Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունը հրաժարվել է ճանաչել Զապորոժիեի ատոմակայանը Ռուսաստանի ենթակայությանը փոխանցելու որոշումը։ Այս մասին հայտարարել է կազմակերպության գործադիր տնօրեն Ռաֆայել Գրոսին, հաղորդում է Reuters-ը։
«Սա միջազգային իրավունքի հարց է: Մենք ցանկանում ենք, որ պատերազմն անհապաղ դադարեցվի, և, իհարկե, ԱԷՄԳ-ի դիրքորոշումն այն է, որ այդ օբյեկտը ուկրաինական է»,- ասել է նա։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գրոսին խորհրդակցություններ կանցկացնի «իշխանության համապատասխան մարմինների» հետ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ԶԱԷԿ-ը դաշնային սեփականությանը փոխանցելու մասին հրամանագրի պատճառով։ Այս թեման նա կբարձրացնի Կիև և Մոսկվա կատարելիք իր այցերի ընթացքում։ Գրոսին ցանկանում է ռուսական կողմի հետ քննարկել օբյեկտի շուրջ անվտանգության գոտի ստեղծելու հարցը։ Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ հանդիպումից հետո Գրոսին հայտարարել է այդ հարցում առաջընթացի մասին: