Հոկտեմբերի 5-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմնի Կառավարման խորհրդի արտահերթ նիստը։ Այն նախագահել է ՔՏՀԱ տեսչական մարմնի կառավարման խորհրդի նախագահ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը։
Արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված էր ՔՏՀԱՏՄ ղեկավարի թեկնածությանը հավանություն տալու հարցը։
ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում առաջադրվել էր Գարեգին Գեղամի Խաչատրյանի թեկնածությունը։
ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի թեկնածու Գ․Խաչատրյանը կառավարման խորհրդի անդամներին ներկայացրել է իր աշխատանքային կենսագրությունը։ Այնուհետև Կառավարման խորհրդի անդամները ՏՄ ղեկավարի թեկնածուին ուղղել են իրենց հարցերը՝ կապված նրա՝ Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնում նշանակվելու դեպքում իրականացվելիք գործունեության հետ։
Խորհրդի անդամները միաձայն հավանություն են տվել Խաչատրյանի թեկնածությանը։
Կառավարման խորհրդի համապատասխան որոշումից հետո թեկնածությունը ներկայացվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հաստատմանը։
ՀՀ վարչապետը, ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով և «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով, հոկտեմբերի 5-ի 1157-Ա որոշմամբ Գարեգին Խաչատրյանին նշանակել է քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար։