«Բացահայտել լավագույններին, խանդավառել հաջորդներին»՝ կարգախոսը բնութագրում է նպատակը, որը պատճառ դարձավ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում կրթական պարգևների մրցանակաբաշխության կազմակերպման համար: Արդեն 18 տարի Հայաստանի 6 բուհերի լավագույն ուսանողները, որոնք մասնագիտանում են ՏՏ ոլորտում, ստանում են կրթական պարգև, այս տարի մրցանակակիրները 29-ն են:
Հովիկ Մուսայելյան («Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն) - Տարբեր նոմինացիաներից բուհերը 10-ական ուսանողներ են իրենց հավաքականներում եղել, հանձնաժողովի խնդիրն էր կարճ հարցազրույցի միջոցով բացահայտել իրենց գիտելիքները, աշխարհայացքը, տրամաբանելու ընդունակությունը, ինտելեկտուալ կարողությունները: Միշտ չէ, որ հնարավոր է լինում կարճ ժամանակում՝ 20 րոպեի ընթացքում, բացահայտել էդ ամեն ինչը, բայց, կարծում եմ՝ ճիշտ ճանապարհ ենք ընտրել և ճիշտ չափորոշիչներով ենք գնահատել:
Վարչապետի անունից մրցանակները ուսանողներին հանձնեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ «Սինոփսիս» ընկերության նախագահ ու գլխավոր գործառնական տնօրեն Սասին Ղազիի հետ: Փոխվարչապետ Գրիգորյանը ներկաներին հիշեցրեց՝ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունի:
Մհեր Գրիգորյան (ՀՀ փոխվարչապետ) - Մերօրյա իրականության մեջ մենք ՏՏ ոլորտի զարգացումը կարևորում ենք ոչ միայն տնտեսական ոլորտի տեսանկյունից, այլ նաև դիտարկում ենք որպես բոլոր առանցքային և կենսական նշանակություն ունեցող ոլորտների զարգացման շարժիչ ուժ, ի վերջո, նաև մարդկային կապիտալի զարգացման շարժիչ ուժ:
Կարիք չկա ընդգծելու, թե որքան կարևոր են տեղեկատվական տեխնոլոգիաները, և ոչ միայն տնտեսական, այլ նաև ազգային անվտանգության առումով՝ իր ելույթում ընդգծեց «Սինոփսիս» ընկերության նախագահ ու գլխավոր գործառնական տնօրեն Սասին Ղազին:
Սասին Ղազի («Սինոփսիս» ընկերության նախագահ ու գլխավոր գործառնական տնօրեն) - ՏՏ-ն ավելին են, քան պարզապես աշխատանք: Այն իսկապես փոխում է մարդկանց ապրելակերպը, փոխում է մեր կյանքերը: 20-30 տարի առաջ մարդիկ տարբեր կերպ էին հաղորդակցվում, ֆիզիկական շփմանը հիմա փոխարինել է թվայինը: ՏՏ-ն հենց այն ոլորտն է, որի կիզակետում մենք հիմա կանգնած ենք, և դրան պետք է նայել ոչ միայն ֆինանսական տեսանկյունից, այլև թե ինչպես է այն փոխում մարդկանց, տնտեսությունը և երկրների միջև գործակցությունը:
Անվանակարգերը չորսն են՝ «Լավագույն ասպիրանտ», «Լավագույն մագիստրանտ», «Լավագույն բակալավր» և «Լավագույն աշակերտ»: Վերջին անվանակարգը, սակայն, արդեն 3 տարի է՝ չի անցկացվում: Հովիկ Մուսայելյանի պնդմամբ՝ նոր չափորոշիչները կմշակվեն, և «Լավագույն աշակերտ» անվանակարգը կվերականգնվի հաջորդ տարվանից: Հենց առաջին տարվանից՝ 2005-ից, «Սինոփսիսի» հետ գործին է լծվել նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամը, որը «Սինոփսիսի» հետ ֆինանսավորում է ծրագիրը:
Հայկակ Արշամյան («Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն) - Կրթական բաղադրիչին մեծ ուշադրություն է դարձվում, և այն երիտասարդները, որոնք կրթվում են և փորձում են լավ մասնագետ դառնալ, բնականաբար, այս մրցանակաբաշխությունը շատ լուրջ խթան է իրենց հետագա կյանքը, կարիերան, բիզնեսում առաջ գնալու համար:
Մասնակցելու համար ուսանողը պետք է որոշ չափանիշների համապատասխանի՝ սովորի ընտրված 6 բուհերից մեկում, ունենա բարձր առաջադիմություն, մասնակցած լինի օլիմպիադաների, ունենա տպագրած հոդվածներ:
Արտյոմ Սիրեկանյան (ԵՊՀ ինֆորմատիկայի և համակարգչային գիտությունների բաժնի 4-րդ կուրսի ուսանող, մրցանակակիր) - Հիմնական բարդությունը մինչև մրցույթ եղած ժամանակահատվածն է, քո կյանքն է, որ պետք է կարողանաս մեծ ներդրում ունենաս, սա այսպես ասած խրախուսանքն է, սա վերջնական կետը չի, սա հենց սկիզբն է այս մրցույթը իրականում:
Մրցանակակիրները նաև դրամական պարգև են ստանում՝ բոլոր անվանակարգերում 100-1000 դոլար: 18 տարում այս ծրագրին մասնակցել է շուրջ 2200 ուսանող: