Մոցարտի, Բեթհովենի էտալոնային կատարող, արևելքի Տոսկանինի, դիրիժորության հանճար․այսպես էր աշխարհը ընդունում լեգենդար մաեստրոյին՝ Օհան Դուրյանին։ Աշխարհահռչակ դիրիժորի՝ 100-ամյակին նվիրված միջոցառումները Հայաստանում շարունակվում են։
Դուրյանի երկրպագուները Կոմիտասի թանգարան-ինստիտուտում են։ Վայրը պատահական չի ընտրվել: Մաեստրոյի ընտանիքի մտերիմը պատմում է, որ Երուսաղեմում ծնված դիրիժորը հայերեն սովորել է պատանի հասակում։ Նրա համար Կոմիտասը պաշտամունք էր։
Վահան Վարդապետյան (Դուրյան ընտանիքի բարեկամ, բժիշկ) - Հայերեն մաեստրոն սովորել է 16 տարեկանում Երուսաղեմի եկեղեցու վանականների կողմից։ Ինքը նրանց սովորեցրել է արաբերեն և երաժշտություն, իսկ վանականները՝ Դուրյանին սովորեցրել են հայերեն։ Մաեստրոն պատմում էր, որ առաջին անգամ, երբ լսել է Կոմիտասի երաժշտությունը, այդ ժամանակ ինքը հիմնավորապես ընկալել է իր հայ լինելը։
Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ Օհան Դուրյանի 100-ամյակին նվիրված՝ Կենտրոնական բանկի թողարկած արծաթե հուշադրամի ու Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և «Հայփոստի» թողարկած նամականիշի շնորհանդեսը։
Նամականիշը շրջանառության մեջ է դրվել սեպտեմբերի 13-ին։ Շնորհանդեսը հետաձգվել էր։
Շուշան Ալեքսանյան («Հայփոստ» ՓԲԸ ֆիլատելիայի բաժնի ղեկավար) - Նամականիշի անվանագինը 230 դրամ է։ Տպագրվել է Ֆրանսիայի Կարտոր տպագրատանը։ Նամականիշը կկպցնենք ծրարների վրա, կուղարկենք ամբողջ աշխարհով մեկ։ Այն կպատմի Օհան Դուրյանի անգնահատելի մեծ ժառանգության մասին։
Երեկոյի ընթացքում ելույթ ունեցան «Գեղարդ» երգչախումբը, դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը։
Հեղինակ՝ Անի Ավագյան