Մոսկվան համալիր աջակցություն է ցուցաբերում Ռուսաստանի դաշնակիցներ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, այդ թվում՝ խաղաղության համաձայնագրի նախապատրաստման աշխատանքներին: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մեր համապարփակ առաջարկները փոխանցել ենք Երևանին ու Բաքվին: ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը տարածաշրջան այցեր է կատարել այս հարցով խորհրդակցություններ անցկացնելու նպատակով»,- նշել է դիվանագետը:
Զախարովայի խոսքով՝ նրանք, ովքեր փորձում են կասկածի տակ դնել կամ նվազեցնել Ռուսաստանի դերն այս գործընթացում, ցանկալին իրականության տեղ են ներկայացնում. Ռուսաստանը գործնական աշխատանք է տանում հստակ արդյունքներ արձանագրելու համար:
«Մենք չենք զբաղվում գովազդով, որի մեջ բովանդակություն չկա: Մենք պատմում ենք արդյունքների մասին»,- նշել է Զախարովան, հավելել՝ հաշվի առնելով թեմայի զգայունությունը՝ Մոսկվան հանրային կերպով չի մեկնաբանում բանակցությունների մանրամասները: