ իրավիճակը կլուծվի որքան հնարավոր է շուտ, և ինչն ավելի կարևոր է՝ խաղաղ ճանապարհով, առանց հավելյալ տառապանքների և մարդկային հավելյալ կորուստների։
Դավիթ Մուրադյան - Ի՞նչ դիրքորոշում ունեք Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքում քաղաքացիական բնակավայրերի և ենթակառուցվածքների թիրախավորման վերաբերյալ, որոնց հետևանքով կան նաև զոհեր:
Մարինա Կալյուրանդ - Դա իսկապես հիասթափեցնող է, ուստի մենք հիմա փնտրում ենք իրավիճակի լուծում, և ես իմ գնահատականն ասացի հայտարարության մեջ, որն արել եմ սեպտեմբերի սրացումների հաջորդ օրը և հայկական տարածքի վրա հարձակման ապացույցների հրապարակումից հետո։
Դավիթ Մուրադյան - Ի՞նչ դիրքորոշում ունեք Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքում հայ զինծառայողների գերեվարման, նրանց նկատմամբ խոշտանգումների մասին ապացույցների վերաբերյալ, ինչպես նաև հայկական կողմին նրանց չվերադարձնելու վերաբերյալ:
Մարինա Կալյուրանդ - Այո՛, ես դա ասել եմ նաև ավելի վաղ և ուզում եմ կրկնել, որ մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը կվերադարձնի բոլոր հայ գերիներին։ «Ռազմագերիներ» տերմինը չեմ օգտագործում, քանի որ հասկանում եմ, որ Հայաստանում և Ադրբեջանում այն տարբեր կերպ են հասկանում։ Բայց կարևոր է այն, որ բոլոր հայ բանտարկյալները միջազգային իրավունքի համաձայն վերադարձվեն Հայաստան, իսկ մինչ այդ պահվեն համաձայն մարդասիրական իրավունքի և միջազգային իրավունքի: Այդ առումով կասկած չպետք է լինի։ Մարդկանց բանտում պահելը պարզապես չի կարող հավերժ տևել: Եթե նրանք պետք է հրապարակային պատասխանատվության ենթարկվեն, ապա նրանք ունեն պաշտպանվելու բոլոր իրավունքները, այլապես պետք է ազատ արձակվեն:
Դավիթ Մուրադյան - Որոշ պաշտոնյաներ կոչ են անում իրականացնել անկողմնակալ հետաքննություն: Ի՞նչ եք կարծում՝ որքանո՞վ է հնարավոր, որ Ադրբեջանն իրականացնի մարդու իրավունքների նման խախտումների անաչառ հետաքննություն, երբ յուրաքանչյուր անգամ նման հանցագործություն կատարողներին հերոսացնում են:
Մարինա Կալյուրանդ - Երկու երկրներից հռետորաբանություն է հնչում: Կողմերը մեղադրում են միմյանց: Չեմ տեսնում, որ կարող է լինել երկարատև լուծում, քանի դեռ կա նման հռետորաբանություն: Այսպիսով, իմ խորհուրդն է նաև՝ նվազեցնել այդ հռետորաբանությունը, դադարեցնել մեղադրանքները և սկսել համագործակցության հույս փնտրել: Ինչ վերաբերում է անաչառ հետաքննությանը, մենք դա քննարկել ենք նաև երեկ Եվրախորհրդարանում, և ես հասկանում եմ, որ ԵՄ-ն պատրաստ է անաչառ հետաքննության մաս կազմելու՝ տեսնելու, թե արդյոք տեսանյութերը իսկակա՞ն են: Եթե դրանք հավաստի են, պետք է գտնել հանցագործներին և համապատասխան արձագանք պահանջել ադրբեջանական կողմից։ Այնպես որ, այո՛, ես տեսնում եմ, որ այս պահին ԵՄ-ն պատրաստ է նման հետաքննության մաս լինել։
Դավիթ Մուրադյան - Իսկ ինչպե՞ս եք գնահատում Լեռնային Ղարաբաղի խնդրի բանակցությունների առաջընթացը։ Ի՞նչ փուլում ենք հիմա։ Ո՞րն է Ձեզ դիտարկումը:
Մարինա Կալյուրանդ - Մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի մի քանի հանդիպումից հետո մեծ հույսեր ունեի, որ երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են կայուն բանակցություններ վարել և սկսել բանակցված երկարատև խաղաղության պայմանագրի քննարկումը։ Այսօրվա իրավիճակում ես այլևս չունեմ այդքան մեծ հույսեր: Դա կախված է հաջորդող հստակ քայլերից։ Հուսով եմ, որ առաջնորդները կթարմացնեն հանձնառությունը և քաղաքական հանձնառությունից կանցնեն իրական քաղաքական կամքով իրական բանակցությունների։ Խաղաղության հնարավոր չէ հասնել առանց քաղաքական կամքի: Երկու կողմում էլ պետք է լինի քաղաքական կամք և ոչ միայն՝ ղեկավարների մոտ: Պետք է գործել Լեռնային Ղարաբաղի հարցում երկարաժամկետ խաղաղ լուծում գտնելու մթնոլորտում՝ փոխզիջումներով և միմյանց հետ խոսելով։