Հայաստանը միայնակ չի թողելու Արցախին՝ խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահը, բայց շեշտեց՝ փորձում են մեխանիզմ գտնել, քայլ առաջ անել՝ Արցախին բանակցային սեղան վերադարձնելու համար: Սիմոնյանն այս փուլում իրատեսական է համարում, որ հակամարտության խնդրի շուրջ ուղիղ երկխոսություն սկսվի Ստեփանակերտի և Բաքվի միջև: Իր այդ դիրքորոշումը հիմնավորում է վերջին զարգացումներով:
Ալեն Սիմոնյան (ՀՀ ԱԺ նախագահ) - Այո՛, իրատեսական եմ համարում, քանի որ մենք տեսնում ենք, որ երկուստեք՝ նույնիսկ Ադրբեջանի կողմից արդեն հայտարարություններ են հնչում լավատեսության մասին, հիմա եկեք շատ երկար չխոսենք, թե որտեղից է այդ լավատեսությունը գալիս, ես ձեզ արդեն ասացի՝ Արցախին մենակ չենք թողնելու, խոսքը ոչ միայն հումանիտարի մասին է, նաև քաղաքական, աշխարհաքաղաքական և այլն, բոլոր առումներով:
Սիմոնյանը, սակայն, դեռ չմանրամասնեց, թե ինչ ձևաչափով, ում միջնորդությամբ կարող են նույն սեղանի շուրջ նստել Արցախն ու Ադրբեջանը: Հարցին՝ իսկ արդյոք նման հնարավորությունը կապված է Արցախի կարգավիճակի հարցում հնարավոր զիջումների գնալու հե՞տ, օրենսդրի ղեկավարն արձագանքեց.
Ալեն Սիմոնյան - Արցախի կարգավիճակից հետ կանգնելու խնդիր չի եղել ու չի խոսվել, խոսքը եղել է մշտապես, երեսուն տարվա ընթացքում իրավունքների մասին, իսկ իրավունքները շատ-շատ տարբեր են, և մենք մշտապես ամբողջ ինֆորմացիան տվել ենք Արցախի կողմին, և որոշումներ կայացնելիս Արցախի կարծիքը եղել է որոշիչ:
ԱԺ խոսնակն անդրադարձավ նաև Արցախի տարբեր պաշտոնյաների վերջին հայտարարություններին, ասաց՝ նրանք տեղյակ են եղել, նաև համաձայնել են, որ Արցախի հարցն անջատ լինի հայ-ադբեջանական խաղաղության բանակցությունից:
Ալեն Սիմոնյան - Տեղեկացվել ու համաձայնել են, քանի որ այլ տարբերակ իրականության մեջ չկա ու չէր կարող լինել և ասեմ ավելին՝ հաճախ արցախի մեր գործընկներն են մեզ զգուշացրել, որ մտավախություն ունեն նաև Հայաստանի անվտանգության վերաբերյալ, զգուշացրել են, որ իրենք ինֆորմացիա ունեն, դրանով փոխանակվել ենք, ուստի մեկընդմիշտ ֆիքսենք՝ որևիցե քայլ չի արվելու առանց Արցախի որոշման:
ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀՀ-Ի ՀԱՄԱՐ ԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԳԾԵՐ. ԱԺ ՆԱԽԱԳԱՀ
Խորհրդարանի նախագահը նորից պնդեց՝ խաղաղության պայմանագրի բանակցություններում Հայաստանի համար կան կարմիր գծեր: Այդ գործընթացում զիջումների գնալու մասին խոսակցություններն անհիմն որակեց:
Ալեն Սիմոնյան - Տարբեր փաստաթղթեր ու սկզբունքներ են վկայակոչվում: Իշխանության բարձրագույն ներկայացուցիչներն ասում են, որ ՀՀ-ի 29 800 քառակուսի կիլոմետրը և ինքնիշխանությունն անքննելի են: Դա նշանակում է, որ դա մեզ համար կարմիր գիծ է:
Խաղաղության պայմանագրի կնքմանը, ըստ Սիմոնյանի, պետք է նախորդի Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերումն ու բոլոր ռազմագերիների վերադարձը: Ասաց՝ սպասելիքներ ունեն նաև Պրահայում սպասվող Փաշինյան-Ալիև-Մակրոն-Միշել քառակողմ նոր ձևաչափից: Հիշեցրեց՝ ԱՄՆ միջնորդությամբ էլ օրերս հայրենիք վերադարձավ սեպտեմբերի 13-ին գերեվարված 17 զինծառայող:
Ալեն Սիմոնյան - Եթե մենք խոսում ենք Մինսկի խմբի համանախագահների ու գործունեության մասին, էսօր ես կարող եմ արձանագրել, որ մենք ունենք ավելի բարձր ֆորմատի վիճակ: Եթե էն վախտ համանախագահների մակարդակով էին, էսօր Ռուսաստանը նախագահի մակարդակով ներգրավված է էս պրոցեսի մեջ, էսօր Ֆրանսիան նախագահի մակարդակով ներառված է, և ԱՄՆ-ը պետքարտուղարի մակարդակով է ներառված:
ԱԺ նախագահը նորից նշեց՝ պետք է ստիպեն, որ ՀԱՊԿ-ը աշխատի, քանի որ քաղաքական գնահատականը բավարար չէ, իսկ սպասելու ժամանակ այլևս չկա: