Երեկ Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից հետո հայտարարություն է տարածվել: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ բանակցությունը «Եվրոպական քաղաքական համայնքի» առաջին հանդիպման շրջանակներում էր:
Հայտարարություն - Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար, և որ այդ հանձնաժողովների հաջորդ նիստը կկայանա Բրյուսելում, մինչև հոկտեմբերի վերջ: Հայաստանն իր համաձայնությունը հայտնեց՝ խրախուսելու Եվրամիության քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնեց գործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին, առավելագույնը երկու ամիս ժամկետով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը:
ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՀՀ-ԹՈՒՐՔԻԱ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ
Նույն օրը տեղի է ունեցել նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման համատեքստում երկուստեք կարևորվել են ուղիղ շփումներն ու բարձր մակարդակի հանդիպումները:
Փաշինյանը և Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն ու այդ ուղղությամբ հետագա հնարավոր քայլերը:
Շեշտվել է երկու երկրների հատուկ ներկայացուցիչների քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների շուտափույթ իրականացման անհրաժեշտությունը:
Մասնավորապես, խոսքը վերաբերում է երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանի բացմանը, Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացմանը:
Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային գործընթացների շուրջ:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԿԱՆՑԼԵՐԻ ՀԵՏ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պրահայում կարճատև հանդիպում է ունեցել նաև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Զրուցակիցները անդրադարձել են հայ-գերմանական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերի:
Վարչապետը մանրամասներ է փոխանցել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ, անդրադարձել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է միջազգային հանրության համարժեք արձագանքը:
Նոր ագրեսիաների կանխարգելման համատեքստում վարչապետը ընդգծել է սահմանային իրավիճակի մշտադիտարկման և վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը:
Հեղինակ՝ Աննա Զախարյան