Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության հարցն է: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այս պաշտոնում առաջադրել է ընդամենը մեկ օր առաջ Արդարադատության նախարարի պաշտոնից հեռացած Կարեն Անդրեասյանի և նրա տեղակալ Երանուհի Թումանյանցի թեկնածությունները: Առաջինը ամբիոնին մոտենում է Անդրեասյանը, նշում՝ լավ դատական համակարգ ունենալուն փորձել է նպաստել որպես դասախոս, փաստաբան, Մարդու իրավունքների պաշտպան և նախարար, արձանագրում է՝ մասնակի հաջողություններ է գրանցել:
ԵՍ ԳՆՈՒՄ ԵՄ ԴԱՌՆԱԼՈՒ ԲԴԽ ԱՐԴԱՐ ՁԱՅՆԵՐԻՑ ՄԵԿԸ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Կարեն Անդրեասյան (ՀՀ բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու) - Եթե լինի վստահության քվե, ես կլինեմ ԲԴԽ այն անդամներից մեկը, որ կգործեմ արդար, իսկ դա արդեն բավարար է ավելի շատ բան անելու դատական համակարգի համար, քան այն բոլոր թվարկածս պաշտոններում ու հանգամանքներում, որ ինձ շանս է տրվել ունենալ:
Արդարադատության նախկին նախարարի կարծիքով սխալ է տպավորությունը, թե Բարձրագույն դատական խորհրդի անդամի լծակները քիչ են, ընդգծում է՝ խորհրդի անդամն ունի արդար քվեարկելու առաքելություն և իր մեկ ձայնով հաճախ կարող է շատ ավելին անել, քան արդարադատության նախարարը մեկ տարում:
Կարեն Անդրեասյան - ԲԴԽ-ում մի քանի շատ արդար մարդիկ սպասում են, որ արդար ձայների քանակն այնտեղ ավելանա, ես գնում եմ դառնալու այդ մեկ ավելի ձայնը այն կշեռքում, որը կշռելու է դեպի արդարություն:
Հարցուպատասխանի ընթացքում «Քաղպայմանագրից» Հասմիկ Հակոբյանը մեջբերեց մամուլի հրապարակումներն այն մասին, որ Կարեն Անդրեասյանը մասնավոր իրավաբանական ընկերություններից մեկի սեփականատեր է: ԲԴԽ անդամի թեկնածուն հերքեց լուրերը, բայց հավելեց՝ իր կինն ունի բաժնեմաս այդ ընկերությունում:
Կարեն Անդրեասյան - Օրենքում չկա որևէ արգելք, որ դու չես կարող լինել այս հարգարժան մարմնի անդամ, եթե քո որևէ ազգական կամ մտերիմ զբաղեցնում է իրավաբանական որևէ ընկերությունում որևէ դերակատարում:
ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԽՈՑԸ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՈՒՇԱՑՈՒՄՆԵՐՆ ԵՆ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Պատասխանելով ուշացած արդարադատության վերաբերյալ պատգամավոր Հայկ Սարգսյանի հարցին, Կարեն Անդրեասյանն ընդգծեց՝ 2013-ին, երբ ինքը Մարդու իրավունքների պաշտպան էր, դատական համակարգի խոցը համատարած կաշառակերությունն էր, հիմա՝ համատարած ուշացումները: Այս հարցում, սակայն, օբյեկտիվ պատճառ էլ կա՝ դատավորների գերծանրաբեռնվածությունը:
Կարեն Անդրեասյան - Լինում են առանձին դեպքեր, երբ դատական համակարգում դեռ կան մարդիկ, որոնք իրենց շահագրգռվածությունից ելնելով կարող են առաջ գցել ինչ-որ մեկի գործը: Կարող են դիտավորյալ էլ ձգձգել այն, ինչը որ կարող էին չձգձգել: Այս տեսակի դեպքերում ԲԴԽ խնդիրն է լինելու բացահայտել և պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր չարամիտ են և չարագործ են, և օգնել նրանց, ովքեր իրենք են զոհը այս բոլոր ձգձգումների:
ԹՈՒՄԱՆՅԱՆՑԸ ՆՇԵՑ, ՈՐ ԱՆՁԱՄԲ Է ԱՌՆՉՎԵԼ ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅԱՆԸ
Կարեն Անդրեասյանից հետո ամբիոնին մոտեցավ Երանուհի Թումանյանցը, շեշտեց արդարության ձգտման անհրաժեշտությունն ու կարևորությունը: Թեկնածուն հայտնեց՝ աշխատանքային և մասնագիտական գործունեության ընթացքում անձամբ է առնչվել անարդարությանը:
Երանուհի Թումանյանց (ՀՀ բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու) - Դա եղել են դեռևս Հյուսիսային պողոտայում առկա դեպքերը, և դրա արդյունքում, իսկապես, դատական իշխանության կողմից խայտառակ իրավիճակները, որոնք ունեինք, և ՄԻԵԴ-ը հետագայում դրանք արձանագրեց, ֆիքսեց, և մինչև այսօր մենք ունենք 6-րդ հոդվածի խախտումներով ստացվող դատական որոշումներ Եվրոպական դատարանի կողմից և հարկատուների շնորհիվ վճարում ենք այդ գումարները:
ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ ԵՎ ԹՈՒՄԱՆՅԱՆՑԸ՝ ԲԴԽ ՆՈՐԸՆՏԻՐ ԱՆԴԱՄՆԵՐ
Թեկնածուների ելույթներից հետո խորհրդարանն անցավ փակ և գաղտնի քվեարկությանը: Լրագրողներն էլ Կարեն Անդրեասյանից հետաքրքրվեցին՝ արդյոք ԲԴԽ անդամների կամ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնում իր ընտրության հարցը: Անդրեասյանը նշեց՝ նման քննարկում չի եղել:
Կարեն Անդրեասյան - Քանի որ դեռ թափուր է ԲԴԽ նախագահի պաշտոնը, եթե ես ընտրվեմ, ենթադրում եմ՝ լինելու է քննարկում, քվեարկություն, և, այո, ես էլ եմ հավակնում մյուս 5 գիտնական անդամների հետ լինել այդ պաշտոնում:
Ազգային ժողովի փակ և գաղտնի քվեարկության արդյունքում Կարեն Անդրեասյանն ու Երանուհի Թումանյանցը ԲԴԽ անդամի պաշտոնում ընտրվեցին 67 «կողմ» ձայնով: Նորընտիր անդամները պաշտոնը ստանձնեցին հանդիսավոր երդմամբ:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան