ՊՐԱՀԱՅՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՇԱՌԼ ՄԻՇԵԼՆ ՈՒ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ
Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:
՛՛Նյու Յորքում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո այսօր Պրահայում հանդիպել եմ Իլհամ Ալիևի հետ: Ավելի ուշ ես և Էմանուել Մակրոնը կհանդիպենք Հայաստանի Վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ՝ քննարկելու Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները և տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու ջանքեր»,- Թվիթերում գրել է Միշելը:
Լրատվամիջոցների տվյալով՝ հանդիպման ընթացքում կողմերը, մասնավորապես, ընդգծել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված Երևան-Բրյուսել-Բաքու ձևաչափով հանդիպումների կարևորությունը: Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել Շառլ Միշելին միջնորդական առաքելության համար։
Միշելը և Ալիևն անդրադարձել են նաև նոյեմբերին Բրյուսելում նախատեսված Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպման օրակարգին։
ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԸ ՍԱՏԱՐՈՒՄ Է ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիայից հայտնել են, որ հոկտեմբերի 5-ին խորհրդարանական քննարկումների ժամանակ վարչապետ Մարկ Ռյուտեն, պատասխանելով Հայաստանի նկատմամաբ Ադրբեջանի վերջին ագրեսիայի և դրա ընթացքում կատարված ռազմական հանցագործությունների վերաբերյալ պատգամավորների հարցերին, հայտարարել է, որ Նիդերլանդները սատարում է Եվրամիության դիրքորոշումը:
Նա ընդգծել է, որ ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը դատապարտել է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան:
Նիդերլանդների վարչապետն հավելել է նաև, որ Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների արտգործնախարարություն, որտեղ նրան ներկայացրել են երկրի տեսակետը և Բաքվին փոխանցել Նիդերլանդների խնդրանքը՝ անկախ փորձաքննություն անցկացնել և հետաքննել ռազմական հանցագործությունները:
4 ՏԱՐՎԱ ԸՆԴՄԻՋՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԹՈՒՐՔԻԱՆ ԴԵՍՊԱՆ Է ՆՇԱՆԱԿԵԼ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ
Թուրքիան չորս տարվա ընդմիջումից հետո դեսպան է նշանակել Իսրայելում։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։
Իսրայելում Անկարայի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը դարձել է Շաքիր Օզքան Թորունլարը, որը 2010-2013 թթ. զբաղեցրել է Երուսաղեմում գլխավոր հյուպատոսի պաշտոնը։
ԿԻԵՎԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՆԴԱՄԱԿՑԵԼ ՆԱՏՕ-ԻՆ. ԵՎՐԱՀԱՆՁՆԱԿԱՏԱՐ
Կիևը չի կարող անդամակցել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի տարածքում ռազմական գործողությունների պայմաններում՝ հայտարարել է Եվրամիության ներքին շուկայի հարցերով եվրահանձնակատար Թիերի Բրետոնը։
«Վոլոդիմիր Զելենսկին խնդրել է ընդունել Կիևին ՆԱՏՕ-ի կազմ, սակայն, ինչպես հայտնի է, դաշինքին անդամակցելու հարցը չի կարող դրվել երկրի տարածքում ռազմական գործողությունների ժամանակ։ Իսկ Ուկրաինայում ռազմական գործողություններ են ընթանում, և դժվար է ասել՝ երբ դրանք կավարտվեն»,- ասել է Բրետոնը։
ՆԱՏՕ-Ի ԸՆԴԼԱՅՆՈՒՄԸ ԱՐԵՎԵԼՔ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է. ԻՐԱՆԻ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ
ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք վտանգավոր է, Իրանը հանդես է գալիս տարածաշրջանում կայունության և անվտանգության օգտին՝ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանը հայտարարել է Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոհբերը։
Մոհբերը նաև շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին Իրանի միջուկային ծրագրի վերականգնման և Թեհրանի դեմ սահմանված պատժամիջոցները վերացնելուն ուղղված ջանքերի համար։
ՏՈԿԱԵՎԸ՝ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը համաձայնել է առաջադրվել նոյեմբերի 20-ին նախատեսված նախագահական ընտրություններում Ժողովրդական կոալիցիայի կողմից։ Նա հայտնել է, որ մոտ ապագայում կներկայացնի իր նախընտրական ծրագիրը։
Ավելի վաղ՝ Ղազախստանի իշխող «Ամանաթ» կուսակցության ղեկավարը տեղեկացրել էր, որ Ղազախստանի քաղաքական միավորումները ժողովրդական կոալիցիա են ստեղծել՝ հաջակցություն նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի։