Գերեվարված հայ զինծառայողներին Բաքվում խոշտանգել են: Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով գերեվարված, հետո Հայաստան վերադարձած 17 զինծառայողների հետ անհատական զրույցներում արձանագրել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը:
Քրիստիննե Գրիգորյան (ՀՀ մարդու իրավունքների պաշտպան) - Բաքվի տարբեր իշխանությունների, իրավապահ տարբեր մարմինների հետ իրենց առնչություններում, նույն հոսպիտալում ունենք արձանագրած դեպքեր: Բժիշկների և բժշկական անձնակազմի կողմից վատ վերաբերմունքի դեպքեր ունենք արձանագրած:
Քրիստիննե Գրիգորյանն ընդգծում է՝ ադրբեջանցի զինվորականները շարունակում են պատերազմական հանցագործությունները, քանի որ Բաքվի իշխանությունները խրախուսում են դրանք: ՄԱԿ-ի Խտրականության տարբեր ձևերի վերացման կոմիտեին ադրբեջանական կողմը զեկուցել է՝ 2020 թվականից հետո պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրվողներից ոմանց պատժի է ենթարկել՝ սահմանելով երկամսյա տնային կալանք: Մարդու իրավունքների պաշտպանն այս քայլը անպատժելիության դրսևորում է որակում:
Քրիստիննե Գրիգորյան - Ոչ միայն անպատժելիության է մատնում, այլ նաև խրախուսում և գովաբանում է նման տեսակ հանցագործությունները, հակառակ դեպքում՝ ինչպես ենք հիմնավորում, որ նույն այդ ամենածանր, ամենաանմարդկային հանցանքներ կատարած հատուկ ստորաբաժանումները մշտապես տեսանկարահանում են իրենց պատերազմական հանցագործությունները և տարածում սոցիալական ցանցերում:
Հայ զինծառայողների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի, նրանց գնդակահարության և անդամահատման տեսանյութերին միջազգային հանրության արձագանքն օպերատիվ էր՝ նշում է Գրիգորյանը, անդրադառնում նաև ադրբեջանցիների դեմ կատարված ենթադրյալ «պատերազմական հանցագործությունների մասին» Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գրառմանը:
Քրիստիննե Գրիգորյան - Պարոն Կլաարը ինձ պատասխանել է, որ անպայման կուղարկի, բայց մինչ այս պահը ես դեռ չունեմ այդ տեսանյութը:
Մարդու իրավունքների պաշտպանն արժանահավատ չի համարում նաև հայ զինծառայողների հանցագործությունների վերաբերյալ ադրբեջանցիների հայտարարությունները: Ընդգծում է՝ եթե այդ տեսանյութերն ու լուսանկարներն իրական են, Ադրբեջանը պետք է ուսումնասիրման տրամադրի միջազգային անկախ և անկողմնակալ կառույցներին:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան