Նորվեգիայի Նոբելյան կոմիտեն որոշել է խաղաղության մրցանակ շնորհել ռուսական «Մեմորիալին» (ՌԴ արդարադատության նախարարության կողմից ներառված է ոչ կառավարական կազմակերպությունների՝ օտարերկրյա գործակալների ռեգիստրում և լուծարված է), Ուկրաինայի Քաղաքացիական ազատությունների կենտրոնին և բելառուս իրավապաշտպան, «Գարուն» իրավապաշտպան կենտրոնի նախագահ Ալես Բելյացկուն՝ իրենց երկրներում մարդու իրավունքների պաշտպանության համար՝ տեղեկացնում է Interfax-ը։
«Երեք դափնեկիրներն էլ ապացուցեցին քաղաքացիական հասարակության կարևորությունը, որը նրանք ներկայացնում են իրենց երկրներում խաղաղության և ժողովրդավարության համար»,- կարծում է Նոբելյան կոմիտեն։
Հանձնաժողովը հիշեցրել է, որ «Մեմորիալը» ստեղծվել է 1987 թվականին՝ պահպանելու խորհրդային պետության բռնաճնշումների և հանցագործությունների զոհերի հիշատակը, կազմակերպության հիմնադիրներից էին Նոբելյան մրցանակակիր Անդրեյ Սախարովը և իրավապաշտպան Սվետլանա Գաննուշկինան։
60-ամյա Ալես Բելյացկին, որն այժմ գտնվում է քննչական մեկուսարանում, 1996 թվականին ստեղծեց «Գարուն» իրավապաշտպան կենտրոնը, որի ղեկավարն է մինչ օրս։ 2011 թվականին Բելյացկին դատապարտվել է 4,5 տարվա ազատազրկման՝ մեղադրվելով հարկերից խուսափելու համար։ Նա ազատ է արձակվել 2014 թվականին և Խաղաղության Նոբելյան մրցանակին է առաջադրվել, երբ անազատության մեջ էր։
Քաղաքացիական ազատությունների կենտրոնը ստեղծվել է 2007 թվականին Կիևում՝ ժողովրդավարության և մարդու իրավունքների արժեքները քարոզելու նպատակով։ Այժմ կազմակերպությունը զբաղվում է պատերազմական հանցագործությունների բացահայտմամբ և փաստագրմամբ՝ ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։
2022 թվականի Խաղաղության մրցանակը կազմում է 10 միլիոն շվեդական կրոն (897.000 դոլար), այս գումարը բաշխվում է դափնեկիրների միջև, եթե դրանք մեկից ավելի են։ Մրցանակակիրները ստանում են նաև դիպլոմներ և Նոբելյան մեդալներ։ Մրցանակներն ավանդաբար հանձնում են Ստոկհոլմում և Օսլոյում դեկտեմբերի 10-ին՝ Ալֆրեդ Նոբելի մահվան օրը։