Պրահայում Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը: Էմանուել Մակրոնը և Շառլ Միշելը դրական են գնահատել քառակողմ քննարկումները:
Էմանուել Մակրոն (Ֆրանսիայի նախագահ) - Հայաստանը համաձայնել է աջակցել Ադրբեջանի հետ սահմանին Եվրամիության քաղաքացիական առաքելությանը, Բաքուն էլ համաձայնել է գործակցել։ Առաքելության նպատակը վստահության ձևավորումը և զեկույցներով սահմանային հանձնաժողովների աշխատանքներին օժանդակելն է:
Շառլ Միշել (Եվրոպական խորհրդի նախագահ) - Քննարկվել են կայուն դեէսկալացիան և խաղաղությանն ուղղված ջանքերի ակտիվացումը, որոնց Եվրամիությունը պատրաստ է աջակցել: Սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության քաղաքացիական առաքելության վերաբերյալ. դա կնպաստի վստահության ձևավորմանը և սահմանային հանձնաժողովների աշխատանքին։ Սահմանային հանձնաժողովները կհանդիպեն մինչև հոկտեմբերի վերջ Բրյուսելում։
ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ՄՈՏԵՆՈՒՄ ԵՆՔ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆԸ. ԱԼԻԵՎ
Հայաստանի հետ խաղաղության գործընթացին ազդակ է հաղորդվել՝ նման հայտարարությամբ էլ հանդես է եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ քառակողմ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում:
Իլհամ Ալիև (Ադրբեջանի նախագահ) - Հուսով եմ՝ աստիճանաբար մոտենում ենք խաղաղությանը: Բարձր եմ գնահատում այս հարցում Շառլ Միշելի աշխատանքը: Բրյուսելում մի քանի եռակողմ հանդիպումներ են տեղի ունեցել, և ամեն հանդիպումից հետո ավելի ենք մոտեցել խաղաղությանը։ Կարծում եմ՝ Պրահայում հանդիպումը կարևոր կլինի խաղաղության համաձայնագրի ձեռքբերման տեսանկյունից: Շփումները դեռ շարունակվում են: Եթե Հայաստանը բարի կամք դրսևորի, մինչև տարեվերջ կարող ենք կնքել խաղաղության պայմանագիրը:
Խաղաղության գործընթացում, Ալիևի գնահատմամբ, կարևոր է հասնել նրան, որ միջազգային իրավունքի սկզբունքները, մասնավորապես տարածքային ամբողջականության սկզբունքը միանման մեկնաբանվեն: Նաև համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների մակարդակով շփումները պետք է շարունակվեն՝ նպաստելու երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստմանը։
Իլհամ Ալիև - Հոկտեմբերի 2-ին Ժնևում արդեն կայացել է արտգործնախարարների առաջին հանդիպումը։ Չնայած հստակ արդյունքների բացակայությանը՝ կարծում եմ՝ դա դրական քայլ էր: Առաջիկայում նրանք պետք է հանդիպեն երկրորդ անգամ: Մենք առաջարկել ենք, որ այնուհետև հանդիպեն երկու երկրի աշխատանքային խմբերը և մի քանի օր աշխատեն խաղաղության պայմանագրի տեքստի պատրաստման ուղղությամբ։
ԱՆԴՐԱԴԱՐՁ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱՇՐՋԱՓԱԿՄԱՆԸ
Ալիևն անդրադարձել է նաև հաղորդակցությունների ապաշրջափակման թեմային, շեշտել՝ առաջընթաց չկա, և հույս է հայտնել, որ այդ թեման առավել մանրամասն կքննարկվի նոյեմբերին Շառլ Միշելի միջնորդությամբ կայանալիք եռակողմ հանդիպման շրջանակում:
Իլհամ Ալիև - Ես նորից դիմեցի Հայաստանի վարչապետին, որպեսզի ի վերջո մեզ ավտոմոբիլային ճանապարհի երթուղին տրամադրի: Կրկին պատասխան չստացա: Անհասկանալի է, որ մեզ չեն ցանկանում ինքնակամ տրամադրել ճանապարհ դեպի Նախիջևան: Սա ստանձնած պարտավորությունների աղաղակող խախտում է: Բայց մենք դեռ համբերություն ենք դրսևորում: Վստահ եմ՝ վաղ թե ուշ դրան կհասնենք, ցանկալի է՝ հնարավորինս շուտ:
Հաղորդակցությունների ապաշրջափակման մասին Ալիևի հայտարարությանն հակադարձել է Հայաստանի վարչապետը՝ նշելով, որ գործընթացը խոչընդոտում է հենց ադրբեջանական կողմը:
Նիկոլ Փաշինյան - Պրահայում ես ևս մեկ անգամ հաստատեցի մեր առաջարկը՝ ապաշրջափակել տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունները։ Ադրբեջանը կրկին դրական չի արձագանքել. կրկնում եմ՝ Հայաստանը պատրաստ է ապաշրջափակել տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունները՝ մեր ինքնիշխանության և օրենսդրության լիարժեք հարգանքի հիման վրա:
Ճեպազրույցի ընթացքում Ալիևը շեշտել է նաև Հայաստան-Ադրբեջան-Վրաստան եռակողմ հարթակի ստեղծման կարևորությունը՝ Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության հաստատման համար։ Ալիևի խոսքով՝ այդպիսի հարթակի շրջանակում կարող են քննարկվել նաև հաղորդակցությունների, էներգետիկ և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Ադրբեջանի նախագահը հայտարարել է նաև, որ Բաքուն աջակցում է Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, ընդգծել՝ Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացները փոխլրացնում են միմյանց:
ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԼԻԱՐԺԵՔ ԿԱՐԳԱՎՈՐՎԵԼ
Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում Հայաստան-Թուրքիա հարաբերություններին և Հայաստանի վարչապետի հետ հանդիպմանն անդրադարձել է Ռեջեփ Էրդողանը, հայտարարել՝ լավատես է հարաբերությունների կարգավորման հարցում։
Ռեջեփ Էրդողան (Թուրքիայի նախագահ) - Մենք հավատում ենք, որ Հայաստանը և Թուրքիան կարող են հասնել հարաբերությունների լիարժեք կարգավորման՝ տարածաշրջանում բարիդրացիության սկզբունքի հիման վրա։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են որոշ հարցեր։ Անկարան Հայաստանի հետ հետ հարաբերությունների կարգավորման համար որևէ նախապայման չի առաջադրում։ Հենց Հայաստանը խաղաղության պայմանագիր կնքի Ադրբեջանի հետ, մեզ հետ ոչ մի խնդիր այլևս չի ունենա։
Էրդողանի խոսքով՝ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները, ինչպես նաև հատուկ ներկայացուցիչները հանդիպումներ կանցկացնեն՝ քննարկելու կարգավորման գործընթացին վերաբերող մի շարք հարցեր: