ՀԱՏԿԱՑՎԵԼ Է 508 ՄԼՆ ԴՐԱՄ 21 ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ
508 միլիոն դրամ՝ Հայաստանի 7 մարզի 20 բնակավայրի 21 սուբվենցիոն ծրագրի ֆինանսավորման համար: Կառավարությունը գումարը հատկացրեց Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզպետարաններին: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը մանրամասն ներկայացրեց ծրագրերը, նշեց՝ սուբվենցիաների 2022-ի բյուջեն 18 միլիարդ դրամ է. 324 ծրագրի համար գործադիրը արդեն հատկացրել է ավելի քան 9 մլրդը:
Գնել Սանոսյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - Եթե մարզերը, համայնքները 18-ից ավելին կիրականացնեն, վերաբաշխում կանենք: Ծրագրեր կան՝ այս տարի կավարտվեն, ծրագրեր կան, խոշոր, եթե մշակույթի կենտրոններ են, մանկապարտեզ, մեկ տարում հնարավոր չէ ավարտել: 21-ին, 22-ին իրականացվեցին, 551 ծրագիր ավարտվել է:
Նախարարը հիշեցրեց՝ 2023-ի ծրագրերի հայտերն արդեն ընդունել են: Մինչև դեկտեմբեր, դրանք կքննարկվեն, կվերադարձվեն համայնքներ՝ մրցույթներ իրականացնելու համար:
Արայիկ Հարությունյան (ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար) - Հիմա, որ հաստատել ենք 2023-ի ծրագրերը, ստացվում է, որ ի վիճակի ենք դրանք հիմնականում կատարել 23-ին, վճարենք, բայց կունենանք 2022-ից կիսատ սուբվենցիոն ծրագրեր: Հաշվի՞ ենք առել բյուջեով այս մեկուկես դրույք վճարումը, որ անելու ենք 2022-ի, 2023-ի համար:
Գնել Սանոսյան - Դժվար է կանխատեսել, որովհետև շատ դեպքերում շինընկերությունները պարտականությունները չեն կատարում: Բայց հաշվի առնելով, որ ծավալը մեծանում է, մենք պետբյուջեում գումարն ավելացրել ենք: 2023-ին հատկացվել է 22 մլրդ:
ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՑԱՆԿԸ
Օրակարգային հաջորդ հարցով գործադիրը հաստատեց ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքում բազային և թեմատիկ տարածական տվյալների ցանկը: Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը նշեց՝ տարածական տվյալը այն համակարգն է, որտեղից հնարավոր է ձեռք բերել տեղեկատվություն երկրագնդի մակերևույթի և ստորգետնյա կոմունիկացիաների վերաբերյալ: Այդ ենթակառուցվածքները հնարավորություն կստեղծեն կառավարման համակարգում որոշումներ կայացնել ճշգրիտ տվյալների հիման վրա:
Սուրեն Թովմասյան (ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար) - Կառավարության որոշման նախագիծը բաղկացած է երեք հավելվածից: Դրանք բազային և թեմատիկ շերտերի ցանկերն են, երկրորդը բազային և տարածական տվյալներին վերաբերող ստանդարտացման ուղեցույցներն են, և երրորդը թեմատիկ տարածական տվյալներին վերաբերող ստանդարտացման ուղեցույցներն են:
Թովմասյանի խոսքով՝ համակարգի ներդրումը կխթանի տնտեսության զարգացումը, բիզնեսին կտրամադրվի առժամանակյա ճշգրիտ տեղեկատվություն, ինչի հիման վրա բիզնեսը կպլանավորի իր հեռանկարային գործունեությունը: Ըստ նրա՝ համակարգի արդյունավետ կառավարումը հնարավոր է, երբ բոլոր տվյալները համադրելի են:
Սուրեն Թովմասյան - Եթե, օրինակ, Կադաստրի կոմիտեի կողմից հայցվում է տեղեկատվություն ռելիեֆի, կադաստրի քարտեզի և հողի նպատակային գործառնական նշանակության մասին, դրանք պետք է լինեն համապատասխան այն միջավայրում ստեղծված, որ, օրինակ, գյուղատնտեսության ոլորտի տեղեկատվությունը հնարավոր լինի համադրել Կադաստրի կոմիտեից ստացված տեղեկատվության հետ և որպես վերջնարդյունք կատարել վերլուծություն և եզրահանգման գալ, արդյունքում մշակել քաղաքականություն:
ԿՎԵՐԱՑՎԻ ԴԵՂԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ
Կվերացվի դեղերի արտաքին գովազդի սահմանափակումը. Կառավարությունը հավանություն տվեց համապատասխան օրենսդրական փաթեթին: Գործող օրենսդրությամբ արգելված է դեղերի արտաքին գովազդը, մինչդեռ գովազդի մյուս տեսակները թույլատրվում են: Կարգավորման տրամաբանությունն ու հիմնավորումը, նախարարի գնահատմամբ, թույլ են:
Վահան Քերոբյան (ՀՀ էկոնոմիկայի նախարար) - Վերջին ժամանակում մենք արտաքին գովազդի շուկայում իրականացված փոփոխությունների արդյունքում կտրուկ նվազեցրել ենք արտաքին գովազդի ոլորտում աշխատող ընկերությունների հասույթը: Արգելել ենք կազինոների և շահումով խաղերի գովազդը, դրա արդյունքում ընկերությունները լուրջ խնդիրներ ունեն: Այս փոփոխությամբ փորձում ենք օգնել ընկերություններին, թույլ տալ, որ մի քիչ ավելի գումար աշխատեն:
Անահիտ Ավանեսյան (ՀՀ առողջապահության նախարար) - Սա վերաբերում է միայն առանց դեղատոմսի դուրս գրվող դեղերին, որոնց շրջանակը շատ նեղ է: Վավերապայմանները գովազդի թույլտվության խիստ են: Կաշխատենք պաշտպանել քաղաքացիներին ինքնաբուժման, ոչ պատշաճ բուժման սխեմաներ խրախուսելուց:
ՄԻԿՐՈՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՀԱՐԿՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԿՎԵՐԱՆԱՅՎԵՆ
Գործադիրն առաջարկում է փոխել միկրոձեռնարկատիրության ոլորտում հարկման կանոնները: Ֆինանսների նախարարի խոսքով՝ միկրոձեռնարկատիրության հարկման համակարգը սկզբնապես բնութագրվում էր որպես հարկման արտոնյալ համակարգ, որի նպատակն էր բնակչությանը ծառայություններ մատուցող, բնակչության համար աշխատող և ապրանք մատակարարող փոքր տնտեսվարող սուբյեկտների համար ստեղծել հարկման արտոնյալ պայմաններ: Պարզվել է, սակայն, համակարգից օգտվում են նաև նրանք, ովքեր եկամուտ ունեն այլ տնտեսվարող սուբյեկտներից:
Տիգրան Խաչատրյան (ՀՀ ֆինանսների նախարար) - Առաջարկում ենք սահմանել, որ միկրոձեռնարկատիրության կարգավիճակը թույլ չի տալիս պասիվ եկամուտներն ազատել հարկումից: Այսինքն՝ միայն այդ կարգավիճակը ընտրելու ուժով չի կարող քաղաքացին ակնկալել, որ եկամտահարկից ազատում կունենա:
Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է հնարավորինս կրճատել միկրոձեռնարկատիրության հարկման համակարգում գործող տնտեսվարողների շրջանակը՝ հարկման այս արտոնյալ համակարգը դարձնել ավելի թիրախային: Ըստ նախարարի՝ այս կերպ փորձում են լուծել ոլորտում առկա խնդիրները, սակայն ամբողջական լուծման տարբերակը կարող է լինել հարկման միասնական ռեժիմը:
Խաչատրյանի պնդմամբ՝ շարունակելու են աշխատել հարկման դաշտը միասնական դարձնելու ուղղությամբ, իսկ մինչ այդ հատվածական կարգավորումներով կփորձեն փակել սողանցքերը, որոնք դարձել են հարկերից խուսափելու հարթակ:
Փակել սողանցքերը, որ չխուսափեն հարկերից. միկրոձեռնարկատիրության հարկման կանոնները կվերանայվեն: