ԱՐԴԵՆ ԱՎԵԼԻ ՔԱՆ 200 000 ՄԱՐԴ Է ԶՈՐԱԿՈՉՎԵԼ. ՇՈՅԳՈՒ
Ռուսաստանում հայտարարված մասնակի մոբիլիզացիայի շրջանակում արդեն ավելի քան 200 հազար մարդ է զորակոչվել՝ հայտարարել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
Նրա խոսքով՝ մոբիլիզացված քաղաքացիների վերապատրաստումն իրականացվում է 80 զորավարժարանում և ուսումնական 6 կենտրոնում։
Ավելի վաղ Շոյգուն տեղեկացրել էր, որ ընդհանուր առմամբ զորակոչվելու է 300 հազար պահեստազորային։
ՆՈՐ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ՃԱՆԱՉՎՈՒՄ ԵՆ ՌԴ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ
Վլադիմիր Պուտինը ստորագրել է Դոնեցկը, Լուգանսկը, Զապորոժիեն և Խերսոնը Ռուսաստանի կազմում ընդգրկելու մասին պայմանագրերի վավերացման վերաբերյալ օրենքները։ Նշվում է, որ այժմ Ռուսաստանը բաղկացած է 89 սուբյեկտից։
Նոր շրջանների բնակիչները ճանաչվում են Ռուսաստանի քաղաքացիներ։ Տարածքները պահպանում են հանրապետությունների և շրջանների կարգավիճակը և նախկին անվանումները։ Խերսոնը և Զապորոժիեն ՌԴ կազմում են ընդգրկվում ներկայիս արձանագրված սահմաններով, իսկ Դոնեցկի և Լուգանսկի սահմանները՝ իրենց սահմանադրություններին համապատասխան: Նոր շրջաններում պետական լեզուն ռուսերենն է լինելու, ուկրաիներենի ուսումնասիրությունը չի արգելվում:
Վլադիմիր Պուտինը նաև հրամանագիր է ստորագրել, որի համաձայն Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանը պետք է ճանաչվի Ռուսաստանի դաշնային սեփականություն:
Պաշտոնական Կիևը և մի շարք երկրներ ադրեն հայտարարել են, որ այս որոշումը Ուկրաինայի տարածքների բռնակցում է և հակասում է միջազգային իրավունքին ու ՄԱԿ-ի կանոնադրությանը:
ԵՄ ԵՐԿՐՆԵՐԸ ՌԴ-Ի ԴԵՄ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆՈՐ ՓԱԹԵԹ ԵՆ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ
ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ Ռուսաստանը կդադարեցնի նավթի մատակարարումը, եթե արևմտյան երկրները ռուսական նավթի գնի առավելագույն գին սահմանեն։
«Սա վատ նախադեպ է ստեղծում և առաջին հերթին հարվածելու է հենց այդ պատժամիջոցները սահմանողներին»,- նշել է նա:
Նախօրեին Եվրամիության երկրները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի շուրջ։ Մասնավորապես, նախատեսվում է ռուսական նավթի գնի վերին շեմ սահմանել՝ հայտնել են ԵՄ-ում Չեխիայի նախագահությունից։
8-րդ փաթեթի համաձայն՝ արգելվում է ծովային ճանապարհով սահմանաչափը գերազանցող գնով ռուսական նավթ տեղափոխել երրորդ երկրներ: Արգելվում է նաև Ռուսաստան բարձր տեխնոլոգիական արտադրանքի մատակարարումը, ռուսական կառույցներին ՏՏ, ինժեներական, իրավական ծառայությունների տրամադրումը։
Պատժամիջոցների փաթեթը ներառում է, այդ թվում, Ռուսաստանից պողպատե արտադրանքի, փայտանյութի, թղթի, կենցաղային տեխնիկայի, քիմիական նյութերի, պլաստիկի, ծխախոտի ներմուծման արգելք։
Ակնկալվում է, որ փաթեթը քննարկման կներկայացվի հոկտեմբերի 6-ին և 7-ին Պրահայում ԵՄ երկրների և կառավարությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովում։
ԿԺԴՀ-Ն ԲԱԼԻՍՏԻԿ ՀՐԹԻՌՆԵՐ Է ԱՐՁԱԿԵԼ ՃԱՊՈՆԱԿԱՆ ԾՈՎԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ՝ հայտնել են Ճապոնիայի առափնյա պահպանության ծառայությունից։ Լրատվամիջոցների տվյալով՝ հրթիռները Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտուց դուրս են ընկել։
Վարչապետ Ֆումիո Կիսիդան մտահոգություն է հայտնել՝ Հյուսիսային Կորեայի գործողությունները անընդունելի են և սպառնում են տարածաշրջանի անվտանգությանը։
Հյուսիսային Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունից էլ նշել են, որ հրթիռների արձակումը հակահարված է ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժություններին:
Ամերիկյան կողմը նույնպես արձագանքել է. Վաշինգտոնը համապատասխան քայլերի կդիմի, եթե ԱՄՆ-ին կամ դաշնակիցներին վտանգ սպառնա: ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը հավելել է՝ դեռևս շարունակում են հանդես գալ երկխոսության և դիվանագիտության օգտին: