Սյունիքի, Տավուշի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերը թե՛ անցած դարի 90-ականներից հետո, թե՛ հիմա չպայթած զինամթերքով աղտոտված են: Դա են փաստում Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի ուսումնասիրությունները:
Կարինե Հախնազարյան (Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու) - Կարող ենք այսօր փաստել, որ ունենք Հայաստանում 18 միլիոն 310 հազար քմ աղտոտվածություն:
Ուսումնասիրությունն արվել է 2020-ի 44-օրյա պատերազմից հետո մինչև 2022-ի սեպտեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածը: Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքում արդեն մաքրվել է ավելի քան 135 հազար քառակուսի մետր տարածք: Մինչև 2020 թվականը հայտնաբերում էին Խորհրդային Միության արտադրության զինամթերք, հիմա պատկերն այլ է: Սահմանամերձ տարածքներում հիմա հայտնաբերում են նաև այլ երկրների արտադրության առավել վտանգավոր զինամթերք: Ադրբեջանական կողմին այլևս չի հետաքրքրում՝ բնակավայրերին ինչ զինատեսակով է հարվածում:
Արա Մարտիրոսյան (Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի գլխավոր տեսուչ) - Ընդամենը մի տարածք ունեինք կասետային զինամթերքով վարակված, այսօրվա դրությամբ մենք ունենք շատ տարածքներ, որոնք աղտոտված են կլաստերային զինամթերքով, որը միջազգայնորեն շատ վտանգավոր, արգելված զինատեսակ է:
Ըստ մասնագետի՝ կասետային զինամթերքը սովորաբար տեսքով գրավիչ է: Գտնողն անմիջապես վերցնում ու հետաքրքրվում է դրանով: Դրանք կարող են պայթել նույնիսկ թեթևակի շարժի դեպքում: Մասնագետները բնակչությանը հորդորում են՝ զինամթերք հայտնաբերելու դեպքում անմիջապես ահազանգել:
Կարինե Հախնազարյան - Պետք է զանգահարեն մեր անվճար թեժ գծին՝ 08000 9000, ինչպես նաև արտակարգ իրավիճակների նախարարություն՝ 911 և ոստիկանություն՝ 1 02:
90-ականներից մինչև այժմ Հայաստանում չպայթած ականային զինամթերքից տուժել է 829 մարդ: Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի մասնագետները տեղազննում են այն հատվածները, որոնք զինվորականների հսկողության տակ չեն: Դեռևս 2012-13 թթ. Հայաստանում աղտոտված տարածքը կազմել է 42 մլն քմ, 2014-ից մինչև 2020-ը մաքրվել է ու հասցրել էին 17 մլն քառակուսի մետրի: Հիմա այն հասել է 18 միլիոնի, սակայն դեռ կան տարածքներ, որոնք զինվորականների հսկողության տակ են ու չեն ուսումնասիրվել: