Բունդեսթագի SPD խմբակցությունը` ի դեմս արտաքին քաղաքականության խոսնակ Նիլս Շմիդի և պատասխանատու զեկուցող Դիտմար Նիտանի, հայտարարություն է տարածել` անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանային վերջին լարվածությանը: Դրանում, մասնավորապես, ասված է.
«SPD խորհրդարանական խմբակցությունը մեծ անհանգստությամբ է հետևել Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության վերջին սրմանը, ներառյալ հայկական տարածքում բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումներին:
Ադրբեջանի զանգվածային ռազմական գործողություններով Հայաստանի սահմանների և տարածքի խախտումը որևէ կերպ չի կարող արդարացվել։ Զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ քաղաքացիական անձինք, բազմաթիվ հայերի փախուստը հայրենի քաղաքներից, ինչպես նաև ադրբեջանական զինուժի կողմից հայ գերիների նկատմամբ պատերազմական հանցագործությունների և դաժան վերաբերմունքի մասին հաղորդումներն անընդունելի են։ Պատերազմական հանցագործությունների վերաբերյալ փաստերը պետք է ամբողջությամբ պարզաբանվեն։
Մենք ողջունում ենք այն փաստը, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև թեժ մարտերի կրկին բռնկվելուց հետո երկու երկրները, նաև միջազգային հանրության աջակցությամբ, համաձայնության են եկել հրադադարի շուրջ, և ընթանում են բանակցություններ։ Վերջերս հայ ռազմագերիների ազատ արձակումը նույնպես դրական ազդանշան է։
Երկու կողմերին էլ կոչ է արվում զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է վտանգել երկու երկրների և տարածաշրջանի միջև անվտանգությունը։ Մենք կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել երկխոսությունը. միայն բռնությունը դադարեցնելը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղ լուծմանն ուղղված բանակցությունները և վերջապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը կարող են հանգեցնել նրան, որ երկու երկրների ժողովուրդներն ապագայում կարողանան ապրել խաղաղության մեջ:
Մենք մերժում ենք ռազմական միջոցներով փաստեր ստեղծելու փորձերը. երկու կողմերն էլ տասնամյակներ տևած հակամարտության ընթացքում ստիպված են եղել սգալ բազմաթիվ զոհերի համար, և կոչ է արվում անել առավելագույնը հանուն խաղաղ ապագայի:
Դաշնային կառավարությունը, Եվրամիությունը և միջազգային հանրությունը կոչ են անում հետևել իրադարձություններին, շարունակել ինտենսիվ ջանքեր գործադրել երկու երկրների միջև միջնորդության ուղղությամբ և չընդունել միջազգային իրավունքի խախտումները»։