Նախորդ տարվա համեմատ Հայաստանում գրադարանների թիվը 235-ով նվազել է՝ հասնելով 416-ի: Փակված գրադարանների մի մասը ունեցած գրականությունը հանձնում են դպրոցներին, որոշ գրադարաններն էլ պահում են՝ սպասելով հարցի լուծմանը:
Նազիկ Հովասափյան (ԿԳՄՍ մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ) - Սա շատ լուրջ խնդիր է, և մենք փորձում ենք ինչ-որ ձևով աջակցել համայնքային գրադարաններին: Համայնքային գրադարանները հենց համայնքների հոգածության ներքո են գործում: Եվ քանի որ համայնքները ֆինանսապես ապահովված չեն, հետևաբար չեն կարողանում պահպանել գրադարանի բնականոն գործունեությունը:
Յուրաքանչյուր մարզում ընդամենը մեկ նախարարության ենթակայության ներքո գործող գրադարան կա, որն ամեն տարի ստանում է 1.7-2 մլն դրամ նոր գրականություն ձեռք բերելու համար: Չնայած այս աջակցությանը՝ Շիրակի մարզային գրադարանում գրականության համալրման հարցը շարունակում է արդիական մնալ, իսկ այցելուների պակաս չունեն:
Գևորգ Ամիրյան (Շիրակի մարզային գրադարանի տնօրեն) - Պետության կողմից սուբսիդավորման գումարը կրկնապատկվել է, ինչը որոշակի խնդիրը լուծում է, սակայն դիմում են նաև այլ միջոցների՝ բարեգործություն, նվիրատվություն:
Գեղարքունիքի մարզային գրադարանի տնօրենի դիտարկմամբ դասական գրադարանների առջև այսօրվա հիմնական մարտահրավերը ժամանակակից տեխնոլոգիաների պակասն է: Մասնագիտական գրականութայն բաց ևս ունեն:
Մարիամ Համբարձումյան (Գեղարքունիքի մարզային գրադարանի տնօրեն) - Հիմնականում մասնագիտական գրքերն են, որ չենք կարողանում ձեռք բերել, պահանջարկը կա, բայց դժվարությամբ ենք ձեռք բերում մասնագիտական գրքերը, հիմնականում արտասահմանյան գրականությունն է այսօր շատ, ժամանակակից գրողների գրականությունն է շատ ընթերցվում: Ընթերցողական պահանջները շատ տարբեր են:
Պետական քաղաքականությունն ուղղված է գրականության թվայնացմանը, գրադարանների մատչելիությունն ու հասանելիությունը ապահովելուն, ինչպես նաև գրադարանների համալրման շարունակականությանը:
Նազիկ Հովասափյան (ԿԳՄՍ մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ) - Մենք ունենք նաև հավաստագրման ծրագիր, որով համայնքային գրադարանները ստանում են հանրային գրադարանի կարգավիճակ և իրավունք են ստանում օգտվելու նյութատեխնիկական բազայի զարգացման ծրագրից: Այդ ծրագրի շնորհիվ հանրապետությունում կա մոտ 55 ժամանակակից ու արդիականացված ընթերցասրահներով գրադարաններ:
Երևանում կա 36 գրադարան, որոնցից երկուսը՝ Հայաստանի ազգային գրադարանն ու Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը, պատկանում են նախարարությանը:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան