Գյուղատնտեսություն, էներգետիկա, տուրիստական բիզնես, սպասարկման ոլորտ, արտահանում՝ մասնավոր ընկերություններում ներդրում անող տնտեսվարողի փայաբաժնի հետ շահույթն ու ռիսկերը կիսող Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը դարձել է աշխարհի նմանատիպ հիմնադրամներին միավորող «Սուվերեն ֆոնդերի միջազգային ֆորում» կազմակերպության ասոցացված անդամ։
Որոշումը նշանակում է՝ ԱՆԻՖ-ի ֆինանսական հաշվետվությունները կառույցը ճանաչում է նույնքան բաց, թափանցիկ, վստահելի, որքան մյուս մասնակիցներինը, օրինակ՝ Ֆրանսիայինը կամ ԱՄՆ-ինը։ Միլիարդանոց ներդրումային ակումբին միանալը ԱՆԻՖ-ի գործադիր տնօրենը խոստումնալից է համարում։
Դավիթ Փափազյան (ԱՆԻՖ-ի գործադիր տնօրեն) - Դժվար է նույնականացնել, թե ասոցիացիային միանալու բենեֆիթները երբ ու ինչպիսի կլինեն, բայց դա դրական ազդակ է:
Ըստ Դավիթ Փափազյանի՝ օտարերկրյա ներդրում Հայաստան բերելը դժվար չէ․ խնդիրն այնպես անելն է, որ արտասահմանյան բիզնեսն այստեղ չհուսահատվի տարբեր նախարարություններում հանդիպող բյուրոկրատական քաշքշուկից։ Մասնավորի հետ պետության շփումներում տնտեսությանը սպասարկող օրենքները բարեփոխելու տեղ դեռ կա՝ ասում է։
Դավիթ Փափազյան - Պետական կառույցները այլևս պարտավոր են պատշաճ ժամանակում, պատշած ձևով պատասխան տալ ներդրում առաջարկողին։ Պարզ բաներ են, որ հիմա էապես ավելի լավ են կազմակերպված, բայց դա միշտ բարելավման կարիք ունի:
Ի դեպ, միայն պետական համակարգի թերությունները չէ, որ ԱՆԻՖ-ում համարձակորեն թվարկում են։ Ասում են՝ փողը կա, խնդիր չէ, բայց հաճախ դժվարանում են գործարար դաշտից բիզնես պարտնյոր գտնել, քանի որ մեր շատ ընկերություններում իներցիայով դեռ սեփականատերը տնօրեն-խորհրդի նախագահ է՝ միանձնյա որոշում կայացնող ինչպես ֆինանսական, այնպես էլ արտադրական ու կադրային հարցերով։ Դա ամենասխալ մոտեցումն է․ մինչև կազմակերպություններում չանցնեն կորպորատիվ կառավարման սկզբունքի՝ յուրաքանչյուր հաստիք ունենա իր բաժին գործն ու որոշում կայացնելու չափաբաժինը, ֆոնդը չի կարող ֆինանսավորել այդ ընկերությունների առաջարկած նույնիսկ ամենալավ ծրագիրը՝ բաց հայտարարում է կառույցի ղեկավարը։
Դավիթ Փափազյան - Մենք շատ ենք հանդիպում մարդկանց, որոնք ինչ-որ մի ինդուստրիայի մասնագետն են, լավ են հասկանում էդ պրոդուկտը, բայց ընկերություն կառավարելու ունակ չեն կամ թույլ են։ Այսինքն՝ մարդիկ, ովքեր հաշվապահություն վարել չգիտեն, մարդիկ, ովքեր չունեն մարդկանց, ովքեր դա կանեն, բանկերի հետ շփվելում դժվարանում են:
Փափազյանը պնդում է՝ հայկական բոլոր այն ընկերությունները, որտեղ ֆոնդը գումար է դրել և բաժնեմաս վերցրել, աշխատում են կորպորատիվ կառավարման սկզբունքով։ Ինչ վերաբերում է միջազգային գործընկերներին՝ և՛ Արագածոտնում կառուցվող արևային կայանի «Մասդարը», և՛ ազգային մեր ավիափոխադրողի բաժնետեր «էյր Արաբիան» այդ առումով նույնիսկ համակարգաստեղծ ֆունկցիա ունեն։ Փափազյանը, ով նաև «Ֆլայ Առնայի» խորհրդի նախագահն է, անկեղծանում է՝ հայկական ինքնաթիռները Դաշնություն ուղարկելը, ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին, բարդ որոշում էր։
Դավիթ Փափազյան - Հաշվի առնելով որ 2+ միլիոն հայաստանցի է Ռուսաստանում ապրում, առաջին ֆակտորն էր դա, որոշեցինք, որ ամեն դեպքում ռիսկը կվերցնենք ու թռիչքները դեպի Սոչի ու Մոսկվա կսկսենք:
ԱՆԻՖ-ում գոհ են 3 ամիս առաջ թռիչքներ սկսած «Ֆլայ Առնայի» այս պահի ցուցանիշներից։ Որպես բիզնեսի գործընկեր՝ ֆոնդի շահույթը ինչպես այս, այնպես էլ իրենց մյուս ծրագրերում զուտ փողի տեսքով չեն պատկերացնում, այլ տնտեսությունն օղակ առ օղակ ամրացնելով։ Նաև՝ առաջիկա առնվազն 5 տարում մտադիր չեն վաճառել բիզնեսներից և ոչ մեկի պետության փայաբաժինը։
Դավիթ Փափազյան - Մենք ներդրում ենք անում, եկամուտը վերցնում ենք, ուրիշ տեղ ենք ներդրում անում, հետո երրորդ տեղն ենք ներդրում անում, ու դա անուղղակիորեն ստեղծում ա բավականին մեծ դրական էֆեկտ երկրի տնտեսության զարգացման համար: