2004 թվականից Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 7-ը նշվում է որպես Գրադարանավարի օր: Այս տարի օրվան նվիրված միջոցառումներն իրականացվում են «Ժամանակիդ շունչը դարձի՛ր» կարգախոսով՝ նվիրված հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին:
Գրադարանավարի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում գրադարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և երկարամյա աշխատանքային գործունեության համար ոլորտի նվիրյալները պարգևատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շնորհակալագրով և պատվոգրով: Հայաստանի ազգային գրադարանի մեծ դահլիճում այսօր կայացած միջոցառմանը պարգևները հանձնել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:
Նախարարի տեղակալը ողջունել է ներկաներին և իր խորին երախտագիտությունը հայտնել ոլորտի աշխատակիցներին՝ նվիրումի և շնորհակալ աշխատանքի համար:
«Գրադարանային ոլորտի սիրելի՛ աշխատակիցներ, շնորհակալ եմ ձեր աշխատանքի համար: Ոլորտում առկա խնդիրների համատեքստում էլ ավելի է ընդգծվում այն փաստը, որ գրադարանավարը, գրքի պահպանման և գրքի մշակույթի տարածման ոլորտի մարդիկ ամենալավատեսն են, որովհետև դուք ունեք ճգնավորին հատուկ հավատարմություն, հետևողականություն, հավատ ձեր գործի և առաքելության հանդեպ: Մենք ապրում ենք շատ բարդ ժամանակներում. գրադարանի աշխատակիցը բարդ ժամանակների հսկայական պատմական փորձ ունի, բայց ամենամեծը գրքի պահպանության փորձն է: Միջնադարյան մեր սուրբ հայրերի, մեր գրիչների արյունն է հոսում ձեր երակներում, նրանցով ձևավորված գիտակցությունն է արմատացած ձեր մեջ»,- ասել է Արա Խզմալյանը և շնորհավորել ոլորտի աշխատակիցներին՝ նրանց մաղթելով ամենայն բարիք և անսպառ լավատեսություն:
Այնուհետև տեղի են ունեցել 2022 թվականի «Լավագույն գրադարան» խորագրով մրցույթի ամփոփումն ու մրցանակների հանձնման արարողությունը:
Նշենք, որ 2022 թվականին մրցույթին մասնակցել են 27 պետական, համայնքային և այլ կազմակերպությունների գրադարաններ:
«Լավագույն մարզային գրադարան» անվանակարգում հաղթել է Լոռու մարզային գրադարանը, «Լավագույն մասնագիտական գրադարան» անվանակարգում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանը, «Լավագույն գիտակրթական գրադարան» անվանակարգում՝ Հայ-ռուսական համալսարանի գրադարանը, «Լավագույն նորարար գրադարան» անվանակարգում՝ Շիրակի մարզային գրադարանը, «Լավագույն համայնքային գրադարան» անվանակարգում՝ «Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգը», «Լավագույն դպրոցական գրադարան» անվանակարգում՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» գրադարանը:
Պատվոգրերի են արժանացել՝ Սյունիքի մարզային գրադարանը, Վայոց ձորի մարզային գրադարանը, Ջերմուկի քաղաքային գրադարանը, Սյունիքի մարզի Կապան քաղաքի ակումբագրադարանային միավորումը, Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղի միջնակարգ դպրոցի գրադարանը:
Մրցույթի նպատակներն են Հայաստանի Հանրապետությունում գրադարանների լավագույն աշխատանքի խրախուսումը և հանրայնացումը, դիտարժան փորձի վերհանումը, գրադարանի ու գրադարանավարի դերի ամրագրումը: