Երևանյան լիճը մաքրվել է եղեգներից: Դեռ տարեսկզբին մի գիտնական ահազանգել էր՝ լճում բնակություն հաստատած 1 եղեգը տարվա ընթացքում 300 լիտր ջուր է գոլորշացնում: Երևանի քաղաքապետարանի մասնագետները խնդիրներն ուսումնասիրեցին ու գույքագրեցին՝ Հրազդան գետի Երևան մտնող հատվածից մինչև Երևանյան լիճ 16 հեկտար եղեգ կա, որից 8 հեկտարը՝ միայն լճում:
Հրաչյա Սարգսյան (Երևանի քաղաքապետ) - Հաջորդ տարի նույնպես մրցույթ ենք դրել, որ մյուս 8 հեկտարը, այսինքն՝ Հրազդան գետի մուտքից մինչև Երևանյան լիճ ամբողջությամբ մաքրենք: Ցավալի է, բայց մենք մեր Երևանը, երևի, պետությունը չենք սիրում: Մենք նաև աղբի որսիչ կայանք ենք տեղադրել Երևանյան լճի մուտքի մոտ և երկու շաբաթը մեկ բավականին մեծ քանակությամբ աղբ է կուտակվում. դա և՛ պլաստիկ է, և՛ կենդանիներ, և՛ կենցաղային առարկաներ:
Մասնավոր ընկերությունը աղբը մաքրել և եղեգները հեռացրել է 3 ամսում: Ըստ պայմանագրի՝ մինչև 2023 թվականի մարտ պետք է ավարտված լինի նաև տարածքի բարեկարգումը:
Վարդան Կնյազյան (տեխնիկական հսկիչ) - Մաքրման աշխատանքներն սկսել ենք այս տարի, որի ժամանակ հեռացվել է մեծ ծավալով աղբ՝ տնտեսական և այլ, լիճը բերվել է մաքուր տեսքի: Մոտավորապես երեք ամսվա ընթացքում 14.000 և ավել խորանարդ մետր աղբ է դուրս եկել Երևանյան լճից:
Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի խոսքով՝ տնտեսվարողների վճարած բնապահպանական վճարները Երևան համայնքը կարող է օգտագործել բնապահպանական նպատակով, եթե Կառավարությանը ծրագիր ներկայացնի, և հաստատվի այն: Հավաքված գումարով հաջորդ տարի նախատեսվում է Գետառի ու Հրազդան գետի հանդիպման վայրում մաքրման կայան կառուցել:
Հրաչյա Սարգսյան - Մենք 2023 թվականի համար ներկայացրել ենք ծրագիր, որով նախատեսում ենք, որ Երևանյան լիճ մուտք գործող ջուրը պետք է մաքրվի, նոր մտնի Երևանյան լիճ: Երևանյան լճի ջրից դա կարգավորիչ ջրամբար է, որը տարբեր ոռոգման սեզոնին օգտագործվում է ոռոգման նպատակներով, և հնարավորություն կունենանք ավելի մաքուր ջուր մատակարարել ոռոգման համակարգով:
Երևանյան լճում նաև մեծ քանակությամբ տիղմ կա, որը Խորհրդային Միության փլուզումից ի վեր չի մաքրվել: Քաղաքային իշխանությունը տիղմը փուլ առ փուլ կմաքրի, քանի որ ջրամբարը 12 ամսվա ընթացքում ամբողջությամբ դատարկ պահել հնարավոր չէ: Եթե ամեն տարի տիղմի մաքրման համար 100 միլիոն դրամ հատկացվի, քաղաքապետն ասում է՝ առաջիկա 5-6 տարում հնարավոր է Երևանյան լիճն ամբողջությամբ մաքրել:
Հրաչյա Սարգսյան - Մենք հիմա շինարարության ընթացքում նաև համապատասխան տեղեր կթողնենք, որ տարեցտարի ինչ-որ բյուջե նախատեսենք և տարիների ընթացքում էդ տիղմը մաքրենք: Այսինքն՝ խնդիրը բավականին մեծ է, միանգամից հնարավոր չէ լուծել, դա կախված է նաև եղանակային պայմաններից:
Երևանյան լճի բարեկարգման ծրագրով տարածքում 625 մետր երկարությամբ նոր ճեմուղի է կառուցվում: Այստեղ առանձին հատված է նախատեսված նաև հեծանվորդների համար: Քաղաքային իշխանությունը չի բացառում, որ բարեկարգման աշխատանքներն ավարտելուց հետո լճի մերձակա տարածքները նաև մասնավոր ընկերություններին վարձակալության տրվեն:
Մասնավորին վարձակալության տալուց առաջ մոտ 630 մետր երկարությամբ և 3 մ բարձրությամբ արգելապատնեշ է կառուցվել, որպեսզի ջրի ավելացման դեպքում լրացուցիչ խնդիրներ չառաջանան: Տարածքում նախատեսվում է նաև շուրջօրյա լուսավորություն: Քաղաքապետարանն այս տարի Երևանյան լճի մաքրման ու բարեկարգման համար 90 միլիոն դրամ է ծախսել: Քաղաքապետ Սարգսյանը վստահեցնում է՝ հաջորդ տարի այդ գումարն ավելի մեծ կլինի: